Lragir.am-ը գրում է․
«Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվի գործունեությունից տուժած բնակիչները նախագահական նստավայրից ստացել են սեպտեմբերի 15-ին Սերժ Սարգսյանին հասցեագրած նամակի պատասխանը: Իրենց բնակարանները կորցրած անձինք այս նամակաով Սերժ Սարգսյանից խնդրում ու պահանջում էին արդար դատավարություն: Տուժած բնակիչները դժգոհ են Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ բոլորովին վերջերս կայացրած վճռից, որով այլևս հույս չի մնում, թե կվերադարձնեն իրենց բակարանները:

«Մենք նախագահականից ստացանք պատասխան, որ իրենց իրավասության տակ չէ գործը, իրենք ոչինչ չեն կարող անել: Մենք բազմիցս դիմել ենք նախագահական, որ ինչ-որ ձևով մեզ օգնեն, միջամտեն այս անօրինականությանը, բայց մենք նույն պատասխանը ստացանք, որ իրենց իրավասության տակ չէ գործը: Ստացվում է, որ մենք մեր գլխի ճարը պիտի տեսնենք»,- Lragir.am-ի հետ զրույցում ասաց տուժած բնակիչներից Արուսյակ Վանյանը:

Հիշեցնենք, որ Երևանի Գևորգ Չաուշի 14/3 հասցեում բազմաբնակարան շենք կառուցելու նպատակով «Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվի ղեկավարությունը դեռևս 2007 թվականին գումարներ էր հավաքել շենքում բնակարան գնելու ցանկություն ունեցող անձանցից: Շատերն անգամ վճարել են բնակարանի ամբողջ գումարը:

Կանգնելով ֆինանսական խնդիրների առաջ՝ կառուցապատող ընկերության ղեկավարներ Լուսաբեկ Սամվելյանն ու Արմեն Թադևոսյանը սկսել էին կիսակառույց բնակարանները գրավ դնելով՝ տոկոսով գումարներ վերցնել տարբեր անձանցից` շենքի շինաշխատանքներն ավարտին հասցնելու համար:

Բնակարաններից 24-ը գրավ էր դրվել «Էսկո Կոնցեռնիե նախագահ Սարգիս Աղաբեկյանի մոտ, ով ժամանակին ձերբակալվել էր վաշխառության մեղադրանքով, 14-ը՝ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի ու նրա ամուսնու՝ ներկայում կառավարության գործերի կառավարիչ Դավիթ Բեգլարյանի, իսկ մնացածը՝ տարբեր անձանց մոտ:

Բնակիչների բարձրացրած աղմուկի արդյունքում Նաղդալյանն ու ամուսինը բնակարաններից 8-ը վերադարձրել են իրական տերերին, սակայն, ինչպես բնակիչներն են պնդում, որոշ գումարի դիմաց են վերադարձրել: Մնացած բնակարանները շարունակում են մնալ նրանց մոտ:

Տոկոսով գումարներ տվածները պնդում են, թե այդ բնակարանները գնել են: Օրինակ՝ «Նորաշեն-2007» ՍԿ ղեկավարներ Լուսաբեկ Սամվելյանն ու Արմեն Թադևոսյանն ասել էին, որ Դավիթ Բեգլարյանն ու Հերմինե Նաղդալյանը գրավադրված 14 տների դիմաց իրենց տոկոսով 300 հազար դոլար գումար են տվել: Սակայն ամուսինները պնդում են, թե այդ բնակարանները գնել են՝ մեկ քմ-ի դիմաց վճարելով 260 դոլար:

Բնակիչների խոսքով՝ այս գործով շուրջ 5 տարի տևած դատավարության արդյունքում դատարանը վերջերս վճիռ է կայացրել հօգուտ այն անձանց, ովքեր պետք է վաշխառության հոդվածով դատապարտվեին: Այսինքն՝ այս վճռով շենքի կառուցման համար գումարներ տված քաղաքացիները զրկվում են իրենց բնակարանները ստանալու հույսից:

Բնակիչներն ասում են, որ հասկանում են՝ այս հարցը պետք է լուծվի դատական եղանակով, բայց եթե դատական ատյաններում օրենք չի գործում, ծածկադմփոց է արվում գործը, ո՞վ պետք է լուծի իրենց տան խնդիրը: “Մենք լսել էինք, որ ցուցմունքներ կան տոկոսով փող տված մարդկանց դեմ, բոլոր փաստերն իրենց դեմ են, բայց իրենց այդ մարդկանց  դատական ատյանների միջոցով մաքրում են: Թե ով պետք է այդ հարցը լուծի, չգիտենք: Եթե դատարանն արդար չէ, ի՞նչ անենք մենք»,- հարցադրում են անում բնակիչները:

Նրանք այս վճիռը բողոքարկել են Վերաքննիչ դատարան, դատական բոլոր ատյանները սպառելուց հետո կորոշեն իրենց անելիքը: Իսկ մինչ այդ, բնակիչների խոսքով, իրենք մնացել են փողոցում ու չգիտեն ումից պահանջեն այն միլիոնները, որոնք վճարել էին բնակարան ունենալու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել