Աշխարհի ամենահայտնի հայի, երևի՝ ամենահայի երևանյան համերգի տպավորությունների տակ երեկ Արմենիա հեռուստատեսությամբ վայելեցի <Ի՞նչ>, <Որտե՞ղ>, <Ե՞րբ> հեռուստախաղի հերթական թողարկումը: Խաղում էին իմ ավագ դպրոցական տարիների կատարելատիպերը՝ Գյումրիի <Արամազդ> ինտելեկտուալ ակումբի տղեքը կամ <գելերը>՝ Սուրեն Մանուկյան, Արմեն Մկրտչյան, Խորեն Մամիկոնյան, թիմի ավագ Շանթ Գրիգորյան: Խաղին չէր կարողացել մասնակցել այդ թիմի հավերժական շարժիչը՝ Արա Աղուզումցյանը:

Դահլիճում խաղին հետևում էին այդ թիմի և ընդհանրապես հայաստանյան ինտելեկտուալ շարժման մաշտոցները՝ Աշոտ Գոմցյանը՝ մեր Շեֆը, և Մարկ Գրիգորյանը: Միմյանց կողքին կանգնած էին երկու արժանի ախոյան, երկու հավերժ հակառակորդ՝ Գյումրիի և երևանյան ինտելեկտուալ դպրոցների խորհրդանիշները, որոնց յուրաքանչյուրի դրական խոսքին արժանանալու ու մրցութային հարթակներում ՈՒՍՈՒՑՉԻ ՊԱՏԻՎԸ բարձր պահելու համար նրանց յուրաքանչյուր սան պատրաստ էր ամեն ինչի…

Առանց չափազանցության, երեկ մեկ դահլիճում էին հավաքվել իմ, ու ոչ միայն իմ, ավագ դպրոցական տարիների գրեթե բոլոր կատարելատիպերը: Նրանց բոլորի ներկայությունը ինքնաբերաբար այնտեղ էր տեղափոխել նաև դահլիճից բացակայող Արա Աղուզումցյանին՝ գրքերի մսաղացին: Հենց նրանց նմանվելու ներքին մղումը, ձգտումը, ցանկությունը դարձավ այն կամուրջը, որ ինձ ու մեր թիմի բոլոր տղաներին՝ Վահրամ Տեր-Մաթևոսյանին, Կարեն Հովհաննիսյանին, Արթուր Պապյանին, Արա Մանուկյանին, Արման Սիմոնյանին, մեզանից հետո եկող տղեքին՝ Վիգեն Տոնոյանին, Սերգո Թորոսյանին, Ցոլակ Թոփչյանին ու մյուսներին տվեց կյանքի հաջողության բանալին: Ու ոչ միայն՝ մեզ դարձրեց մտքի ու կյանքի ընկերներ:

Ապրեք տղեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել