Երբ տղաս դեռ մեկ կամ երկու ամսական էր, մանկաբույժի մոտ հերթական այցելության ժամանակ ընդունարանի աշխատակցուհին մեզ հանկարծ հայտնեց, որ մենք խնդիր ունենք բուժ. ապահովագրության հետ կապված, որ, իբր, մեր բժշկի մոտ տեղերն արդեն լրացած են, ու նոր պացիենտ ընդունել չի կարող։ Ոչինչ, որ արդեն մի ամիս է՝ իր պացիենտն ենք։ Մի խոսքով՝ մի ժամ մեր հերթին սպասելուց հետո մեզ բացատրում էր, որ բժիշկը մեզ չի կարող ընդունել։

Մի որոշ ժամանակ ամուսինս աշխատակցուհու հետ պարզաբանում էր էդ հարցը, ու էդ ընթացքում ես ապշել էի էդ կնոջ անբարյացակամությունից։ Նման դեպքերում առնվազն էստեղ աշխատողներն անպայման ափսոսանք են հայտնում, նույնիսկ ներողություն խնդրում նման անհարմար իրավիճակի համար, հատկապես որ տվյալ դեպքում հարցը նորածին երեխային էր վերաբերում, որն էդքան ժամանակ սպասել էր։ Նաև կարող էր ինչ–որ խորհուրդ տալ, թե ինչ անել իրավիճակը շտկելու համար կամ նման մի բան։ Իսկ էդ կնոջ դեմքին ու խոսելաձևում ոչ միայն ափսոսանքի նշույլ չկար, այլև ակնհայտ մուննաթ կար, ինչ–որ անհասկանալի, անբացատրելի, ԱՄՆ–ում երբևէ չտեսնված, չլսված մուննաթ։ Կարծես նույնիսկ շատ էլ գոհ էր, որ էդպես եղավ։ Էնպիսի հայացքով էր մեզ նայում, կարծես դեռ մի բան էլ մենք էինք մեղավոր, որ էդ բժշկի մոտ գրանցվելիս մեզ ոչ ոք չէր տեղեկացրել, որ նման խնդիր կա։ Լրիվ ոնց որ էն «Սովետի սդաչի» տեսակի ծառայողական աշխատողուհիներից լիներ, որոնցից, ցավոք, հիմա էլ քիչ չեն մեր երկրի համապատասխան հիմնարկներում։

Բնականաբար, շատ նյարդային վիճակում էինք, հատկապես ես։ Ամուսինս զանգեց ապահովագրական ընկերություն՝ մի անգամ էլ պարզելու, թե ինչն ինչոց է։

Էնտեղից էլ ասացին, որ մեր բժշկի մոտ տեղերը լրացել են, սակայն բժիշկն իրավունք ունի իր հայեցողությամբ լրացուցիչ պացիենտ ընդունելու, եթե դեմ չլինի։ Հետո հեռախոսը փոխանցեցինք աշխատակցուհուն, ու լսեցինք, թե ընթացքում ոնց էր հանգիստ ու թեթևացած պատասխանում, որ հա, եթե լրացած է՝ լրացած է, ի՞նչ կարող ենք անել, ու հարցը փակվեց։ Այսինքն՝ էն, որ բժիշկն իր հայեցողությամբ կարող է մեզ ընդունել, լրիվ հեչ, էլի, դրա մասին ոչ մի խոսք։ Ու խոսակցությունից հետո մի տեսակ գոհունակ տոնով մեզ հայտնեց, որ , դե, ի՞նչ կարող ենք անել, որ լրացել է՝ լրացել է։ Ես արդեն ներվայնությունից չգիտեի ինչ անել։ Ու ամուսնուս հետ բարձր–բարձր սկսեցի ամբողջ ջղայնությունս դուրս թափել. թե էս ինչ կռիս տիպ ա սա, ո՞վ էր սենց բան տեսել։ Մի խոսքով՝ օգտվելով առիթից, որ մենք ԱՄՆ–ում ենք, ու մեզ ոչ ոք չի հասկանում, լրիվ ազատություն տվեցի լեզվիս՝ էդ կնոջ հասցեին ինչ ասես չասելով։ Դրա չուզողական հայացքն ու մուննաթը ոչ մի կերպ չէի կարողանում մարսել։ Ուղեղումս չէր տեղավորվում ուղղակի, թե ոնց կարող է մարդն առանց պատճառի էդ աստիճանի չուզողականությամբ լցված լինել մարդկանց նկատմամբ, հատկապես իմանալով, թե էդ տարիքում ամեն մի ստուգումն ինչ նշանակություն ունի առնվազն ծնողների համար։ 

Արդեն չեմ հիշում, թե ոնց հասանք էն բանին, որ բժիշկն իմացավ ու դեմ չեղավ, որ տղաս իր լրացուցիչ պացիենտը լինի, չնայած նրան, որ էդ մուննաթավորն իրենից կախված ամեն ինչ անում էր, որ խոսակցությունը բժշկին չհասնի, մենք էլ էդպես փորուփոշման թողնենք–գնանք։ 

Էս ամառ էլ, երբ Հայաստան գալուց առաջ գնացել էինք հերթական ստուգման, նստած սպասում ենք մեր հերթին, մեկ էլ էս մեր մուննաթավորը հայտնվեց.
– Ձեր բժիշկը զբաղված է, գուզե՞ք մյուս բժիշկը նայե, որ չը սպասեք։

Մի քանի վայրկյան պետք եղավ, որ ես ու ամուսինս ուշքի գայինք էս կնոջ հայ լինելու գույժից։

Ինքը, փաստորեն, տղայիս անուն–ազգանունից հենց սկզբից էլ իմացել էր, որ մենք հայ ենք, ու դրանով հանդերձ կամ գուցե դրա պատճառով (մարդ չգիտի էլ՝ ինչ մտածի էս դեպքում) մեզ էդ ձևով էր վերաբերվել։ Ու էդ ամբողջ ընթացքում հետներս միշտ անգլերեն էր խոսել։

Ախր ես հենց սկզբից էլ չէի պատկերացնում, որ ուրիշ որևէ ազգի մեջ կարող է էդքան մուննաթ լինել։ Ի դեպ, ամուսնուս հետ արտաքինն էլ էինք քննարկել, այսինքն՝ որ էնպիսի արտաքին ունի, որ կարող է և հայ լինել, թեև կարող էր և չլինել։ Բայց էդ մուննաթն էլ հո մաքուր–զուլալ հայկական էր, ախր ո՞նց չէինք հասկացել։ Ու ես փորձում էի հնարավորինս մանրամասն հիշել, թե ինչ սարսափելի բառեր եմ ասել նրա հասցեին։ Բայց կոնկրետ բառերից միայն «կռիսն» եմ մտաբերում ու ինձ հույս տալիս, որ սփյուռքահայն էդ բառը դժվար թե հասկանար։ :))) Ամեն դեպքում հաստատ հասկացած կլիներ, որ իր մասին վատ–վատ բաներ էինք ասում։ Ամեն դեպքում սա էն հազվագյուտ դեպքերից է, որ հեչ էլ ինձ վատ չեմ զգում, որ կարող է հասկացած լինի։  

Երեկ էլ հենց ներս մտանք, էնպիսի պլշած թունոտ հայացք գցեց վրաներս, որ սկզբում ուրիշ բան չգտա մտածելու, քան որ ուղղակի էդ պահին հայացքը սառել էր։ Բայց երբ հետո էլ տարբեր պահերի նույն թունոտ պլշվածքին դեմ առա, արդեն պարզ էր, որ պատահականություն չի, ուղղակի որոշեցի խուսափել դրա սֆաթից։ 

Ու մինչև հիմա էլ ուղեղումս չի տեղավորվում էդ մուննաթը, էդ չուզողականությունը։ Բայց ախր ինչի՞։ Էն էլ անծանոթ հայրենակցի նկատմամբ։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել