Հայկական սահմանի հատում` թուրքական ուղղաթիռների կողմից... Մամուլում տեղեկություններ են հրապարակվել, ըստ որի` թուրքական ռազմական ուղևորատար ուղղաթիռները հոկտեմբերի 6-ին և 7-ին, 2-4 րոպե տևողությամբ հայ-թուրքական սահմանի հատում են իրականացրել: Ըստ «Հրապարակ» օրաթերթի, այս միջադեպի մասին լուրը հաստատել են նաև ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչությունում: Նշվում է, որ ուղղաթիռները շատ չեն խորացել մեր տարածքում և արագ հեռացել են: Դեպքը տեղի է ունեցել Արմավիրի մարզի հատվածում, Բաղրամյանի մոտ, թռիչքներն էլ Իգդիր-Ղարս ուղղությունների վրա են եղել: Թուրքական կողմը բացատրել է, որ դա տեղի է ունեցել եղանակային անբարենպաստ պայմանների հետ կապված, բայց ի վերջո ուղղաթիռները Հայաստանի սահմանը հատելու թույլտվություն չեն ունեցել: 
Հարց է առաջանում, իսկ ինչո՞ւ այդ դեպքի առնչությամբ հայկական կողմը պաշտոնապես չի հղել համապատասխան բողոքի նոտա թուրքական կողմին: Հիշենք, երբ ամիսներ առաջ մեր ուղղաթիռը դավադրաբար խփվեց Արցախում` հակառակորդի «պատճառաբանությունը» ընդամենը նա էր, որ իբր մեր ուղղաթիռները սահմանային գծին «շատ էին մոտեցել»: Կամ նայենք, թե օրեր առաջ ինչ մեծ աղմուկ-աղաղակ էին բարձրացրել թուրքերը` ռուսների կողմից իրենց հարավային օդային սահմանի խախտումից հետո` մինչև իսկ բացատրությունների համար երկու անգամ իրենց մոտ կանչելով ռուս դեսպանին:
Ակնհայտ է, որ Թուրքիան ներկայումս գտնվում է օր-օրի խորացող դիվանագիտական ծուղակի մեջ` մի կողմից` ռուսներն ու ամերիկացիները, մյուս կողմից էլ` քրդերն ու իսլամիստները: Կարծում եմ, շատ տեղին կլիներ մի դիվանագիտական «ճակատ» էլ մեր կողմից «նվիրաբերվեր» թուրքերին` վերոնշված դեպքի առնչությամբ հղելով միջազգայնորեն ընդունված համապատասխան բողոքի նոտա: Թե չէ կարող է ստացվել ֆուտբոլային այն հայտնի սկզբունքի համաձայն. եթե չես կարողանում գոլ խփել` ուրեմն գոլ կստանաս քո դարպասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել