© Fahad Shadeed

Սաուդցի ղեկավարը կտրել է աշխատակցուհու ձեռքն այն բանից հետո, երբ նա իրավապահներին հայտնել է ֆիզիկական ու հոգեբանական ոտնձգությունների ու չարչարանքների մասին, որոնց ենթարկվել է նրանց տանը որպես սպասուհի աշխատելիս։

Կասթուրի Մունիրաթեմ անունով 50-58 տարեկան հնդկուհին սպասուհի աշխատելու նպատակով Սաուդյան Արաբիա է մեկնել այս տարվա հուլիսին։ Կնոջ հարազատները պատմել են, որ նա ստիպված էր մեկնել արտագնա աշխատանքի, քանի որ ընտանիքը լուրջ ֆինանսական խնդիրներ ուներ։

Ինչևէ, աշխատանքի ընթացքում նա հոգաբանական ու ֆիզիկական բռնության է ենթարկվել։ Նրա աշխատատուները նույնիսկ նրան սնունդ չեն տվել ու չեն վճարել նրան աշխատանքի դիմաց. այս մասին լրատվամիջոցներին պատմել են նրա հարազատները։

Կասթուրին որոշել էր պատմել տեղի իրավապահ մարմիններին այն մասին, որ նա բռնության է ենթարկվում աշխատատուի կողմից, ինչը նրա ղեկավարին ամենևին դուր չի եկել։

Երբ նա փորձել է փախչել բռնությունից ու չարչարանքներից ու փորձել պահանջել իր աշխատավարձը նրա աշխատատուն կտրել է կնոջ աջ ձեռքը։

Այժմ Կասթուրին Ռիադի հիվանդանոցում է, սակայն խնդրանք է ներկայացրել՝ իրեն հետ՝ Հնդկաստան ուղարկելու համար։

Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուշմա Սուարաջը թվիթերի իր էջում անդրադարձել է այս դեպքին գրելով.

Հնդիկ կնոջ ձեռքը կտրել. մենք շատ անհանգստացած ենք այս դաժան վերաբերմունքից, որին արժանացել  է հնդիկ կինը Սաուդյան Արաբիայում։

Ռիադում մեր դեսպանատունը քննարկել է այս հարցը Սաուդյան Արաբիայի  արտաքին գործերի նախարարության հետ և խիստ պատիժ պահանջել հանցագործի համար։

Ավելի ուշ հնդկական լրատվամիջոցների հաղորդմամբ, սաուդյան ոստիկանությունը ձերբակալել է հանցագործին։ Ինչևէ, թե՛ Հնդկաստանի, թե՛ Սաուդյան Արաբիայի պաշտոնյաները նրա ինքնության մասին որևէ մանրամասներ չեն հաղորդում։

Սա մարդու իրավունքների խախտման առաջին դեպքը չէ Սաուդյան Արաբիայում. այս տարվա սեպտեմբերին Նյու Դելիում Սաուդյան Արաբիայի դիվանագետներից մեկը մեղադրվեց երկու նեպալցի կանանց որպես սեռական ստրուկներ պահելու մեջ։ Վերջինս,  իր դիվանագիտական անձեռնմխելիությունն առաջ քաշելով, տեղի ոստիկանության դեմ մեղադրական զեկույց է ներկայացրել՝ իր անձնական սեփականություն ներխուժելու համար։

Մեկ այլ սկանդալային դեպք տեղի ունեցավ հոկտեմբերին, երբ սաուդցի մի կին, ով համացանցում հրապարակել էր իր ամուսնու կողմից սպասուհու հանդեպ սեռական ոտնձգությունների տեսանյութը ազատազրկվեց՝ անձնական գաղտնիության օրենքները խախտելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել