Արամ Աշոտի ՍարգսյանՀարցին պատասխանում է Գրիգոր Նարեկացի բժշկական կենտրոնի գինեկոլոգիական բաժանմունքի մանկաբարձ-գինեկոլոգ Արամ Սարգսյանը։

Արգանդի պարանոցի էրոզիան կանացի հիվանդություններից ամենահաճախ հանդիպող տեսակներից է: Առաջացման պատճառներից առաջնահերթ կարող եմ նշել   սեռական ճանապարով փոխանցվող ինֆեկցիաները` խլամիդիոզ, միկո և ուրեոպալզմոզ, վիրուսները` պապիլովիրուս, հերպես, ոչ սպեցիֆիկ վագինիտները, ինչպես նաև տրիխեմենիազը և այլ  բակտերիաներ:

Տարբերում են արգանդի վզիկի էրոզիայի 3 տարբերակ.

ա) բնածին,

բ) իսկական,

գ) կեղծ էրոզիա

Բնածին էրոզիա. Արգանդի բնածին էրոզիան իրենից ներկայացնում է վզիկային խողովակի գլանաձև էպիթելի էկտոպիա։Ներարգանդային և հետծննդյան կյանքի վաղ շրջանում արտաքին օղի շրջանում տեղի է ունենում էնդոցերվիքսի բազմաշերտ տափակ էպիթելի և գլանաձև էպիթելի խիստ սահմանազատում։ Բնածին էրոզիայի ժամանակ տեղի է ունենում 2 տիպի էպիթելների սահմանի ախտաբանական տեղաշարժում վզիկի խողովակի արտաքին օղից վեր։ Այդ ժամանակ գլանաձև էպիթելը ծածկում է արտաքին օղի շրջակա մակերեսը։ Բնածին էրոզիան կլինիկորեն դրսևորվում է վառ կարմիր գույնով, հարթ մակերեսով, ախտաբանական արտադրությամբ, բորբոքային ռեակցիայի բացակայությամբ։ Հայտնաբերվում են մանկական և պատանեկան շրջանում և առանց բուժման ենթարկվում հետզարգացման։ Հազվադեպ դրանք նկատվում են սեռահասուն տարիքում, որոնց ֆոնի վրա կարող է զարգանալ տափակ կոնդիլոմա։ Չարորակացման չի ենթարկվում։

Արգանդի վզիկի իսկական էրոզիա. Ձեռքբերովի ախտաբանական պրոցես է, բնութագրվում է բազմաշերտ տափակ էպիթելի դեսկվամացիայով (դեֆեկտով) և ուղեկցվում է բորբոքային ռեակցիայով։ Իսկական էրոզիան սովորաբար տեղակայվում է արտաքին օղի կամ վզիկի հետին և առաջային շուրթի վրա։ Էրոզիան ունի վառ կարմիր գույն, անկանոն, ձվաձև տեսք, հպվելիս հաճախ արյունահոսում է։ Հաճախ իսկական էրոզիան ուղեկցվում է բորբոքային ռեակցիայով, թարախային արտադրությամբ։ Իսկական էրոզիան կարճ ժամանակից հետո (2-3 շաբաթ) անցնում է հիվանդության հետագա՝ պսևդոէրոզիայի փուլին։ Կեղծ էրոզիա. Առաջանում է իսկական էրոզիայի հիմքի վրա։ Բազմաշերտ տափակ էպիթելի դեֆեկտը վերականգնվում է վզիկային խողովակի այսպես կոչված պահեստային գլանաձև էպիթելի հաշվին։ Պահեստային գլանաձև բջիջները չտարբերակված, երկպոտենտ բջիջներ են և գտնվում են վզիկային խողովակի, ինչպես նաև բազմաշերտ տափակ էպիթելի տակ։ Պսևդոէրոզիայի գլանաձև էպիթելը թափանցում է շատ խոր՝ կազմելով ճյուղավորված գեղձային անցուղիներ։ Էրոզիայի ենթարկված գեղձերը արտազատում են արտադրուկ, որը կուտակվում է գեղձերի մեջ և գոյացնում փոքրիկ կիստաներ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել