ԱՄՆ-ի և նրա դաշնակից պետությունների, այդ թվում Թուրքիայի քաղաքականությունը պարզապես «շակալային» է: Համաշխարհային հանրությունն ու հատկապես ԱՄՆ-ի հարկատուները պետք է գիտակցեն, թե իրենց հարկերի հաշվին ինչ մեծ ու միաժամանակ կեղտոտ քաղաքականություն է վարում ԱՄՆ-ն: Մի քանի տարի շարունակվող քաղաքացիական պատերազմը Սիրիայում թույլ տվեց տարածաշրջանում թերևս ամենամեծ ահաբեկչական խմբավորման առաջացմանը: Կարծում եմ գիտակից մարդիկ հասկանում են, թե ինչ է անում ԱՄՆ-ն իր դաշնակից երկրների հետ միասին ու իր այդ քաղաքականությունն իրականացնում է բացահայտ ցինիզմի ու այլ պետությունների շահերի վրա թքած ունենալով: ԱՄՆ-ն բացեիբաց արդեն միլիոնավոր դոլարների աջակցություն է ցույց տալիս մեկ այլ պետության մեջ գտնվող ընդդիմությանը, որպեսզի այդ նույն ընդդիմությունը պայքարի իշխանության դեմ՝ թքած ունենալով բոլոր բարոյական ու իրավական նորմերի վրա, միջամտելով մեկ այլ ինքնիշխան պետության ներքին գործերին: Բայց այս ամենը այլ հեռահար նպատակ էր հետապնդում: Այդ ֆինասավորումն ու ռազմական օգնությունը հետագայում պետք է անցներ իսլամական պետության գրոհայիններին, որոնց նույն ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները ահաբեկիչ են անվանում: Ստացվում է, որ ԱՄՆ-ն համայն մարդկության թշնամի էր բուծում իր իսկ շահերն առաջ տանելու համար: Թողնելով քաղաքական բոլոր այլ շահերը ու միայն տնտեսականին անդրադառնալով՝ պետք է հավալել, որ սա նպատակադրված քայլ էր Ռուսաստանի դեմ, քայքայելու ռուսական տնտեսությունը: Գրոհայինների ձեռքի տակ շուտով հայտնվեցին խոշոր նավթահորեր, նավթը էժան գնով մտավ սև շուկա, արդյունքում նավթի համաշխարհային գինը եռակի իջավ, ինչը հսկայական հարված էր Ռուսաստանի չդիվերսիֆիկացված տնտեսության ու պետբյուջեի համար: Մյուս կողմից ուկրաինական ճգնաժամը հենց Ռուսաստանի հարևանությամբ այլ պատճառ էր Ռուսաստանին հնարավորինս հեռու պահելու համար սիրիական ճգնաժամից, որից ԱՄՆ-ն ու նրա դաշնակից Թուրքիան հսկայական օգուտ էին ստանում՝ էժան նավթ երկիր ներմուծելով և այդ կերպ համալրելով սեփական պաշարները: Ու թքած թե եվրոպական երկրները լուրջ խնդրի առաջ չեն կանգնի փախստականների պատճառով, թքած թե ահաբեկիչները փախստականի կարգավիճակով չեն հայտնվի եվրոպական երկրներում ու Եվրոպան չի դառնա ահաբեկչությունների թիրախ, ԱՄՆ-ն ամեն դեպքում օվկիանոսից այն կողմ է: Եվ հիմա, երբ Ռուսաստանը կարծես վերջնականապես հասկացավ, թե ինչ նշանակություն ունի սիրիական ճգնաժամը նախևառաջ իր ու հետո ողջ տարածաշրջանի համար, ներքաշվեց այդ պատերազմում, ԱՄՆ-ն ու հատկապես Թուրքիան իրենց «շակալային» վայնասունը բարձրացրին: Իբրև թե ռուսական օդուժը նաև քաղաքացիական օբյեկտներ է ռմբակոծում, իբրև թե հատում է Թուրքիայի օդային տարածքը, ամենաաբսուրդն ինձ համար, իբրև թե հարվածում է նաև այսպես կոչված սիրիական «չափավոր ընդդիմությանը»: Նախ ինչ ընդդիմության մասին կարելի է խոսել մի երկրում, որտեղ ահաբեկչական կազմակերպությունը ոչնչացնում է երկրի քաղաքացիներին, ավերում բնակավայրեր: Նման դեպքում չի կարող ընդդիմություն գործել երկրում: Սա հորինված փուչիկ էր գրոհայիններին տրված օգնությունը համաշխարհային հանրության աչքում լեգալիզացնելու համար: ԱՄՆ-ն կարծես մոռացավ, թե սխալմամբ քանի քաղաքացիական օբյեկտ ու հազարավոր քաղաքացիների է ոչնչացրել Իրաքում, Աֆղանստանում և այլուր: Ու հիմա, երբ Ռուսաստանն արդեն իսկ խարխլեց այդ ահաբեկչական խբավորման հիմքերը, ԱՄՆ-ն դրաձավ միակ խոչընդոտողն այս գործում և հենց սա էլ վերջնականապես ցույց է տալիս նրա՝ ժպիտի դիմակով թաքնված, բայց իրականում հրեշավոր դեմքը: Աւյնուամենայնիվ, պետք է փաստել, որ այս պետությունն իր շահերն է հետապնդում և կանգ չի առնի իր շահերից բխող քաղաքանության իրագործման համար, որքան էլ այն լինի ստոր ու արժենա միլիոնավոր մարդկանց կյանք... Այսքանից հետո պետք է մտածել, թե ի՞նչ է միջազգային ահաբեկչությունը և ում կողմից է այն ղեկավարվում իրականում, որի դեմ պայքարը սկսվեց դեռևս 2001 թվականի սեպտեմբերի 11-ից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել