Տասնամյակների անդուլ ու բազմապրպտուն աշխատանքով միայնակ պայքարելով Ադրբեջանի եւ Նախիջեւանի իշխանությունների բազմաբնույթ արհեստական խոչընդոտների ու արգելքների, Խորհրդային Հայաստանում նախիջեւանյան խնդրի արծարծման փակ դաշտի դեմ՝ բազմաթիվ ու բազմաբովանդակ աշխատություններով առաջին անգամ՝ 80-90%-ով հայագիտությանն եմ ներկայացրել հայ ժողովրդի նախիջեւանյան նյութական մշակույթի գրեթե հայագիտական ողջ ժառանգությունը:
Այժմ էլ արմանք-զարմանքով պիտի ջանամ նախիջեւանյան կործանված հուշարձանների վերաբերյալ միակ փաստավավերագրական արխիվային նյութերն անկախ Հայաստանի պատկան մարմինների անմիտ ու անփույթ վերաբերմունքներից, ակնհայտ եւ միտումնավոր, կանխամտածված դիրքորոշումներից պաշտպանել: Իրոք որ շատ զարմանալի է: Այսպիսի վիճակի, թող թույլ տրվի ասելու, որ միայն Հայաստանում կարելի է հանդիպել: Եվ սա այն դեպքում, երբ Ադրբեջանը, պետականորեն կանգ չառնելով որեւէ նյութական միջոցների առաջ, վերջին 10-15 տարիներում ակտիվորեն ձեռնամուխ է եղել նաեւ այլ երկրների՝ մասնավորապես Վաշինգտոնի, Լոնդոնի, Բեռլինի, Անկարայի, Մոսկվայի արխիվային պահոցների Հայաստանին եւ հայությանը վերաբերող նյութերի ոչ միայն անգլերեն (եւ այլ լեզուներով) հրատարակման ու բազմահատորներ կազմող տարողունակ ծրագրի իրականացմանը, այլեւ ամեն հնարավոր միջոցներ ձեռնարկում են դրանք նույնիսկ Ադրբեջան տեղափոխելու համար:

2008թ. ապրիլին ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանին իմ հղած դիմումի հիմքով ՀՀ կառավարության 2008թ. հուլիսի 17-ի թիվ 28068 հանձնարարականով, ՀՀ մշակույթի նախարարի 2008թ. օգոստոսի 8-ի թիվ 507 Ա հրամանով սկսվել է «Նախիջեւանի պատմամշակութային հուշարձանների արխիվի գնման-գնահատման գործընթացը»: Հրամանով ստեղծված միջգերատեսչական մասնագիտական հանձնաժողովի նիստերի ընդունած սկզբունքների ու որոշումների հիման վրա կազմվել է արխիվի գնման նախահաշիվ եւ համապատասխան հիմնավորումներով ՀՀ մշակույթի նախարարի ստորագրությամբ որոշման նախագիծ է ներկայացվել ՀՀ կառավարություն: Սակայն 2008թ.-ից այն զանազան պատճառաբանություններով ձգձգվում է: Ավելին՝ հիմա էլ որոշ պատկան կազմակերպություններ էլ զանազան փաստաթղթեր ստեղծելով ջանում են արժեզրկել եւ խոչընդոտել արխիվային նյութերի պետականացման գործընթացին (առաջիկայում մամուլում կհրապարակեմ այդ փաստաթղթերի մի մասը, այդ խնդրով ՀՀ առաջին դեմքերին ս/թ. հոկտեմբերի 10-ին ուղղված իմ վերջին նամակը): Մի բան, որը գրեթե չի տարբերվում նախիջեւանյան հուշարձանների եղեռնագործության ադրբեջանական վանդալիզմից: Չի տարբերվում, քանզի երբ 1998-2006 թթ. Ադրբեջանը պետականորեն կործանում էր նախիջեւանյան հայկական հուշարձանները, հենց այդ տարիներին (2006թ.) էլ Երեւանում՝ դեռեւս չպարզաբանված հանգամանքներում ոչնչացվեց հենց այդ հուշարձանների վերբերյալ 1990թ. հայերեն, ռուսերեն եւ անգլերեն տպագրված եւ տպարանում բանտված իմ «Նախիջեւան. գիրք հուշարձանաց» մեծադիր ու մեծածավալ (368 էջ) գրքի 30 հազար տպաքանակի 26 հազար պատրաստի օրինակները՝ պետությանը հասցնելով բազմամիլիոն վնաս:

Ընդգծեմ, որ իմ արխիվը մասնավոր սեփականություն է, որը բացառապես ստեղծել եմ իմ անձնական միջոցներով՝ 1965-1987թթ. Նախիջեւանի Հանրապետության տարածքում պատմաճարտարապետական հուշարձանների դժվարին ու հազար ու մի փորձանքի ենթարկվելու հետազոտություններիս կատարման ընթացքում: Այն Նախիջեւանի հայկական պատմաճարտարապետական հուշարձանների, այդ թվում նաեւ Ջուղայի խաչքարերի վերաբերյալ աշխարհում միակ փաստավավերագրական արխիվն է, որի նյութերը բացառապես բնագրեր են: Ընդ որում՝ արխիվում ընդգրկված բոլոր հուշարձանները (բերդերից ու կամուրջներից բացի), ինչպես քաջատեղյակ է նաեւ ընթերցողը, 1989-2006թթ. հիմնահատակ ավերվել ու ոչնչացվել են Ադրբեջանի ու Նախիջեւանի իշխանությունների կողմից:

Արխիվը ընդգրկում է Նախիջեւանի վանքերի ու եկեղեցիների, բերդերի ու կամուրջների, վիմագիր տապանաքարերի ու խաչքարերի եւ այլեւայլ հուշարձանների 3×4 եւ 6×6 չափերի ժապավեն սեւանկարներ ու պոզիտիվներ (սլայդներ), հուշարձանների հատակագծային չափագրություններ, վիմագրերի գրչանկարներ, բազմահազար լուսանկարներ եւ այլ նյութեր, որոնք ամբողջովին ծրարավորված եւ ցանկագրված են:

Հատուկ ուզում եմ ընդգծել, որ արխիվը, ինչպես նշել եմ ՀՀ կառավարությանն ուղղված 2008թ. իմ դիմում, նվիրատվություն չեմ կարող անել, քանզի ախիվից առաջացող գումարով (21 միլիոն դրամ) պետք է հրատարակեմ Նախիջեւանի պատմության եւ մշակույթի, նյութական ժառանգության վերաբերյալ հրատարակման պատրաստի իմ հեղինակած 5-6 հատորները, իրականացնեմ Նախիջեւանի հուշարձանների վերաբերյալ «Բանտված հայաշխարհ» 6 տեսաֆիլմերից կազմված ֆիլմաշարի 2-6-րդ ֆիլմերը:

Վերոնշյալ գումարը ինձ եւ ինձ նման բազմահազար մարդկանց համար, անշուշտ, մեծ գումար է: Սակայն այն երբ համեմատում ես ՀՀ կառավարության կողմից պետբյուջեով զանազան ճանապարհորդությունների, պետական հիմնարկների թանկարժեք մեքենաների, անիմաստ շոուների կազմակերպման համար հատկացվող, հանրապետության գրեթե բոլոր նախարարությունների կողմից պետական բազմամիլիոն միջոցների փոշիացման- հափշտակումների հետ, որը հանրահայտ է հանրությանը, ապա, մեղմ ասած, կարող ես միմիայն զարմանք ապրել: Այնպես որ, սույն նամակ-կոչի հրապարակումից հետո վերոնշյալ արխիվի պետականացման համար հետայսու չեմ դիմելու ՀՀ պետական ոչ մի պատկան մարմնի: Քանզի.

ա/ Ազգային ու գիտական, քաղաքական նշանակություն ունեցող այս արխիվի նյութերի պետականացումը նախեւառաջ պետք է, որ պետական եւ կարեւոր նշանակություն ունենա եւ ոչ թե քաղաքական հանցավոր անտարբերություն դրսեւորվի:

բ/ Սույն նամակ-կոչով պիտի ջանամ՝ ի հեճուկս պատկան մարմինների, այն դարձնել պետական սեփականություն: Այս առումով ակնկալում եմ աշխարհասփյուռ հայության, հայկական բարեգործական հիմնադրամների, հայկական գործարար շրջանակների, ազգային կառույցների, անհատ մեկենասների, աշխատավորական կոլեկտիվների, ուսանողության, Նախիջեւանի պատմության եւ մշակույթի, պատմաքաղաքական խնդիրներով շահագրգռված պետական եւ ոչ պետական կազմակերպությունների դրամական աջակցությունները:

գ/ Արխիվի պետականացման գործընթացի բոլոր փաստաթղթերը եւ նվիրատուների ցանկը հրատարակվելու է առանձին գրքույկով: Այդ իսկ պատճառով խնդրվում է բոլոր նվիրատուներին փոխանցումները կատարելիս ամբողջությամբ նշեն իրենց անուն-ազգանուններն ու կազմակերպությունների անվանումները եւ կատարեն «Նախիջեւանի արխիվին» նշումը:

դ/ Հարգարժան բարեկամներ, կարեւորեք այս խնդրանքս եւ հնարավորությունների սահմաններում Ձեր դրամական աջակցությունները փոխանցեք հետեւյալ հաշվեհամարին.

ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ, N163007193614

Լրացուցիչ տեղեկությունների, այդ թվում նաեւ Հայաստանից դուրս գտնվող բարերարների արտարժույթներով փոխանցումների համար կարելի է կապ պահպանել.
Հեռ. 091 78-80-33, E–mail. [email protected]
ԱՐԳԱՄ ԱՅՎԱԶՅԱՆ
Հայագետ–նախիջեւանագետ,
ՀՀ նախագահի մրցանակաբաշխության հումանիտար գիտությունների
բնագավառի 2010թ. մրցանակակիր

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել