Փաստ է, որ մեծ հաջողությունների հասնելու համար անհրաժեշտ է ունենալ մեծ նպատակներ և դրանց հասնելուն ուղղված ջանքեր և վճռականություն: Հայտնի խոսք կա, որ պետք է ձգտել շատի, որպեսզի հասնես գոնե դրա մի մասին: Եվ ուրեմն հարց՝ ինչի՞ ենք ձգտում մենք, ո՞րն է մեր ցանկությունների մաքսիմումը, որո՞նք են Հայաստանի իշխանավորի և Հայաստանի քաղաքացու, հասարակության երազանքները: Թե ինչ է երազում և ինչի է ձգտում հայ մարդը, Հայաստանի առողջ հասարակությունը, դեռ կանդրադառնանք, իսկ իշխանական ձգտումների և երազանքների առումով հետաքրքիր փաստեր ենք արձանագրում: Օրեր առաջ Հաաստանի կառավարությունը հաստատեց Հայաստանի 2016 թվականի բյուջեի նախագիծը, որով նախատեսվում է 2.2% տնտեսական աճ: Փաստորեն սա այն ցանկությունը, կարողությունը և, մեծ հաշվով, երազանքն է, որն ունի հայրենի կառավարությունը:
Ձգտումների և երազանքների վերաբերյալ վերջերս բավականին ուշագրավ ելույթով հանդես եկավ Իսրայելի 9-րդ նախագահ Շիմոն Պերեսը. <<Ինձ շատ հաճախ հարցնում են՝ եթե ետ նայեք, որո՞նք են եղել Ձեր ամենամեծ սխալները, ես ասում եմ՝ մենք մտածում էինք, որ ունենք մեծ երազանքներ, իսկ հիմա հասկանում ենք, որ այդ երազանքներն այդքան էլ մեծ չէին: Երազե՛ք ավելիի մասին, որքան մեծ լինեն ձեր երազանքները, այնքան շատ բաների կհասնեք>>,-ասել է Շիմոն Պերեսը:
Հարց է առաջանում՝ արդյո՞ք այսօր մեր իշխանավորը և, որպես հավաքականություն, մեր իշխանությունը ունի մեծ երազանք, թե այդ երազանքը միայն անձնական բնույթի է: Եթե կառավարության մեր երազողների վերին սանդղակը 2%-ն է,ապա մենք դատապարտված ենք, և պետք է ասենք, որ առանց կառավարություն ունենալու էլ հնարավոր կլինի նման ցուցանիշ ապահովել: Իսկ իրականում ստեղծված վիճակի պատճառն այն է, որ Հայաստանի քաղաացու և Հայաստանի իշխանավորի երազանքների միջև ընդհանրություն չկա. իշխանավորի երազանքներում բացակայում է Հայասատանի քաղաքացին:
Որպես հետգրություն մեջբերենք նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի՝ ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովում հնչեցրած ելույթից հատված, որտեղ ասվում է. <<Վրաստանը փոքր երկիր է, որն ունի մեծ սիրտ և ավելի մեծ երազանք>>: 
Իսկ մեզ մնում է փաստել, որ նման գործելաոճով հայրենի կառավարությունը կրկին հաստատում է, որ ոչ միայն երազանք չունի, այլև անտեղյակ է սեփական քաղաքացիների երազանքներից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել