Վերջին օրերին բուռն քննարկվում են «Եվրատեսիլ 2016»-ին Հայաստանի հավանական ներկայացուցիչների անունները։ Ամենաքննարկվողներից մեկն Իվետա Մուկուչյանի թեկնածությունն է։ Վերջինս ֆեյսբուքյան էջում գրել է՝ «Eurovision? I am online, ask me your questions!» (Եվրատեսի՞լ: Ես օնլայն եմ, կարող եք տալ ձեր հարցերը) և պատասխանել երկրպագուներին հուզող հարցերին։

Երգչուհին հայտնել է, որ այժմ աշխատում է սկավառակի վրա, որի երգերը ոճային առումով նման են «Simple Like a Flower» երգին։ Իվետան նշել է, որ այն շատ անկեղծ ալբոմ կլինի։

Ամենասպասված հարցին՝ այս տարի ի՞նքն է գնալու  «Եվրատեսիլ», նա պատասխանել է. «Պարզ կլինի հոկտեմբերի 13-ին. բոլորս կիմանանք, թե ով է ներկայացնելու Հայաստանը»։

Հայտնելով  իր կարծիքը «Եվրատեսիլի» մասին և պատասխանելով հարցին՝ ի՞նչ կտա այն հայ մասնակցին, անպայման պետք է ներկայանալ հայկական դհոլ ու զուռնայի ելևէջներո՞վ, Իվետան ասել է. «Կարծում եմ՝ եթե երգն ուժեղ չլինի, մասնակցությունն անիմաստ է թե՛ արտիստի, թե՛ երկրի համար։ Զուռնա-դհոլը պարտադիր չէ, կարևորն ինքնատիպ և տարբերվող լինելն է։ Ես տեսնում եմ, որ իմ անունը շարունակվում է քննարկվել, ոչ ոք չի ժխտում իմ մասնակցությունը, բայց ամեն տարի իմ անունը դուրս է մնում, այնպես որ, սպասենք և տեսնենք»։

Երկրպագուները հետաքրքրվել են նաև այլ հարցերով, օրինակ՝ միշտ ուշադրության կենտրոնում մնացող՝ «Դուք կյանքի ընկեր ունե՞ք» հարցին, երգչուհին պատասխանել է. «Քանի որ սիրում եմ ձեզ, կպատասխանեմ նաև անձնական հարցին` ոչ, ես միայնակ եմ»։

Երգչուհու համար կյանքում լավագույն օրինակն իր մայրն է։ «Նա պոզիտիվ է, սուր մտքով և ուժեղ, միշտ առաջինը մտածում է ընտանիքի, հետո իր մասին և ժպտում է ցանկացած իրավիճակում։ Ես դեռ զարմանում եմ, թե ինչպես է նա այդ ամենն անում իր ողջ կյանքում»։

Երկրպագուները հիշել են, որ Իվետան համագործակցել է Լեդի Գագայի հետ՝ մինչև նրա հանրահայտ դառնալը և խնդրել պատմել` ինչպիսի՞ն էր իրենց հանդիպումը. «Նա այնքան հասարակ և հավասարակշռված էր, որ երբ դարձավ Լեդի Գագա, սկզբում չճանաչեցի։ Ես կասեի` ամաչկոտ էր ու աշխատասեր։ Ստուդիայում պրոֆեսիոնալ ձևով աշխատեցինք, ցավոք, այդ նախագիծը չկայացավ։ Այդ նախագծի համար երգ էին փնտրում, Լեդի Գագան այն տրամադրեց, բայց քանի որ գլխավոր հերոսը մայրացավ, այդպես էլ կիսատ մնաց»։

«Իվետա, թերևս միակ աստղը հայկական պատմության մեջ» մեկնաբանությանը երգչուհին արձագանքել է. «Մերսի շատ, բայց մենք շատ լավ արտիստներ ունենք Հայաստանում։ Սիրուշոն ինձ համար առաջին հրեշտակն է»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել