Tert.am-ը գրում է.

Սահմանադրական բարեփոխումների նախագծի տեքստը նախնականից շատ ու շատ բարելավված է։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը՝ անդրադառնալով ԱԺ կողմից ընդունված՝ Սահմանադրական բարեփոխումների նախագիծը հանրաքվեի դնելու մասին որոշմանը, որին նա կողմ է քվեարկել։

Նա նշեց, որ իր համար կարևոր է, որ իր առաջարկությունները տեղ են գտել նախագծում։

«Սակայն պետք է գիտակցենք, որ դա ընդամենը տեքստ է, սրանից հետո պետք է շատ ավելի լուրջ աշխատանք տարվի նաև համապատասխան օրենքների փոփոխությունների առումով, անպայման այս ամենը պետք է ներկայացվի հանրությանը։ Ուրախ եմ, որ եվրոպական ուղղությամբ շարժվելու հիմքեր են ձևավորվել, որ ունենանք եվրոպական մոդելի երկիր, սակայն մեծ աշխատանք կա կատարելու, որ թույլ չտանք, որ սատանան, որը թաքնված է մանրուքների մեջ, ավելի շատ գլուխ բարձրացնի, հակառակը՝ պետք է այդ մանրուքները ճիշտ կառավարվեն»,-ասաց նա։

Ըստ Թևան Պողոսյանի՝ Սահմանադրական բարեփոխումների փոփոխված տարբերակի ամենակարևոր կետը այն է, որ ոչ պետական ինստիտուտների համար սահմանադրական հիմք է ձևավորվել՝ ապագայում օրենսդրական դաշտում փոփոխություններ անելու համար. ըստ այդ կետի՝ բարեգործությունը կօգտագործվի այդօրինակ կազմակերպությունների ֆինանսական կայունությունը, հարատևությունը և անկախությունը ապահովելու, նրանց աշխատանքներն առաջ տանելու համար:

Նա նշեց, որ 2003 թվականից այդ գաղափարը ինքն ունեցել է, որ ոչ պետական ինստիտուտները կարողանան սեփական միջոցներով ծրագրերն իրականացնել, իսկ սեփական միջոցները կարող են միայն առաջանալ հանրության մասնակցությամբ։

«Համապատասխան օրենքներ կարող ենք նախաձեռնել, որոնք թույլ կտան, որ ՀՀ հանրությունը դառնա քաղաքական օրակարգի պատվիրատուն, որ մեր քաղաքացիական հասարակության ինստիտուտները աշխատեն իրենց քաղաքական օրակարգով, և ոչ թե միշտ կախված լինեն արտասահմանյան կամ պետական դոնորներից»,-ասաց նա։

 Դիտարկմանը, թե նախկինում պատգամավորը ասում էր, որ հասարակության մոտ չկա հավատ ընտրական մեխանիզմների նկատմամբ, հետևաբար՝ անիմաստ է Սահմանադրության տեքստը քննարկել, Թևան Պողոսյանն արձագանքեց. «Սա մի տեքստ էր, որն ընդունվեց, սակայն պետք է աշխատենք մնացած օրենքների վրա՝ հատկապես ընտրական օրենսգրքի վրա, որտեղ մեխանիզմներ ձևավորենք, որոնք թույլ չեն տա անցյալում ունեցած արատավոր պրակտիկան և մշակույթը կրկնել։ Նորից մնում եմ իմ տեսակետին, որ եթե չլինեն հավատ ներշնչող ընտրական մեխանիզմները, ապա տեքստի լավը կամ վատը լինելը երևի իմաստ չունի։ Սակայն, քանի որ մենք հիմա քննարկում էինք տեքստը և այն օրակարգային խնդիր էր, իմ բաժին ներդրումն եմ բերել, որ առնվազն այդ տեքստը ավելի բարելավված լինի»։

 

Պատգամավորը կարևորեց, որ հերթական քայլը պետք է լինի այն, որ թույլ չտան մարդկանց մոտ լինի կասկած հանրաքվեի արդյունքների նկատմամբ։

 «Այն, ինչ հիմա է տեղի ունեցել և ինչ-որ մենք արել ենք, կապված է մեր նախընտրական ծրագրի շրջանակների հետ։ «Ժառանգությունն» ասում էր, որ պետք է գնալ պառլամենտական երկրի, 100 տոկոս համամասնականի, ընդդիմության համար ինչ-որ չափով լիազորության մեխանիզմների ձևավորմանը։ Բարեփոխումներում այս գաղափարն է իրագործվել, ուրախ եմ նաև, որ իմ բաժին ներդրումը ունեցա հանրաքվեի մասին օրենքի փոփոխությունների ժամանակ»-ասաց նա և նշեց, որ Սահմանադրության բարեփոխումների նախագծի այս տարբերակը ավելի ժողովրդավարական, ավելի առաջադեմ է։

Պատգամավորը հիշեցրեց, որ Եվրասիական տնտեսական միության անդամակցությանը ինքը դեմ է քվեարկել և կողմ է եղել եվրոպական ինտեգրմանը: «Առնվազն իմ տեսլականի մեջ այս տեքստը ավելի եվրոպական մոդելի տանող Հայաստանի ապագա է ապահովում, քան այն, ինչ ունենք հիմա։ Այն ավելի ժողովրդավար է, քանի որ ընդհանրապես պառլամենտական համակարգերն ավելի ժողովրդավար են, քան նախագահական համակարգերը»,-ասաց նա։

 Ինչ վերաբերում Սահմանադրությունը կյանքի կոչելուն, պատգամավորն ասաց. «Ցավոք սրտի, մեր սոցիալական օրենքը միշտ չէ, որ թղթի վրայի օրենքին է համապատասխանում, մենք դա պետք է հաղթահարենք»։

Նա նշեց, որ չնայած առաջիկա 2-3 տարիների ընթացքում միգուցե այդ ընկալումը ամբողջությամբ չի փոխվի, սակայն սերնդափոխության հետևանքով՝  հաջորդ փուլում կունենանք ավելի եվրոպական մոդելի երկիր, որտեղ կոլեկտիվ պատասխանատվության խնդիրը ավելի բարձր է, և խորհրդարանական համակարգը ավելի լուրջ է վերաբերելու իր դերակատարմանը և կառավարմանը, վերահսկողության ֆունկցիաները ավելի բարձր են գնահատվելու:

«Նախընտրական ծրագրերը, որով մարդիկ գնում և քվե են ստանում, իսկապես պետք է դառնան լուրջ գործիք։ Այսօր ունենք հետևյալ իրավիճակը՝ որտեղ ով ինչի համար քվե է ստացել, ուրիշ բանով է զբաղված, այդ քաղաքական մշակույթը պետք է կոտրենք»,-ասաց նա և նշեց, որ դրա հնարավորությունների դաշտը կա։

Ինչ վերաբերում է «Ժառանգության» խմբակցության պատգամավորների տարբեր քվեարկությանը նա ասաց, որ ունեն այնպիսի իրավիճակ, որը ունեն։

««Ժառանգությունում» մեծամասնությունը քվեարկել է նրա համար, ինչի համար նախընտրականում խոսել է, իսկ «Հանրապետական» կուսակցության մեծամասնությունը քվեարկել է նրա համար, ինչի մասին որևէ մի բառ չեն ասել նախընտրական շրջանում, այստեղ հարցն ավելի շատ իրենց պետք է ուղղել, քան «Ժառանգությանը»»,-ասաց նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել