Հարցը BlogNews-ի խմբագրություն է ուղարկել մեր ընթերցողուհին, ով չցանկացավ ներկայանալ:

ՀԱՐՑ

Բարև Ձեզ, ես 30 տարեկան եմ, շփվող, կենսուրախ և ակտիվ մարդ եմ, բայց մի փոքր գեր: Հեշտ եմ լեզու գտնում ընկերուհիների և անգամ նրանց ընկերների ու ամուսինների հետ: Բայց երբ հարցը իմ կյանքին է վերաբերում, ամեն ինչ գլխիվայր շուռ է գալիս, ես դառնում եմ ինքնամփոփ, դժվարությամբ եմ կոնտակտի դուրս գալիս, կոմլեքսավորվում եմ իմ գիրությունից, էլ չեմ ասում՝ երբ ինչ-որ մի տղամարդ ինձ մի տեղ է հրավիրում, չգիտես՝ ինչու, ամեն անգամ մի պատճառաբանությամբ հրաժարվում եմ: Որովհետև ինձ թվում է` ես տղամարդկանց դուր չեմ կարող գալ: Ինչ անեմ, չնայած որ հասկանում եմ, որ գիրությունը շատ կանանց է բնորոշ, բայց միևնույն է, չեմ կարողանում ինքս ինձ հաղթել:

Պատասխանում է հոգեբանը

Բարև Ձեզ:

Որքան կարողացա հասկանալ Ձեր նկարագրածից, Ձեր հիմնական կոմպլեքսները կապված են արտաքինի, մասնավորապես մի փոքր գեր լինելու հետ: Հիմա եկեք փորձենք հասկանալ ձեր հիմնական խնդիրը`

1. Իրո՞ք գեր լինելն է Ձեզ խանգարում տղամարդկանց հետ հանդիպել.

2. Ինչի՞ց եք դուք խուսափում հանդիպման չգնալով.

3. Ի՞նչ տհաճ բան կարող է պատահել Ձեզ հետ, եթե հանդիպման գնաք:

Հարգելիս, այդ ո՞վ է Ձեզ ասել, որ տղամարդիկ սիրում են միայն նիհար աղջիկներին, ո՞վ ասաց, որ գոյություն ունեն կանացի գեղեցկության կոնկրետ չափանիշներ, որոնց մեջ մտնում է գեր չլինելը: Չկա նման բան: Կինը գեղեցիկ է, երբ ինքնավստահ է, երբ սիրում է իրեն ու իր մարմինը: Տղամարդիկ կնոջ մեջ առաջինը գնահատում են նրա ինքնավստահությունը և արտաքինի թերություններին ուշադրություն կդարձնեն միայն այն ժամանակ, երբ դուք դրանք մատնացույց անեք: Իրեն ճիշտ մատուցելու արվեստը կնոջ կյանքում ավելի կարևոր է, քան մյուս դրական հատկանիշները և արտաքինի առավելությունները: Ձեր բոլոր խնդիրները կլուծվեն, երբ դուք սովորեք սիրել ձեզ այնպիսին, ինչպիսին, որ կաք: Սովորում ենք ինքնավստահ դառնալ և սիրել սեփական մարմինը

1. Նայեք Ձեզ այլ տեսանկյունից

Սկսենք մտքերից: Առավոտ արթնացեք ու մտածեք լրիվ այլ կերպ: Դուք ամենագեղեցիկն եք, դուք շատ նուրբ եք, այդ խալը Ձեզ այնքան է գեղեցկացնում, երբ Դուք քայլում եք փողոցով, բոլորը շրջվում են ձեր ետևից: Դուք գրավում եք բոլոր տղամարդկանց ուշադրությունը: Ձեր մեջ կա մի բան, որը միայն ձերն է, դուք նման չեք ոչ ոքի, անկրկնելի եք ու հրաշալի: Դուք գեղեցիկ կարմիր զգեստ եք հագնում և կանգնում հայելու առաջ, մի նայեք թե այն ձեզ գիրացնում է, թե նիհարեցնում, պարզապես հիացեք ձեզանով. չէ որ այդ զգեստը այնքան է սազում ձեր աչքերի ու մազերի հետ, շրթներկի հետ...

2. Սիրեք Ձեզ այնպիսին, ինչպիսին կաք

Սիրեք Ձեզ այնպես, ինչպես կցանկանայիք, որ նա սիրեր, նայեք ձեզ սիրով լի աչքերով, հոգ տարեք Ձեր մասին, երբեք մի դժգոհեք ինքներդ ձեզանից, մեր մարմինը փոքրիկ երեխա է, որը սիրո և հոգատար վերաբերմունքի կարիք ունի:

3. Սպորտով զբաղվեք

Եթե Դուք, այնուամենայնիվ, ուզում եք նիհարել, ի՞նչն է Ձեզ խանգարում մարզասրահ հաճախել կամ տանը մարզվել, հիմա ինտերնետում բոլորիս էլ հասանելի են մարզումների տարբեր ծրագրերն ու տեսանյութերը, ընտրեք Ձեզ հարմարը և ամեն օր մի փոքր ժամանակ տրամադրեք սպորտին: Եթե Դուք հաղթահարեք սեփական մարմինը սիրելու առաջին փորձը, հաջորդ քայլը կլինի տղամարդու հետ հանդիպման գնալը: Դուք պետք է հստակ գիտակցեք՝ ուզում եք դա, թե ոչ, եթե ուզում եք, ուրեմն ոչնչից մի վախեցեք, եղեք բնական, այնպիսին, ինչպիսի իրականում եք, մի ընկեք ձևականությունների հետևից, անկեղծ եղեք թե ձեր, թե դիմացինի հետ: Երբեք մի սահմանափակեք Ձեզ, չի կարելիների ու կարելիների սահմանից դուրս եկեք, հանգիստ խոսեք նրա հետ տարբեր հետաքրքիր թեմաների շուրջ, մի վախեցեք ասել ձեր կարծիքը, տեսակետը այս կամ այն հարցի շուրջ, եղեք ազատ ու ամեն տեսակ կոմպլեքսներից հեռու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել