EXCLUSIVE 

Հաղորդավարուհի, դերասանուհի Աննա Գևորգյանը վերջերս մարմնավորում էր «Շանթ» հեռուստաընկերության «Ուրիշի հոգին» հեռուստասերիալի գլխավոր դերակատարուհիներից մեկին: Նա այլևս չի խաղում այդ սերիալում, մեծացնում է իր երկու հրաշք աղջիկներին՝ Լեային և Հասմիկին: BlogNews.am-ը օրեր առաջ լուսանկարել է Աննային, նա մեր ֆոտոշարքում չափազանց պարզ էր, ինչպես կյանքում և մեր հարզարույցի ընթացքում: 

-  Աննա, առաջարկում եմ զրույցի սկզբում վերջնական վերջակետ դնենք այն խոսակցություններին, որոնք կան այս փուլում քո մասին: Այն, որ այլևս չես խաղում «Ուրիշի հոգին» սերիալում: Ինչո՞ւ այդպես ստացվեց։

 - Նախ, ես չունեի այդ փորձը և չգիտեի ինչին եմ գնում, նրանք էլ ինձ հրավիրելուց չգիտեին, որ երկորդ անգամ եմ մայրացել և ունեմ փոքր երեխա: Ամուսինս համոզեց, որ գնամ քասթինգին, բայց ես  համոզված էի, որ ինձ չեն ընտրելու: Պարզվեց ինձ են ընտրել, որից, անկեղծ ասած, ես նեղվեցի. նախ որ ես դրան պատրաստ չէի, որովհետև ես չեմ սիրում թերի լինել այն աշխատանքում, որ պետք է անեմ: Հիշում եմ՝ ամուսնուս ասացի, որ գնալու եմ հրաժարվեմ, նա էլ կատակով ասաց, եթե հրաժարվես տուն մի արի: Երբ կարդացի աշխատանքային պայմանները,  գրված էր, որ ըստ քո ցանկությամբ կարող ես երկար աշխատել, այսինքն կարծես թե հարմար է, բայց երբ սկսվեցին նկարահանումները, ես ռեժիսորին ասացի, որ ինձ համար չէ այս աշխատանքը, նա էլ ասաց, որ չմտածեմ, կաշխատեն ինձ հետ: Այդպես էլ ինձ հետ ոչ մի բառով, ոչ մի խորհրդով ոչ ոք չխոսեց, չասացին՝ որն էր իմ սխալը, կամ իմ կերպարը, խնդիրը: Իսկ երբ ինձ առաջին սերիայում տեսա, ես անկեղծ խոստովանում եմ, որ ես շատ ամաչեցի: Ես չեմ ուզում ինչ-որ մեկի աշխատանքին անուն դնեմ և ասեմ, սխալ էր աշխատած: Երբ արդեն հասել էր նրան,  որ արդեն բավականին փոփոխություն էր եղել իմ կերպարում և իմ խաղում, այնպես ստացվեց, որ ամուսինս և պրոդյուսերը խոսեցին և երկկողամին որոշման եկան, որ պետք չէ այլևս շարունակել, որովհետև ես տանը օրերով չէի լինում և բալիկներիս չէի տեսնում, ես էլ չէի համաձայնվում բաց տեսարաններին,  ժամանակի սղության պատճառով իմ տեսքին չէի հասցնումհետևել, մի խոսքով շատ մանրուքներ, որոնք կուտակվեցին և այսպես ստացվեց: Իրենց էլ էր իրականում հարմար մեկ այլ դերասանուհու ընտրել, բայց ցավն այն էր, որ այդ շրջանում ես շատ ավելի հարմար առաջարկներ ունեցա, որոնք ցավոք կորցրի, երբ պայմանագիր կապեցի նրանց հետ:

-  Հետաքրքիր է, բայց եթե լինի կրկին ինչ-որ սերիալում կամ գեղարվեստական ֆիլմում խաղալու առաջարկ, կհամաձայնե՞ս:

 -  Հա, անկեղծ ասեմ՝ ինձ դուր եկավ: Սա ինձ համար ինչ-որ նոր փորձ էր, ես այդ ընթացքում շատ լավ մարդկանց հետ ծանոթացա: Ես երբեք չեմ մտածել, որ կարող եմ ֆիլմում նկարահանվել, բայց միշտ էլ թատրոնը սիրել եմ և դպրոցական տարիներին խաղում էի կամերային թատրոնում: Հիմա մեծ սիրով կուզեմ ավելի լուրջ ֆիլմում նկարահանվեմ, բայց մի քիչ ավելի լուրջ աշխատանք տարվիինձ վրա: Ես պարզապես կցանկանամ, որ ինքս էլ իմ արած աշխատանքից գոհ մնամ: Բայց չափազանց շոյվել եմ, երբ դուրս եկա աշխատանքից և հերսուհիս փոխվեց, շատ-շատ  մարդիկ մեկնաբանություններում նշում էին, որ իմ համար էին նայում սերիալը, դրական մեկնաբանություններ շատ եմ կարդացել: Ես դրան չէի սպասում, քանի որ մտածում էի հեռուստադիտողը չի ընդունում իմ կերպարը:

-  Աննա, իսկ նայե՞լ ես քեզ փոխարինած դերասանուհու՝ Աննա Հարությունյանի խաղը։

 - Չէ, չեմ նայել: Ես շատ շուտ կապվում եմ մարդկանց հետ ու հիմա, անկեղծ ասած, ես չեմ մտածում, որ ինչ-որ բան թողեցի կամ կորցրի, երբ պայմանագիրը խզեցի, բայց  հարազատացել էի մարդկանց հետ: Ես խանդոտ եմ, ես չեմ ուզում նայել: Վատ չեմ զգում դրանից, բայց ուզում եմ դա իմը մնա, չտեսնեմ ուրիշ մարդու:

 -  Դա խոսում է քո սեփականատեր բնավորության մասին: Այսինքն ինչը քոնն է, միայն քո՞նն է։

- Այո, դա միանշանակ այդպես է, եթե դա իմն է, ուրեմն վերջ: Ես մեծ սիրով կարող եմ իմ ունեցածից թողնել, բայց եթե չեմ թողել ես չեմ կիսում երբեք: Նույնը կարող եմ ասել հարաբերությունների մասին, թեկուզ իմ ամուսնու հետ կապված, եթե այդ մարդը իմ կողքին է, ապա իմն է, վերջ: Իհարկե երբեմն նաև զիջելով, քանի որ առանց դրա ոչ մի հարաբերություն չի կարող երկար գոյատևել: 

-  Աննա, դու ապրել ես մենակ, ենթադրում եմ, որ ինքնուրույն մարդ ես թե՛ քո որոշումներում, թե՛ քո ապրելակերպով։ Դժվար չէ՞ր ամուսնությունից հետո հաշվի նստել նաև ամուսնու կարծիքի հետ։

 -  Երբ որ այդ նույն հարցում ձեր կարծիքները նույն են, բարդ չէ,  բայց երբ դու ունես քո հստակ տեսակետը և դու գիտես, որ այն ճիշտ է, այո՛, այդ պահին դժվար է ընդունել ուրիշի ասածը: Ինձ թվում է, թե ես հնազանդ, լսող կին եմ, որ ես ամեն ինչ անում եմ ճիշտ, բայց ամուսինս համաձայն չէ, որ ես հնազանդ եմ: Բայց շատ հարցերում հնազանդ եմ, գիտես Սիրանուշ, պարզապես նրան թվում է, որ ես քիչ եմ անում, իսկ ես չեմ զգում, որ ես քիչ եմ անում: Գիտես, երբ դու գիտես, որն է ճիշտ և քեզ ստիպում են անել այլ ձև, դու չգիտես այդ ժամանակ նրան դեմ գնաս, թե քո կողակցին չվիրավորես:

 - Բալիկների մեծացնելու և դաստիարակելու հարցում է՞լ են տարբերվում ձեր տեսակետները։

-  Այո, շատ հարցերում (ծիծաղում է): Լեան՝ մեծ դուստրս, իմ և Վլադի միքսն է, բայց հայրը խուլիգան տղա երեխայի պես է մեծացնում նրան, չի ուզում ոչ մի հարցում սահմանափակի երեխային: Չնայած կյանքն այնքան սահմափակումներ է բերելուայդ խեղճ երեխայի գլխին, այնքան բաների հետ է բախվելու, միևնույն է կյանքը կկառուցի նրան այնպես, ինչպես կկառուցի: Մեզանից պահանջվում է երջանիկ մանկություն պարգևելնրան, թող թափի ես կհավաքեմ, թող մի ժամ ավել  գործ անեմ, բայց թող երեխաս իրեն լավ զգա: Շատ դժվար է մայրանալը, ակնեղծ եմ ասում, և ես պատկերացում չունեի, որ դա այդպես կլինի, որովհետև եթե քնած չեմ, ես անդադար գործ եմ անում:  Չեմ հասցնում շատ կարևոր մի բան՝ հոգ տանելամուսնուս մասին, այնպես, ինչպես ես կուզեի, որովհետև այն սկզբնական շրջանում ես սիրում էի օրը մի հինգ-վեց բան պատրաստել, որ նա ուտեր, իսկ հիմա չեմ հասնցում, հետո նա ուզում է, որ ես պարզապես նրա կողքին նստեմ, ֆիլմ նայեմ, բայց ես նույն վայրկյանին քնում եմ:

- Աննա, բնավորությունդ է՞լ է փոխվել։

- Հա,իհարկե, շատ, ամուսնությունը շատ է փոխում: Մայր դառնալուց հետո դու բոլորովին այլ մարդ ես դառնում, ամեն ինչին լրիվ ուրիշ ձև ես նայում, վերաբերվում: Դու ինքդ քո համար երկրորդական ես դառնում, բայց ես ինքս էլ փորձում եմ ինձ չկորցնել: Հետագայում, որ բալիկներս մեծանան,  իմ կյանքով չեն ապրելու, առաջնային կդառնա նրանց ժամանացը, հաճույքները: Ես չեմ ուզում հետո երեխաներիս մեղադրել, որ  անշնորհակալ են, որ ես իմ կյանքը իրենց նվիրեցի, իսկ նրանք չգնահատեցին: Ես նրանց տալիս եմ դա, քանի որ ես եմ ուզում:

 -  Իսկ չե՞ս կարոտում կյանքիդ այն շրջանը, երբ ընտանիք չունեիր։

-  Միանշանակ, շատ ես ափսոսում, բայց երբ դնում ես նժարին սա թե այն,  ընտրում ես երեխաներիդ և ընտանիքդ: Գիտես, եթե ճիշտ մարդ ես ընտրում, դու չես զրկվում նրանից, ինչը որ ունեիր ազատ ժամանակ: Ես ինձ հիմա բացարձակ չեմ զգում ուրիշ տեսակ մարդ, ես շատ բաների հանդեպ տեսանկյունս փոխել եմ, բայց  գիտակցում եմ, որ մեկ երկու տարի հետո  երեխաները կմեծանան, և ես կարող եմ ինձ շատ բաներ թույլ տալ: Փառք Աստծո, ես գոհ եմ այն ամենից, ինչ կա հիմա իմ ընտանիքում:

-  Իսկ ի՞նչ կասես ձեր ամերիկյան կյանքից, դու միշտ խոսելուց ուրախությամբ ես վերհիշում այդ կյանքը:

 -  Անչափ շատ եմ կարոտում, ես ունեցել եմ շատ լավ կյանք:  Ես այնքան գոհ եմ իմ ապրած կյանքից, բայց ես շատ ուրիշ ձև կարևորում եմ այն կյանքը, որն ամուսնուս հետ ունեցանք ԱՄՆ-ում: Շոուի պես կառուցված գունավոր կյանք է, բայց դու բավարարված ես զգում,շատ դժվարություններ էինք տեսնում, ապրում էինք վարձով, բաներ կային, որ տանը չունեինք։Իհարկե հոգնում էինք, բայց ամեն ինչ լավ էր: Գուցե դա նրանից էր, որ մենք ինքներս անկախ փորձում էինք կառուցել ընտանիք: Իհարկե, այստեղ իմ և նրա ընտանիքները միայն օգնում են, բայց միևնույն է, երբ ինքնուրույն ես փորձում ապրել դա ուրիշ հաճույք է: Իհարկե, ես շատ էի ցանկանում, որ մենք չվերադառնայինք, բայց կարծումեմ՝ կգա այդ օրը, որ մենք կվերադառնանք ԱՄՆ:

 -  Այն կարևոր և գլխավոր խորհուրդները, որ դու կտաս քո աղջիկներին։

-  Ես երևի ամեն օր նրանց խորհուրդներ կտամ, ես սիրում եմ բացատրել, բոլոր տեսանկյուններից ճիշտը և սխալը:Այն, ինչ ես հասկացել եմ այս կյանքում, խորհուրդով չեմ հասկացել: Մի կարևոր բան կա, որ երեխաներս պետք է գիտակեն, որ ինչը ունես կյանքում դա քո ստեղծածն է, քո ընտրությունն է, եթե դա քո կյանքում կա, դու ունես հնարավորություն փոխել:

-  Աննա, ինչի՞ պակաս ունես հիմա։

- Ես էսթետ մարդ եմ և դրա պակասն ունեմ այսօր: Ես սիրում եմ սիրուն բաներ տեսնել,  սիրուն երկինք, ես հիմա ժամանակ չունեմ պարզապես երկնքին նայելու, երկու երեխաների հետ մենք հիմա չենք հասցնում անգամ քաղաքից դուրս գնալ: Ես նկարիչ եմ մասնագիտությամբ, և ունեմ կարիք իմ ներկերի հետ նստելու, զբաղվելու, նկարելու: Շփման պակաս էլ ունեմ:  Իհարկե հասկանում եմ, որ դա ժամանակավոր է, որաշխատանքս էլ կվերականգնեմ շուտով: Ես գիտեմ, որ ես շատ  հնարավորություններ եմ բաց թողել։Ես չգիտեմ՝ ինչ կուզեմ հետո, բայց հիմա մոտս սկսել է միջին տարիքի ճգնաժամ. դա ինձ մոտ ավելի շուտ է սկսվել:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Զգեստը՝ ArmiMarti Design

Նկարահանումը իրականցվել է The Լօft-ում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել