Tert.am-ը գրում է.

Նախագաh Սերժ Սարգսյանի հայտարարությունը՝ Հայաստան ասելով, Լեռնային Ղարաբաղը համարում է նրա անբաժան մասը, տրամաբանական շարունակությունն էր մեր արտաքին քաղաքականության այն բանաձևի, որ Հայաստանը ձեռնպահ կմնա Լեռնային Ղարաբաղի ճանաչումից այնքան ժամանակ, քանի դեռ բանակցային գործընթացը հնարավորություն է տալիս հակամարտությունը կարգավորել. լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով հանրապետության Նախագահի՝ Նյու Յորք կատարած այցին և այնտեղ հնչեցրած ելույթներին, ասաց ԱԺ «Հանրապետական» խմբակցության անդամ, ՀՔԴՄ կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը:

Նրա խոսքով՝ միայն այն դեպքում, երբ Հայաստանը տեսնի Արցախի անվտանգությունը սպառնալիքի տակ է, ոչ միայն կձեռնարկի ճանաչման գործընթացը, այլ նաև քայլեր կձեռնարկի նրա անվտանգությունն ապահովելու համար:

Ըստ ՀՀԿ-ական պատգամավորի, նախագահն այդ  հայտարարություն արեց այն բանից հետո, երբ փաստեց, որ սահմանի վրա որակապես նոր իրավիճակ է ձևավորվում, Հայաստանում և Արցախում անվտանգության նոր սպառնալիքներ են ձևավորվում:

«Այս պայմաններում տրամաբանական է, որ Նախագահի խոսքն ուղղակի նախազգուշացում էր»,- հայտարարեց Խոսրով Հարությունյանը:

Պատգամավորի խոսքով, այդ հայտարարության հասցեատերը Ադրբեջանը չէր, այլ՝ միջազգային հանրությունը, տարածաշրջանային հիմնական դերակատարները:

«Չի կարելի ասել, որ այդ հայտարարությամբ քաղաքականության մեջ փոփոխություն է կատարվել, ընդամենն ասել է, որ խնդիրն օրակարգային կարող է դառնալ: Ենթատեքստը սա էր՝  ոչ ավելի, ոչ պակաս»,- ասաց Խոսրով Հարությունյանը:

Նա ասաց նաև, թե Հայաստանը երբևէ տարածաշրջանում չի նախաձեռնել իրավիճակի սրացում և Նախագահի ասածի ողջ ենթատեքստն այն էր, որ հետագա զարգացումների ողջ պատասխանատվությունը թողնում է Ադրբեջանի վրա, քան որ այդ զարգացումները վտանգում են նաև տարածաշրջանի կայունությունը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների արձագանքը սահմանային լարվածության դեպքերին, ըստ Խոսրով Հարությունյանի՝ նորմալ է, քանի որ, նրա խոսքով՝ միջնորդի դերը հնարավորին չափով անկողմնակալ լինելն է:

«Եթե ինչ-որ չափով սկսեն կողմնակալ լինել, ապա կդադարեն միջնորդ լինել: Կուլիսներում շատ կոնկրետ են խոսում, բայց հրապարակավ ավելի անկողմնակալ են իրենց հայտարարություններում»,- ասաց Խոսրով Հարությունյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել