Քաղաքական մեկնաբան

Հայաստանում յուրօրինակ ժողովրդավարության մոդել է՝ պարտադրվող ժողովրդավարություն տոհմատիրական կարգերի, իսկ ավելի ժամանակակից լեզվով ասած՝ կլանային համակարգի ներքո: Փաստորեն, ավանդական-տոհմատիրականն էլ չենք կորցնում, հետընթացը համադրում ենք առաջընթացի հետ: Ընտանիքի անդամ+բարեկամ+լավ ախպեր+լավ ախպոր հարմարոտ ախպեր. այս «ախպերափայ» սկզբունքով էլ բաժանվում են «չալաղաջ» պաշտոններն ու տաք տեղերը, ժողովրդին էլ, մեղմ ասած, «հորդորում» են կատարել իրենց արդար և թափանցիկ ընտրությունը: Արդյունքում ստացվում է ժողովրդավարություն, ինչո՞ւ ոչ, եթե այնուամենայնիվ, ժողովուրդն է կատարել ընտրությունը: 
Նույն «ախպերափայ» սկզբունքով շատ հիմնարկներում հավաքվում է ղեկավար աշխատակազմ, իսկ տաքսու վարորդների շրջանում ավելանում են գիտության թեկնածուները: «Ախպերափայ» սկզբունքի կոնցեպցիայի մեջ ավանդական «քցելն» էլ կա, բայց դա անդրադառնում է միայն ախպերությունից դուրս մնացող մեծամասնության վրա: «Դու մեր ախպերն ես» կատեգորիայի մեջ մտածները դրանից հիմնականում չեն տուժում:
Այս ամենի արդյունքում «ախպերները» հարմար տեղավորվում են, նրանցից ոմանք ծաղկում և ծաղկեցնում են իրենց ողջ տոհմը՝ ներառելով այն նույն «ախպերության» մեջ, իսկ ախպերությունից դուրս մնացածներն էլ հարմար կերպով օգտագործվում են՝ բավականին էժան գներով:
Փաստորեն, մենք հիանալի և գործուն մեխանիզմներ ունենք, հիանալի մոդելներ ենք մշակում, և չեմ հասկանում, թե ինչո՞ւ ենք ընկել Եվրոպայի հետևից և փորձում նրանցից ինչ-որ բաներ ընդօրինակել: Թող եվրոպացիները մեզանից ընդօրինակեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել