Մերձավոր Արևելքում ընթացող չափազանց դինամիկ զարգացումների հետևանքով ստեղծվում է բոլորովին նոր իրավիճակ, մինչդեռ մեզանում, ցավոք, քննարկվում է ոչ թե դրա ազդեցությունը և հնարավոր դրական ու բացասական հետևանքները Հայաստանի և հայության համար, այլ առայժմ հիմնականում գերիշխում է «երկրպագուի» հոգեբանությունը:

Այսինքն՝ մեր հանրության երկու հատվածներ, ինչպես մարզական խաղի դեպքում, համաձայն սեփական նախասիրությունների, «երկրպագում» են այս կամ այն կողմին, որպես կանոն, զգացական մակարդակում՝ «գեղեցիկ կոմբինացիաների» համար, մինչդեռ Հայաստանին անմիջականորեն սահմանակցող Մերձավոր Արևելքում ընթացող խոշոր աշխարհաքաղաքական փոփոխությունները ենթադրում են հստակ պրագմատիկ մոտեցումներ, որտեղ պետք է կարևորվի ոչ թե այս կամ այն կողմի «կոմբինացիայի» գեղեցկությունը, այլ առաջին հերթին դրա մեզ ձեռնտու կամ օգտակար լինելու հանգամանքը:

Հետևաբար, բոլոր այն քննարկումները, որտեղ որպես ելակետ չի ընդունվում վերոնշյալը, իրականում անպտուղ և ավելին՝ կեղծ են մեր շահերի տեսանկյունից, քանի որ ի սկզբանե աղճատում են հարցի վերաբերյալ մեզանում տեղի ունենալիք քննարկման ինքնին ենթադրվող բուն տրամաբանությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել