Այս տարվա հուլիսի վերջի տվյալներով՝ Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 196.755 դրամ։ Այդ թվում՝ պետական հատվածի աշխատողների միջին աշխատավարձը կազմել է 182.023 դրամ, մասնավոր հատվածում՝ 216.990 դրամ։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության զեկույցից։

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ Հայաստանում ամենից բարձր վարձատրվում են ֆինանսական և ապահովագրական գործունեության ոլորտի աշխատակիցները։ Այստեղ միջին ամսական անվանական աշխատավարձը 418.719 դրամ է։ Ընդ որում, պետական սեկտորում ֆինանսիստներն ավելի լավ են վարձատրվում (789.589 դրամ), քան մասնավորում (396.744 դրամ)։

Երկրորդ տեղում տեղեկատվության և կապի ոլորտն է, որտեղ միջին աշխատավարձը 359.832 դրամ է։ Սրան հաջորդում է պետական կառավարման և պաշտպանության ոլորտը (264.088 դրամ)։

salary-scale

Հանրապետական միջինից բարձր աշխատավարձ են ստանում նաև շինարարության և արդյունաբերության ոլորտներում։

Ըստ նույն աղբյուրի՝ ամենից քիչ վարձատրվող ոլորտներն են կացության և հանրային սննդի կազմակերպումը (միջին անվանական ամսական աշխատավարձը՝ 119.517 դրամ), սպասարկման այլ ծառայությունները (120.149 դրամ) և կրթությունը (124.971 դրամ)։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել