Հետևելով սահմանադրական փոփոխությունների հետ կապված քննարկումների գործընթացին՝ ինքս որպես «Այո»-ի կողմնակից կարող եմ արձանագրել, որ «Այո»-ի կողմնակիցների կողմից հասարակության տարբեր շերտերի հետ կատարվում են բացատրական և իրազեկման աշխատանքներ՝ դրա համար օգտագործելով հնարավոր հանրային հարթակները, մասնավորապես՝ լրատվամիջոցների, հեռուստահաղորդումների, ասուլիսների միջոցով: «Այո»-ի կողմնակիցները, որպես կանոն, հիմնավորում են իրենց տեսակետները, բացատրում են, թե ինչու և ինչին են կողմ: Նույնը չէի ասի «Ոչ»-ի ճակատի մասին, քանի որ բացի 2-3 ասուլիսից կարծես թե այլ միջոցառում այս ընթացքում չեմ նկատել: Փողոցային հանրահավաքները, որոնք ժամանակ առ ժամանակ կազմակերպվում են նրանց կողմից, ես չեմ հաշվում, որովհետև իմ կարծիքով փողոցային պայքարն արդեն արժեզրկվել է, հանրահավաքները վեր են ածվել «մանրահավաքների», և փողոցային միջոցառումներն այսօր իրենց արդյունավետությամբ զբաղեցնում են վերջին տեղը:

Կապ չունի՝ գործիչը պայքարում է «Այո»-ի, թե «Ոչ»-ի համար, երկու դեպքում էլ գործիչն իր առջև պետք է խնդիր դնի իր ձայնն ավելի լայն զանգվածներին հասցնելը: Իսկ փողոցային ֆորմատն այդ հնարավորությունն այլևս չի տալիս: Լավագույն դեպքում 100-200 հոգանոց միջոցառումները, որոնց ընթացքում էլ գերակշռում են թեմայից դուրս հակաիշխանական կոչերը, այլ ոչ թե կոնկրետ հասցեագրված ասելիքն ու սեփական առաջարկները, չեն ավելացնում «Ոչ»-ի կողմնակիցների թիվը, այլ միայն նվազեցնում են: Մարդիկ այսօր ավելի շատ ոչ թե ռադիկալ, ամեն ինչ մերժող և ամեն ինչին հուզականորեն հակառակվող, այլ կառուցողական, ինստիտուցիոնալ ընդդիմության կարիքն ունեն, ընդդիմության, որը քաղաքական հակառակորդին հայհոյելու և փնովելու փոխարեն այդ նույն հակառակորդի հետ դեմ առ դեմ քննարկումների միջոցով կլուծի հարցեր՝ ակտիվ մասնակցություն ցուցաբերելով գործընցաթներին:

Օրինակ՝ ՀԷՑ-ի աուդիտի արդյուքները ևս մեկ անգամ զգացնել տվեցին կառուցողական ընդդիմության պակասը։ Մինչ մեր ընդդիմությունը փողոցում իշխանություն էր հայհոյում, փոխանակ վերահսկելու գործընթացը, քննարկումներին մասնակցելու, աուդիտն անցկացվեց, ու որոշումն ընդունվեց: Նույնը կարող է լինել սահմանադրական փոփոխությունների դեպքում, իսկ հետո «Ոչ»-ի կողմնակիցները կասեն, թե կեղծված էր: Ոչ, հարգելիներս, ի տարբերություն նախագահական ընտրությունների՝ այս դեպքում կեղծելու կարիք չի լինի, քանի որ «Այո»-ի կողմնակիցների աշխատանքն ակնհայտորեն ավելի արդյունավետ է, և կողմն լինողներն իմ կարծիքով անհամեմատ ավելի շատ կլինեն: Եվ թեպետ ես կողմ եմ «Այո»-ին, բայց կուզեի, որ «Ոչ»-ի կողմնակիցներն ավելի ակտիվացնեն իրենց գործունեությունը, օգտագործեն հնարավոր բոլոր հարթակները՝ հույսը չդնելով միայն փողոցային միջոցառումների վրա: Ցանկալի է, որ այսուհետ լինեն ավելի շատ բաց քննարկումներ, ավելի շատ հեռուստահաղորդումներ՝ բոլոր կողմերի մասնակցությամբ: Ցանկալի է, որ պայքարը լինի արդար, առողջ, և բոլոր կողմերը հնարավորություն ունենան լիարժեքորեն արտահայտվելու:

Խոսքս, իհարկե, գաղափարապես «Ոչ»-ի կողմնակիցների մասին է, այլ ոչ թե «Ոչ»-ի ճակատում ընդգրկված այն նախկին իշխանավորների, որոնց բուն նպատակն իրենց կորցրած աթոռները հետ բերելն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել