Tert.am-ը գրում է.

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր կառավարության նիստին անդրադարձավ ՀԷՑ-ի վաճառքին ու նշեց, որ ՀՀ իշխանությունները դիմել են էին «Տաշիր» խմբի նախագահ, հայրենակից Սամվել Կարապետյանին՝ քննարկել բաժնետեր «ԻՆՏԵՐ ՌԱՈ ընկերության հետ Հայաստանի էլեկտրական ցանցերի ձեռք բերման հարցը՝ հաշվի առնելով, որ «Տաշիրի» կազմում գործող «Կասկադ-Էներգո» ընկերությունը հանդիսանում է լավագույններից մեկը Ռուսաստանի Դաշնությունում։

«Ընդառաջելով մեր խնդրանքին, կարճ ժամանակահատվածում «Տաշիր» խումբը բանակցեց և արդեն ստորագրեց Հայաստանում էներգետիկ ակտիվների ձեռք բերման պայմանագիր «ԻՆՏԵՐ ՌԱՈ» խմբի հետ, որի համար հայտնում ենք մեր շնորհակալությունը: Այսօր ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն արդեն իսկ համաձայնություն է տվել այդ գործարքին: Մեր խնդրանքով «Տաշիր» խումբը պարտավորվել է 5 տարիների ընթացքում ընկերությունում ներդնել միջազգային ստանդարտներին համապատասխան կառավարում և իջեցնել տեխնոլոգիական և առևտրային կորուստները»,- ասաց նա:

Վարչապետը նշեց, որ միաժամանակ «Տաշիր» խմբի նախագահ Սամվել Կարապետյանը պատրաստակամություն է հայտնել իր անձնական միջոցների հաշվին մինչև 2016թ. օգոստոսի 1-ը կառավարության հետ հավասար հիմունքներով փոխհատուցել սակագների տարբերությունը ամսական մինչև 250 կիլովատ էլեկտրաէներգիա օգտագործող բնակչության և փոքր բիզնեսի համար։

«Մանրամասնեմ մեր մոտեցումը. Հայաստանի Հանրապետության 766 հազար 889 բաժանորդներից միջին հաշվով 250 կիլովատ ամսական օգտագործում են 604 հազարը կամ բնակչության շուրջ 79 տոկոսը: Մենք փոխհատուցելու ենք բնակչության այդ հատվածի և ամսական մինչև 500 կիլովատ օգտագործող փոքր բիզնեսի համար 250 կիլովատ էլեկտրաէներգիայի արժեքը: Իսկ ավելի մեծ սպառում, այսինքն՝ ավելի մեծ ֆինանսական հնարավորություններ ունեցող քաղաքացիները, կարծում եմ, պետք է իրենց վրա վերցնեն օբյեկտիվ իրավիճակով պայմանավորված սակագների տարբերությունը»,-ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել