Ճիշտ է՝ արտաքին միջավայրում առկա են անբարենպաստ պայմաններ, այնուհանդերձ, ըստ պաշտոնական տվյալների, ՀՀ-ին հաջողվել է տարեսկզբի ութ ամիսներին դրական տեղաշարժեր գրանցել։ Ճիշտ է` դեռ շուտ է խոսել տարեվերջի տնտեսական ակտիվության կանխատեսումներից, բայց կարելի է ենթադրել, որ եթե առաջին կիսամյակի 4,1 տոկոսի համեմատ առաջիկա ամիսներին տնտեսական աճը որոշ չափով նույնիսկ նվազի, ապա դա ևս լավ արդյունք պետք է համարել Հայաստանի համար՝ տարածաշրջանային ոչ բարվոք տնտեսական գործընթացների պայմաններում։

Գաղտնիք չէ, որ տարեսկզբից Հայաստանի տնտեսությունը գտնվում էր արտաքին բավական լուրջ ճնշումների տակ, որն էլ արտահայտվեց ինչպես Ռուսաստանի տնտեսության մեջ ու ֆինանսական համակարգերում տեղի ունեցող դրսևորումներով, այնպես էլ արտահանման որոշ շուկաներում ի հայտ եկած գնային ոչ նպաստավոր միջավայրով։

Ռուբլու այսպիսի կարգավիճակն ամենևին էլ չի բխում հայաստանյան արտահանողների շահերից, քանի որ այս շուկայում հայկական ապրանքների իրացման վրա մեծ է սպառողական պահանջարկի կրճատումը, որի պատճառը գնողունակության անկումն է։ 
Հարկ է նշել, որ ՀՀ տնտեսությունը լուրջ ճնշումների տակ է նաև հանքահումքային ապրանքների շուկաներում առկա գնային անկայունությունների հետևանքով։ Մասնավորապես՝ զգալիորեն նվազել է պղնձի գինը, ինչը բնականաբար նպաստավոր չէ ոլորտի հայկական ընկերությունների համար։ Պղնձի համաշխարհային շուկայում վերջին մի քանի ամիսներին գները լողում են տոննայի դիմաց 4,9-5,4 հազար դոլարի միջակայքում։ Թեև Թեղուտի հանքի շահագործման արդյունքում հաջողվեց ոլորտում պահպանել տնտեսական աճը, այնուհանդերձ, դա տեղի է ունենում միջազգային շուկաների գնային ոչ նպաստավոր իրավիճակի պայմաններում։

Արտաքին հատվածում ի հայտ եկած մարտահրավերների հետևանքով տարեսկզբին Հայաստանի տնտեսությունը մի պահ նույնիսկ հայտնվեց անկման մեջ, սակայն ձեռնարկված միջոցառումների արդյունքում կառավարությանն այնուհանդերձ հաջողվեց աստիճանաբար շտկել իրավիճակը և տնտեսությունը ոչ միայն դուրս բերել անկումից, այլև պահպանվող դժվարությունների պայմաններում ապահովել բավական բարձր տնտեսական աճ։

Կառավարության քայլերն տվեցին իրենց արդյունքը։ Հայաստանի արտահանման կառուցվածքում այս տարի նկատվում են կարևոր ձեռքբերումներ։ Գործընկեր որոշ երկրներում ի հայտ եկած դժվարությունների հետևանքով հայկական ապրանքները փորձում են իրացման նոր շուկաներ գտնել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել