Exclusive
«ATV» հեռուստաընկերությամբ շուտով կվերսկսվի լուսանկարիչ Վիգեն Մնոյանի «Պորտֆոլիո» հաղորդումը, որը ժամանակին մեծ հետաքրքրություն էր վայելում։ BlogNews-ի հետ զրույցում Վիգենն ասաց, որ 7-8 տարի դադարից հետո հաղորդումը կրկին եթերում կլինի որոշակի փոփոխություններով։

«Աստղերի հետ լինելու է հարցազրույց և ֆոտոշարք։ Եթե նախկինում ես հանդես էի գալիս որպես հաղորդավար, հիմա իմ ներկայությունը լինելու է մինիմալ։ Հարցը կհնչի կադրից դուրս, որին կհաջորդի հյուրի պատասխանը։ Դիմանկարի ժանրով ենք արել»,- ասաց Վիգենը՝ նկատելով, որ փոխվել է նաև տաղավարը։
Լուսանկարիչը նշեց, որ հաղորդումը բավականին ժամանակատար է, քանի որ մեծ քանակությամբ լուսանկարներ են արվում, որոնք պետք է մշակվեն, այդ իսկ պատճառով հաղորդումը եթերում կլինի շաբաթը 1 անգամ՝ կիրակի օրերին։ Առաջին թողարկումը կհեռարձակվի հոկտեմբերի 11-ին։

Վիգենի փոխանցմամբ՝ հաղորդմանը հյուրընկալվելու են ոչ միայն հայ, այլև ռուս հայտնիներ։ Արդեն նկարահանվել են Մկոն, Անահիտ Սիմոնյանը, Ալինա Մարտիրոսյանը, Գայանե Ասլամազյանը, Մարտին Մկրտչյանը, Նարինե Սուլթանյանը, Ռազմիկ Ամյանը, Ժաննա Էպպլեն, Աննա Չուրինան, Եկատերինա Վոլկովան, Պավել Դերևյանկոն և այլք։
Անդրադառնալով հաղորդման երկարատև դադարին՝ Վիգենն ասաց, որ իր կարծիքով՝ այն պահանջված է։ «Հիմա լուսանկարչության նկատմամբ հետաքրքրությունն ավելի է մեծացել։ Կարծում եմ՝ հաղորդման նկատմամբ էլ հետաքրքրություն կլինի։ Ես մի քանի տարի աշխատում էի Մոսկվայում, սակայն պարբերաբար գալիս էի Երևան։ Բացի «Պորտֆոլիոն», ես 2 այլ հաղորդում էլ եմ ունեցել, սակայն ինձ միշտ հենց այս հաղորդման մասին էին հարցնում և ասում՝ ափսոս, որ այլևս եթերում չէ»,- ասաց նա։











Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի
Լուսանկարները՝ Վիգեն Մնոյանի



