Նյու Յորքում տեղի է ունենում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի հոբելյանական 70-րդ նստաշրջանը:
Համաշխարհային կազմակերպության ամբիոնից ելույթ են ունենում 17 երկրների առաջնորդներ, այդ թվում՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Չինաստանի, Իրանի նախագահները:

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանում Իրանի նախագահ Հասան Ռոհանին իր ելույթի սկզբում ցավակցություն է հայտնել Մեքքայում ուխտագնացության ժամանակ տեղի ունեցած դժբախտ պատահարի առիթով, որի արդյունքում մահացել է Իրանի 43 քաղաքացի: Նրա խոսքով՝ այդ մարդիկ զոհ են գնացել ուխտագնացության համար պատասխանատուների անփութության հետևանքով:

Խոսելով ահաբեկչություններից՝ Իրանի նախագահն առաջարկել է դրանց դեմ պայքարում միջազգային իրավական փաստաթուղթ կիրառել:
Ռոհանին իր ափսոսանքն է հայտնել այն կապակցությամբ, որ տարածաշրջանի ժողովրդական ընդվզումները ղեկավարվում են ահաբեկիչների կողմից: Նա ընդգծել է, որ իրենք պատրաստ են մասնակցել ահաբեկչության վերացմանը:

Ռոհանին իր ելույթում անդրադարձել է նաև միջուկային համաձայնագրին, նշել, որ այն պատերազմի դեմ տարած հաղթանակի լավագույն օրինակն է: Նրա խոսքով՝ միջուկային խնդրի շուրջ ընդունված փաստաթուղթը կարող է նախադեպ դառնալ որոշ երկրների համար, որպեսզի պատերազմելու փոխարեն սկսեն երկխոսել: Ըստ Ռոհանիի՝ համաձայնագիրը կարող է նոր դարաշրջանի հիմք դառնալ ու հանգեցնել տարածաշրջանում ամուր խաղաղությանն ու կայունությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել