Վերջին օրերին Ադրբեջանի ԶՈՒ-ն ակտիվացավ՝ թե՛ ԼՂՀ-ի, թե Հայաստանի հետ սահմաններում սրելով իրավիճակը, խախտելով հրադադարի ռեժիմը:
Ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափերի զենքերից հարվածներ էր հասցնում ոչ միայն սահմանագծի տարբեր հատվածների, այլ նաև սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ: Դրա հետևանքով ՀՀ չորս խաղաղ բնակիչ զոհվեց: Հայկական կողմն ինչպես միշտ կազմակերպեց պատժիչ գործողություններ, որի ընթացքում կոյունլուներն ունեցան մի քանի տասնյակ զոհ, գրավվեց երկու ադրբեջանական հենակետ: Սակայն Ադրբեջանը, հավատարիմ մնալով զինվորի վրա թքած ունենալու սկզբունքին, շարունակեց սադրիչ գործողությունները: 
Սահմանին տիրող իրավիճակի մասին իրենց կարծիքներով հանդես եկան տարբեր կազմակերպություններ, անձիք և այլն: Դրանցից հիշատակման են արժանի ռուսական «лента.ру»-ի և իհարկե «մեծն» ԵԱՀԿ Մինսկի խմբի կատարած անդրադարձերը:

Առաջինը՝ «лента.ру»-ն վերլուծություն էր կատարել և կանխատեսել, որ լայնամասշտաբ բախում չի լինի, քանի որ սկսած 1994 թվականից՝ կողմերը կարողացել են խուսափել բախումից: Սակայն «лента.ру»-ն Ադրբեջանին համարում է պատերազմ հրահրող կողմ՝ միևնույն ժամանակ ռազմատեխնիկական առավելություն տալով Բաքվին:

Իսկ ԵԱՀԿ-ն իր ավանդական դարձած կոչով է հանդես եկել՝ կոչ անելով ԵՐԿՈՒ կողմերին չսրել իրավիճակը: Հետաքրքիր է, թե համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) և Պիեր Անդրիյոն (Ֆրանսիա) ձևացնո՞ւմ են, թե իսկապես չգիտեն, թե այդ ճղճիմ հայտարարություններից բացի ինչ անել: Այս երեքը տրվել են խոսքի զորությանը՝ մոռանալով գործելու մասին : 

Ադրբեջանի արկածների հեղինակը նրանց Էրդողան եղբայրն է: Ակտիվացնելով Ադրբեջանին՝ Թուրքիան փորձում է շեղել Պուտինին Ասադի հետ համատեղ ծրագրից, բայց ինչպես երևում է՝ պլանը ձախողվեց, քանի որ ռուսական ռազմաօդային ուժերը, SAAF-ի հետ համաձայնեցնելով գործողությունները, ոչնչացրել են «Ադրբեջանական բատալյոն», որը կռվում էր Ասադի դեմ:

Տարօրինակ է, թե ինչու ժամանակին Ռուսաստանին համարելով ագրեսոր՝ Եվրոպան և ԱՄՆ-ը պատժամիջոցներ կիրառեցին, իսկ Ադրբեջանի նկատմամբ, որն իրական վտանգ է, ոչ մի հստակ քաղաքական կամ տնտեսական պատժամիջոց չի կիրառվում: Հենց այստեղ է երևում նավթի զորությունը:

Ադրբեջանի նավթադոլարներից էր օգտվում նաև Մ. Բրայզան, ով որոշել էր անդրադառնալ ՀՀ նախագահ և գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի ելույթին, որում նախագահն ասել է, որ Ղարաբաղը Հայաստանի անքակտելի մասն է: Բրայզան այս խոսքերն անցկացրել է սեփական պրիզմայով և հետո որոշել է իր զարմանքն արտահայտել:
Բրայզան զարմացել է, որ ՀՀ առաջնորդը Ղարաբաղը համարել է Հայաստան, և նրա կարծիքով՝ այդ կերպ նախագահ Սարգսյանն անարգել է ԼՂՀ-ի անկախությունը: Այս ԴԻՎԱՆԱԳԵՏԸ երևի չի հասկացել, որ նախագահն ասել է անքակտելի մաս, այսինքն՝ Հայկական երկրորդ հանրապետություն: Պարզ է, որ Բրայզան հակահայ քաղաքականություն վարելու համար համապատասխան ատյաններից տարրաբնույթ պարգևներ է ակնկալում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել