Tert.am-ը գրում է.

Արմավիրի մարզի Վարդանաշեն գյուղից և Երևանից 6 և 7 տարեկան երեխաներ, ծանր աստիճանի սուր դեղորայքային թունավորում ախտորոշմամբ, սեպտեմբերի 25-ին տեղափոխվել են Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի մանկական թունաբանական կենտրոն:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունից, ծանր թունավորման պատճառ է դարձել երկու երեխաների` նույն ընտանիքում (երեխաները բարեկամներ են) միաժամանակ երեք դեղամիջոցի օգտագործումը, որը նրանք նույնացրել են կոնֆետների հետ:

Երեխաները կենտրոն են ընդունվել անգիտակից, ծայրահեղ ծանր վիճակում, սակայն բուժանձնակազմի բարձր պատրաստվածության և անհրաժեշտ հակաթույնային բուժման շնորհիվ նրանց կյանքը հաջողվել է փրկել:

Սեպտեմբերի 28-ին փոքրիկներն արդեն դուրս են գրվել հիվանդանոցից: Բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատում են լավ:

ՀՀ առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում է ծնողներին կենցաղային վտանգավոր քիմիական նյութերը, ինչպես նաև դեղորայքը պահել փակվող պահարաններում կամ երեխաներին անհասանելի այլ վայրերում: Չափազանց ուշադիր լինել վտանգավոր քիմիական նյութերն օգտագործելիս, քանի որ հենց այդ ընթացքում դրանք կարող են երեխաներին հասանելի դառնալ: Թունավոր նյութերը պահել գործարանային սրվակների և տուփերի մեջ` պահպանելով նախազգուշացնող պիտակները` շփոթությունից խուսափելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել