Տևական ժամանակ է, ինչ երգիչ Անդրեն ԱՄՆ-ում է։ Նրա՝ ԱՄՆ այցի հետ կապված այս ընթացքում տարաբնույթ խոսակցություններ են պտտվում։ Նախ լուրեր տարածվեցին, որ Անդրեն ԱՄՆ-ում նշանվել է, ապա, որ նա մշտական բնակության է մեկնել ԱՄՆ։ BlogNews.am-ի հետ զրույցում Անդրեն ասաց, որ անձնական կյանքին վերաբերող որևէ մեկնաբանություն տալ չի ցանկանում։

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ում մշտական բնակություն հաստատելու լուրերին՝ երգիչն ասաց. «ԱՄՆ-ում եմ մի շարք համերգների հրավերներով։ Այս 12-13 տարվա ընթացքում եղել են դեպքեր, որ ավելի երկար եմ մնացել ԱՄՆ-ում, միշտ էլ նման խոսակցություններ եղել են և կլինեն։ Նպատակներ կան, որոնք պետք է իրագործեմ՝ նոր աշխատանքներ և երազանքներ։ Հաշվենք՝ սա էլ իմ ամառային հանգիստն էր երկար և բարդ դասերից հետո. 2014 թվականն ինձ համար բավականին բուռն էր աշխատանքային առումով»,- ասաց նա ու հավելեց, որ այժմ վայելում է իր ազատ ժամանակն ու ստեղծում նոր մտքեր, ծրագրեր։

Երգիչը նշեց, որ ամերիկաբնակ հանդիսատեսն իրեն շատ է սիրում և գնահատում. «Այս ընթացքում ԱՄՆ-ում մի շարք համերգներ ունեմ, և նրանք իրենց կարոտը կառնեն։ Քանի որ դժվար է ամեն անգամ 18 ժամ ճամփորդել Ամերիկա, նախընտրեցի մնալ տեղում։ Փառք Աստծո, ունեմ լավ բարեկամներ և հարազատներ, ովքեր իմ տունն են այստեղ՝ օտար ափերում»։

Անդրեից տեղեկացանք նաև, որ նոր նախագիծ ունի, որը դեռ «եփման» ընթացքում է։ «Հուսով եմ՝ շատ շուտով այն պատրաստ կլինի, և կներկայացնեմ հեռուստադիտողներին։ Այն իր տեսակի մեջ լինելու է առաջինը։ Աստված առաջ»,- եզրափակեց երգիչը։

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել