Երգիչ Էրիկը բուռն աշխատանքային փուլում է. նա պատրաստվում է նոյեմբերի 28-ին կայանալիք մենահամերգին։ Երգիչը մտադիր է ներկայացնել ինչպես հին ու արդեն սիրված, այնպես էլ նոր երգեր։ BlogNews.am-ի հետ զրույցում Էրիկն ասաց, որ երկրպագուներին անակնկալներ են սպասվում։

Էրիկն ասաց, որ շեշտը դրել են լավ հնչողության վրա, համերգը լինելու է սիմֆոնիկ նվագախմբի 60-65 երաժիշտների նվագակցությամբ։ «Դա բավականին դժվար աշխատանք է։ Գրեթե ամբողջ տարին աշխատել ենք այդ ուղղությամբ։ Կարծում եմ՝ իմ ժանրի համար կստանանք տարբերվող համերգ,- ասաց Էրիկն ու հավելեց, որ մեծ պատասխանատվությամբ է պատրաստվում այս համերգին։- Ինձ համար ամենակարևորն այն է, որ մարդիկ համերգիցս հիացած հեռանան, ու եթե ես հաջորդ տարի էլ համերգ ունենամ, մարդիկ կրկին գան։ Ես ամեն ինչ անելու եմ դրա համար»։ Երգիչը նշեց նաև, որ սպասվում է հետաքրքիր շոու ծրագիր։

Վերջին շրջանում հաճախ է քննարկվում, որ Հայաստանում համերգ կազմակերպելն այլևս չի արդարացնում իրեն, և երգիչները հաճախ տոմսերը ռեալիզացնելու խնդիր են ունենում։ «Ես աշխատում եմ մնալ դաշտում, սակայն չհիմնվել այդ ուսումնասիրությունների վրա, քանի որ ունեմ իմ տեսակետն այդ մասին։ Ես ունեմ իմ հանդիսատեսը, որը միշտ պատրաստ է գալ իմ համերգին։ Ես հո զգում եմ՝ այս պահին որքանով եմ ցանկալի հանդիսատեսի համար։ Չեմ հիշում՝ վերջին անգամ երբ է Հայաստանում հայ արտիստի համերգ եղել։ Միգուցե եթե լիներ, կգային։ Մոտ երկուսուկես տարի առաջ եղան Արսեն Սաֆարյանի, Քրիստինե Պեպելյանի համերգները, որոնք բավականին լավ անցան, տոմսերն էլ վաճառվել են։ Բնականաբար, հասարակության մոտ այսօր ֆինանսական խնդիրներ կան, սակայն ես տեսնում եմ շարժ։ Եթե մարդիկ գնում են արտերկրացի արտիստների համերգներին, հայ արտիստների համերգներին նույնպես կգնան, պարզապես պետք է լավ, ոչ շաբլոն ծրագիր ներկայացնել»,- ասաց նա։

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել