Tert.am-ը գրում է.

Թաիլանդի ոստիկանությունը հաստատել է Բանգկոկում տեղի ունեցած ահաբեկչության գործում ազգությամբ թուրք Ադեմ Քարադաղի անմիջական, չմիջնորդավորված մասնակցությունը, հայտնում է «Ինտերֆաքս»-ը։

«Հաստատված է, որ Ադեմն է եղել դեղին մարզաշապիկով տղամարդը, որին տեսել էին տեսահսկման տեսախցիկների ձայնագրություններում, այդ մասին հայտնել են թե՛ ականատեսները, թե՛ ինքն անձամբ»,-ասել է ոստիկանության ներկայացուցիչ Խրայուտ Տավորնսիրին։

Ոստիկանության տվյալներով՝ այն բանից հետո, երբ նա պայթուցիկ սարք է տեղադրել, մոտո-տաքսի է վերցրել և մոտակա այգիներից մեկում փոխել մարզաշապիկը։

Ադեմ Քարադաղը ձերբակալվել է Բանգկոկի հարավային մասում՝ անցյալ ամսվա վերջին։ Նրա տանը հայտնաբերվել էին նյութեր, որոնք անհրաժեշտ են պայթուցիկ սարքի պատրաստման համար, ինչպես նաև՝ տասնյակ կեղծ անձնագրեր։

Պայթյունը որոտացել էր Բանգկոկի կենտրոնում՝ օգոստոսի 17-ին՝ զբոսաշրջիկների սիրելի տաճարներից մեկի մոտակայքում։ Ահաբեկչության հետևանքով զոհվել էր առնվազն 20, վիրավորվել՝ 180 մարդ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել