Երեկ ողջ օրը սահմանամերձ գյուղերում էի, ահավոր էր վիճակը, ամենուր կրակոցի հետքեր, պայթած ականների մնացորդներ ու բեկորներ, վնասված տանիքներ ու ապակիներ, այրված տնակ ու մեքենաներ... զոհված երեք կին ու երկու վիրավոր: Երեք խաղաղ կանայք, ովքեր սպանվեցին հենց իրենց տանը: Մեկը՝ քնած ժամանակ, մեկը՝ այգում գործ անելիս, մյուսն էլ՝ ճաշելիս: Մենք, ովքեր սահմանից հեռու ենք, իրականում պատկերացում անգամ չունենք, թե ինչ է կատարվում այնտեղ իրականում, ու ինչքան լավ տեղ ենք ապրում: Միևնույն ժամանակ սահմանամերձ գյուղի բնակչին, ով նաև սահմանապահ է, պետությունը պետք է և պարտավոր է դիտարկել այլ տեսանկյունից, ու չարժե Երևանին կամ Վանաձորին հարակից գյուղն ու սահմանամերձ Պառավաքարն ու Բերդավանը դնել նույն նժարի վրա: Ճիշտ է, մարզպետ Վարդան Աբովյանը երեկ վստահեցրեց, որ բնակիչների կրած նյութական վնասներն ամբողջությամբ փոխհատուցվելու են, սակայն դա բավարար չէ: Սահմանամերձ գյուղերին ավելի շատ ուշադրություն ու արտոնություն է պետք, թուրքին լռեցնողը մեր սահմաապահ գյուղացին է, ով, նայելով թուրքի զենքին, չի դադարում այգի մշակել ու բերք հավաքել, ապրել ու շենացնել այսքան վտանգավոր, բայց նաև ռազմավարական կարևորություն ունեցող սահմանապահ գյուղը՝ վտանգելով իրենց իսկ երեխաների կյանքը, բայց մտածելով մեր իսկ երեխաների մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել