Tert.am-ը գրում է.

Այնպիսի օր կամ գիշեր չկա, որ Ադրբեջանը չկրակի՝ օրեցօր հզորացող զենքով. այս մասին հայտարարել է «Հայաստանի եվրոպական բարեկամներ» կազմակերպության խորհրդատվական խորհրդի անդամներից ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանը։

Պատգամավորը մասնավորապես ասել է. «Պատերազմն ինքնին անթույլատրելի է, քաղաքացիների ուղղությամբ  կրակելը անթույլատրելի է: Կրակում են զինվորների վրա, թեև Ադրբեջանի և Ղարաբաղի միջև հրադադար է գործում, ինչը պետք է արդեն դատապարտվի:

Մյուս կողմից` սա չի զարմացնում: Արդեն տևական ժամանակ Ադրբեջանը քանիցս կրակ է բացել Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում: Ես հենց նոր եմ վերադարձել Ղարաբաղից, այնտեղ էի անցյալ կիրակի: Այս ամիս չեմ եղել առաջնագծում, բայց այնտեղ եղել եմ մայիսին: Ես տեսել եմ իրավիճակը, լսել եմ  մոտակայքում հնչող կրակոցների ձայնը:  

Այնպիսի օր կամ գիշեր չկա, որ Ադրբեջանը չկրակի՝  օրեցօր հզորացող զենքով: Զինվորները սպանվում են, իսկ այսօր նրանք արդեն քաղաքացիների ուղղությամբ են կրակում: Դա  ընդհանրապես  անընդունելի է: Սա Ադրբեջանի կողմից ճակատային հարձակում է Հայաստանի վրա:

Կոչ եմ անում Ֆրանսիային և նրա կառավարությանը, ինչպես նաև երկրի արտգործնախարարին` միջամտել  և ճնշում գործադրել Ադրբեջանի արտգործնախարարության վրա` համոզվելու, որ այս անթույլատրելի գործողությունները դադարեցվելու են: Դա պետք է անել շատ շուտ: Երբ տեսնում եմ որոշ ֆրանսիացի պատգամավորների Ադրբեջանին աջակցելիս, դա անընդունելի եմ համարում»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել