Tert.am-ը գրում է.

Տավուշի մարզի Բերդավան համայնքում երեկ  հակառակորդի գնդակոծության հետևանքով զոհված 94-ամյա Շուշան Ասատրյանի ընտանիքի համար սեպտեմբերի 24-ը ճակատագրական օր է: Այդ օրը ադրբեջանական գնդակից զոհվել է ոչ միայն Շուշան Ասատրյանը, այլ նրա որդին՝ Վարդան Ասատրյանը՝ 1994թ.-ին: Սեպտեմբերի 24-ին նաև լույս աշխարհ է եկել Վարդան Ասատրյանի թոռնիկը, ում անվանակոչել են պապի անունով: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Շուշան Ասատրյանի թոռնուհին՝ Լուսինե Շահնազարյանը:

«Քեռիս՝ Վարդան Ասատրյանը, պատերազմի տարիներին  թուրքի (ադրբեջանցու-tert.am) հետ մենամարտի ա բռնվել, ու ուզեցել ա թուրքին կենդանի գերի բերի իր հետ, որովհետև գյուղից 8 տարեկան տղա էին գերի տարել և քեռիս ուզեցել ա, որ երեխայի հետ էդ գերուն փոխանակեն: Բայց չի իմացել, որ էդ թուրքը խաղողի այգիներում զենք ա պահած ունեցել, թեքվել ա զենքը վերցրել՝ խփել, ու քեռիս մահացել ա»,- պատմեց Լուսինեն:

Լուսինեն մանրամասներ պատմեց երեկվա միջադեպից, որի հետևանքով զոհվել էր տատը և ոտքից վիրավորվել մորաքույրը՝ Արփիկ Մարալչյանը: Լուսինե Շահնազարյանը նշեց, որ երկու մորաքույրներն էլ տատի կողքին են եղել, խնամել նրան: 

«Մամաս էլ է էնտեղ եղել էդ ժամանակ, շուտ դուրս է եկել, իսկ երկու մորքուրներս մնացել են: Հետո երբ  տրաքոցը եղել է, էն մի մորքուրս ասել ա՝ Արփիկ ոտքիցդ արյուն ա գալիս: Խառնվել են, մորքուրիս հանել, հիվանդանոց տանեն, հետո հետ են եկել տեսել տատիկս չկա, գնդակը գլխին ա կպել»,- պատմեց նա:

Լուսինեն նշեց, որ ոտքից վիրավորված 62-ամյա Արփիկ Մարալչյանը հիվանդանոցից դուրս է գրվել, նրա առողջական վիճակը բավարար է:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 24-ին երեկոյան Տավուշի սահմանամերձ բնակավայրերի գնդակոծման հետևանքով 3 խաղաղ բնակիչ է զոհվել, երկուսը` Բերդավանի, մեկը Պառավաքարի բնակիչ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել