Tert.am-ը գրում է.

«Հիշում եմ և պահանջում» փորձագիտական համաժողովի` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ծրագրի ընթացքի և կայացած միջոցառումների արդյունքների ամփոփմանը ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հայտարարեց, թե այս տարին ցույց տվեց, որ եթե ուզենանք, շատ բան կարող ենք անել: «Ուս ուսի կանգնենք, սարեր շուռ կտանք»,-հայտարարեց նա:

Հրանուշ Հակոբյանը նշեց, որ քարոզչական առումով մեծ հաջողություններ են գրանցել, շնորհիվ  նաև Էրդողանի, քանի որ Գալիպոլիի միջոցառումը ապրիլի 24-ին նշելը մեզ համար PR-ի լավագույն միջոց էր:

Հրանուշ Հակոբյանը հերթականությամբ թվարկեց կատարված  հսկայածավալ աշխատանքը:

«Աշխարհի ամենատարբեր ծայրերից Հայաստան էին ժամանել հեղինակավոր լրատվամիջոցներ` լուսաբանելու մեր երկրում տեղի ունեցող միջոցառումները: Երուսաղեմից, Եգիպտոսից, Լիբանանից, Ֆրանսիայից, Իտալիայից և բազմաթիվ այլ երկրներից էին եկել: Հատկապես ուզում եմ առանձնացնել իտալական լրատվամիջոցների աշխատանքը. նրանք ֆիլմ էին նկարել Հայոց ցեղասպանության մասին»,- ասաց Հակոբյանը:

Նա հատկապես առանձնացրեց Սիրիայի համայնքի կատարած աշխատանքները:

«Ողջ աշխարհն էր հաղորդ Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, նույնիսկ Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունում ցույց արեցին, որտեղ ապրում է ընդամենը 60 հայ»,-ասաց նա:

Հրանուշ Հակոբյանի խոսքով՝ շնորհակալ է Նախագահ Սերժ Սարգսյանից, որի առաջարկով պետք է ձևավորվի համահայկական խորհուրդ, և որը պետք է համահայկական խնդիրներին անդրադառնա՝ հիմքում ունենալով Ցեղասպանությունը, նաև իր ջանքերն ուղղի ՀՀ-ի ուժեղացմանը, ԼՂՀ հարցի կարգավորմանն ու ճանաչմանը, հայոց լեզվի պահպանմանը, հայոց եկեղեցու շուրջ համախմբմանը և արտակարգ իրավիճակներում հայտնված հայերի աջակցությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել