Tert.am-ը գրում է.

Երևանում մեկնարկեց «Հիշում եմ և պահանջում» փորձագիտական համաժողովի` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ծրագրի ընթացքի վերաբերյալ քննարկումն ու կայացած միջոցառումների արդյունքների ամփոփումը:

100-րդ տարելիցի միջոցառումների համակարգող, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը տեղեկացրեց, որ վաղը կլինի նաև նիստ, որի ընթացքում մի շարք կարևոր որոշումներ կկայացվեն:

Վիգեն Սարգսյանը մասնավորապես շեշտեց, որ վաղվա նիստում հատկապես հանձնաժողովը կանդրադառնա ՀՀ Նախագահի կողմից Հայաստան-սփյուռք 5-րդ համաժողովին հնչեցված գաղափարին, այն է՝ ստեղծել «Համահայկական խորհուրդ»՝ կազմված սփյուռքի և Հայաստանի ներկայացուցիչներից:

«Կարծում եմ, դա լինելու է վաղվա նիստի առանցքը, նաև կարոր այլ հարցեր ևս կքննարկվեն և որոշումներ կկայացվեն»,- ասաց նա:

Ի դեպ, Վիգեն Սարգսյանը նկատեց, թե ընդունված բանաձևերն ու որոշումները մասնավորապես՝ ՄԱԿ-ում ընդունված երկու բանաձևերը ՀՀ-ի նախաձեռնությամբ, որոնք վերաբերում են ոչ միայն Հայոց ցեղասպանությանը, այլ ընդհանրապես ցեղասպանությունների կանխարգելմանն ու դատապարտմանը, ցույց են տալիս, որ ՀՀ-ն կայուն կերպով միջազգային հանրության մեջ ստանձնում է ցեղասպանության դեմ պայքարի առաջնորդի կերպարը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել