Հայ-իրանական հարաբերությունները դարավոր պատմություն ունեն: Խոսելով Իրանի և այնտեղ ապրող հայ համայնքի մասին՝ նշենք, որ այն Մերձավոր ու Միջին Արևելքի հնագույն, ամենախոշոր ու աչքի ընկնող համայնքներից է։

Իրանահայ համայնքի բացառիկությունը կայանում է նրանում, որ եթե Մերձավոր Արևելքի մի շարք երկրների հայ համայնքներ հիմնականում ձևավորվել կամ վերակազմավորվել են նոր և նորագույն ժամանակներում, հատկապես՝ Հայոց Ցեղասպանությունից և Արևմտյան Հայաստանի հայաթափումից հետո, ապա Իրանի հայ համայնքը դարերի պատմություն ունի:

Ներկայումս, ԻԻՀ Սահմանադրության համաձայն, Իրանի հայ համայնքն ունի կրոնական փոքրամասնության կարգավիճակ, որին շնորհվել է ներքին մշակութային, համայնքային և կրոնական ինքնավարություն: Որպես Իրանի հայ համայնքի հոգևոր և աշխարհիկ իշխանություն՝ պետության կողմից ճանաչվում են Իրանի հայոց երեք թեմերը` հյուսիսային (կենտրոնը` Թավրիզ), հարավային (կենտրոնը` Սպահան), կենտրոնական (կենտրոնը`Թեհրան):

Ներկայումս Իրանում հաշվվում է 55-60 հազար հոգանոց հայ համայնք, որի մեծ մասը` շուրջ 45-50 հազարը, կենտրոնացած է Թեհրանում: Իրանահայերի գերակշիռ մասը ճարտարապետներ, ինժեներներ, արհեստավորներ ու առևտրականներ են, ովքեր հիմնականում աշխատում են սպասարկման ոլորտում:

Նշենք, որ ժամանակին Իրանում հայ համայնքի թիվն ավելի մեծ է եղել: Վերջին տասնամյակներին Իրանից արտագաղթ է տեղի ունեցել, հիմնականում արևմտյան երկրներ, ինչը պայմանավորված է երկրում առկա քաղաքական և տնտեսական անկայունությամբ, ինչպես նաև տարածաշրջանում ստեղծված լարված իրավիճակով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել