BlogNews.am-ն իր ընթերցողներին պատմել է, թե ինչու «Ուրիշի հոգին» հեռուստասերիալում հաղորդավարուհի Աննա Գևորգյանին փոխարինել է դերասանուհի Աննա Հարությունյանը։ Աննան կրկին հեռուստասերիալում է նկարահանվում տևական դադարից հետո։
BlogNews.am-ի հետ զրույցում նա ասաց, որ տևական դադար ունեցավ, քանի որ մինչ այս հնչած առաջարկներն անհետաքրքիր էին իր դերասանական ես-ին. «Այս առաջարկը միանգամից ընդունեցի։ Այն բազմաբովանդակ է և բազմաշերտ, ես էլ կարոտած եմ, մեծ սիրով եմ սկսել նկարահանվել։ Կարծում եմ՝ այդ սիրուց լավ բան չկա»։
Աշխատակազմի փոփոխությունն Աննայի համար դժվար չի եղել։ Նրա խոսքով՝ միշտ ձգտում է նոր մարդկանց հետ աշխատել, քանի որ դա սեփական կարողությունները մեկնաբանելու լավ հնարավորություն է ընձեռում։
Դերասանուհու փոխանցմամբ՝ Աննա Գևորգյանի խաղը չի տեսել, չնայած բոլոր նոր նախագծերին հետևում է, որպեսզի տեղեկացված լինի։ «Այս դեպքում մեկնել էի հանգստի, այդ իսկ պատճառով բաց էի թողել այս նախագիծը։ Առաջարկը ստացա, երբ Պրահայում էի։ Կերպարը կներկայացնեմ այնպես, ինչպես ես եմ պատկերացնում՝ ելնելով ռեժիսորի առաջադրած խնդիրներից»,- ասաց նա։
Անդրադառնալով քննադատություններին, որ հնչում են այս հեռուստանովելի հասցեին՝ Աննան ասաց, որ տարակարծություններ եղել են և կլինեն։ «Ինչ վերաբերում է ինձ՝ ես հարցին մոտենում եմ որպես դերասանուհի։ Ինձ համար կարևորն այն է, որ կա աշխատելու նյութ և պատմություն, որի սկիզբն ու վերջը հայտնի է... Իրականում բավականին բարդ կերպար է. մի տեսարանի մեջ պարբերաբար կերպարանափոխվում ես... և հետո ամեն մեկի բանը չէ 25 տարեկանի մարմնով 45-ամյա կնոջ հոգեբանություն ներկայացնելը, այնպես որ, հուսանք` ամեն ինչ լավ կստացվի, հեռուստադիտողն էլ տհաճությամբ չի դիտի»,- եզրափակեց Աննան։
Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի