ԱԺ-ի Ժառանգության խմբակցությունում նույն Ժառանգություն կուսակցությունից բան չի մնացել կամ գրեթե բան չի մնացել: Ի սկզբանե այդ կուսակցությունից կար ընդամենը երկու անդամ՝ Զարուհի Փոստանջյանը և Ռուբիկ Հակոբյանը: Զարմանալի է, եթե մտածենք, որ որևէ կուսակցության ինչ-որ վարչություն նման որոշում է ընդունում, որ ընդամենը հինգ հոգանոց խմբակցությունում երեք հոգի ընդգրկվեն այլ կուսակցությունից և անկուսակցական պատգամավոր: 
Բնականաբար, պետք է մտածել, որ նման որոշում ընդունել է կուսակցության նախագահը՝ աներևույթ ուժերի պահանջներին ընդառաջ գնալով: Անտրամաբանական իրավիճակ էր ի սկզբանե: Այսինքն, եթե փորձ արվեր նույն խմբակցությունում որևէ հարցի նկատմամբ դիրքորոշումներում որոշել մեծամասնության կարծիքը, որը նորմալ կուսակցության պարագայում պետք է համահունչ լիներ նույն կուսակցության ծրագրերին, ապա այս պարագայում ուղղակի անտրամաբանական մի իրավիճակ էր ստացվում: Եթե այդ ծանր ու «դրամատիկ» իրավիճակին հավելենք այն փաստը, որ կուսակցության փոխնախագահ, խմբակցության անդամ Ռուբիկ Հակոբյանն էլ հրաժեշտ տվեց «հարազատ» կուսակցությանը, որտեղ փոխնախագահի կարգավիճակին հասավ շատ արագ, նաև այն պարզ երևացող իրողությունը, որ Զարուհու «ջրերն էլ նույն առվով չեն գնում» կուսակիցների հետ, ապա կստացվի, որ Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած կուսակցությունում ԱԺ խմբակցության մակարդակով «անունը կա, ամանումը չկա»: Մնում է ուղղակի շնորհակալ լինել այն բոլոր-բոլոր ընտրազեղծարարությունների հեղինակներին, նույնիսկ մեռած հոգիներին, ովքեր «սատարեցին» գործող նախագահին, թե չէ Ժառանգության խմբակցության պրոյեկցիան լինելու էր Րաֆֆի Հովհաննիսյանի նախագահությամբ կազմավորված կառավարությունում:
Հիմա արդեն մի այլ ձևի ու տրամաբանության մեջ է հասկացվում Րաֆֆու այն հորդորները ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ նախարարներին, որով նա ժամանակին կոչ էր անում միանալ իրեն՝ խոստանալով, որ իր նախագահության ժամանակ էլ նրանք կմնան իրենց պաշտոններին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել