Exclusive

Երգիչ Արմենչիկը երեկ ՀՀ նախագահի հրամանագրով արժանացավ ՀՀ վաստակավոր արտիստի կոչմանը, ինչը բուռն քննադատությունների ալիք բարձրացրեց: Արմենչիկին այդ կոչմանն անարժան համարեցին ոչ միայն մի շարք քաղաքացիներ, այլև նրա գործընկերներից շատերը:

BlogNews.am-ը փորձեց կապ հաստատել ամերիկաբնակ երգչի հետ՝ պարզելու նրա կարծիքն իր կոչման մասին, թե ինչ վերաբերմունք ունի նա քննադատությունների վերաբերյալ: Ի տարբերություն մյուս վաստակավորների, ովքեր ոգևորությամբ խոսում էին պարգևատրության մասին, Արմենչիկը չցանկացավ մեկնաբանել պատվավոր կոչմանն արժանանալը:

Համացանցում լուրեր են շրջանառվում, որ երգիչը հրաժարվել է վաստակավորի կոչումից՝ հաշվի առնելով քննադատությունների մեծ ալիքը: Նրա գործընկեր Տարոն Պողոսյանն Արմենչիկի հետ խոսելուց հետո մեզ փոխանցեց, որ երգիչը չի հրաժարվել կոչումից, չի էլ պատրաստվում հրաժարվել: 

Իր կողմից Տարոնն ավելացրեց. «Եթե մեր ազգի չակերտավոր արվեստագետ կոչվածներն ունենային Արմենի աշխատասիրության 5 %-ը, իրենք էլ ինչ-որ բանի կհասնեին այս կյանքում, երևի մի կոչում էլ իրենց կտային, ու այսքան նախանձ չէին լինի: Մոսկվայի Կրեմլի համերգասրահում համերգից հետո գլխավոր տնօրենն անձամբ մոտեցավ Արմենին, սեղմեց նրա ձեռքն ու ասաց, որ 2,5 ժամ տևողությամբ նման որակի համերգ, այն էլ՝ կենդանի հնչողությամբ իրենք չէին տեսել: Իսկ մեր ազգը, բնական է, նման բաներ չի նկատում»:

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել