EXCLUSIVE
Տևական ժամանակ է՝ երգչուհի Ժաննայից տեղեկություն չկա, նա չի մասնակցում համերգներին և նոր տեսահոլովակներ չի ներկայացնում: Նրա լռությունը տարբեր խոսակցությունների առիթ է տվել: BlogNews.am-ի հետ զրույցում երգչուհին նշել է, որ այժմ բնակվում է Ֆրանսիայում, նաև պատմել է ներկայիս գործունեության մասին.
«Քանի որ հիմա հայ երաժշտությունն ապրում է ոչ այնքան լավ ժամանակաշրջան, և երաժշտությունը վերածվել է միայն բիզնեսի, ցավոք հենց այդ երաժշտությունն է դարձել որակի և պրոֆեսիոնալիզմի օրինակ: Ես պարզապես որոշեցի որոշ ժամանակ դադար տալ, իսկ հիմա բնակվում եմ և՛ Ֆրանսիայում, և՛ Հայաստանում, բայց չեմ դադարում երգել: Լռելուս հիմնական պատճառը երգերի բացակայություն է, անգամ եթե կան գեղեցիկ երգեր, չունեմ համախոհներ, ովքեր աշխատում են լավ երգեր ստեղծելու համար»:

Երգչուհին նշեց, որ Հայաստանից նեղացած չի մեկնել. «Հայաստանը հայրդ է, մայրդ է, ընտանիքդ, մարդիկ են, ում դու սիրում ես, և նրանցից նեղանալն անհնար է: Արդեն մի քանի տարի է, որ ավելի երկար եմ բացակայում Հայաստանից, բայց աշխատում եմ հաճախ վերադառնալ տուն»:
Ժաննան Հայաստանի հետ կապը չի կտրվում, շփվում է ընկերների և կոլեգաների հետ. «Իմ կոլեգաներից շատերը նաև իմ մտերիմներն են և ընկերները, այնպես որ՝ լինեմ, թե չլինեմ էստրադայում, մեր կապը չի կարող կտրվել»:

Ներկայումս երգչուհին իր երգերով ուրախացնում է ֆրանսիացիներին, իսկ այն հարցին՝ արդյո՞ք ֆրանսիացիները բավարար են վարձատրում՝ Ժաննան այսպես պատասխանեց. «Ֆինանսականից չեմ սիրում խոսել, բայց հարցին կպատասխանեմ՝ այո, վարձատրությունը բավարար է: Այստեղ համերգներ հաճախ են կազմակերպվում, ֆրանսիացի հանդիսատեսը, ինչպես և հայը, սիրում է երգը, գնահատում է և ոգևորում: Իհարկե ունեմ նոր տեսահոլովակ ներկայացնելու ցանկություն և աշխատում եմ դա իրականացնել: Անկեղծ ասած, չեմ կարծում, որ երաժշտությունը պահանջարկի առարկա է»:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի



