Exclusive
«Շանթ» հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակվող «Ուրիշի հոգին» հեռուստասերիալում հաղորդավարուհի Աննա Գևորգյանին այսուհետև փոխարինելու է դերասանուհի Աննա Հարությունյանը։ BlogNews.am-ը փորձել է պարզել, թե ինչու եթեր հեռարձակվելուց 2 շաբաթ անց փոխվեց գլխավոր հերոսուհու դերակատարը։ Ֆիլմի գծային պրոդյուսեր Լիլիթ Կետիկյանը համաձայնեց այս մասին մեկնաբանություն տալ BlogNews.am-ին։

«Ոչ մի խնդիր և կոնֆլիկտ չենք ունեցել Աննա Գևորգյանի հետ։ Պարզապես որոշեցինք, որ նախագիծը պետք է շարունակի պրոֆեսիոնալ դերասանուհի՝ ի դեմս Աննա Հարությունյանի»,- ասաց Լիլիթը։ Հարցին՝ փաստորեն, Աննայի փորձի պակասը խանգարո՞ւմ էր նախագծին, նրա խաղից դժգո՞հ էին, Լիլիթը պատասխանեց. «Խնդիրն այն չէ, որ դժգոհ էինք, ուղղակի Աննա Գևորգյանը մասնագիտությամբ դերասանուհի չէ, իսկ Աննա Հարությունյանը դերասանուհի է»։ Մեր հաջորդ հարցին՝ հնարավոր չէ՞ր այդ ամենը որոշել նախնական քասթինգի ժամանակ, ի վերջո, նախապես գիտեին, որ Աննան ունի փորձի պակաս, Լիլիթը պատասխանեց, որ նախնական քասթինգ եղել է, պարզապես սերիալային ռեժիմը թույլ չի տալիս երկար աշխատել, այն ամեն օր եթերում է։ «Գեղարվեստական ֆիլմի դեպքում երկար աշխատանքը կարող էր արդյունք տալ, սակայն սերիալի պարագայում մենք աշխատում ենք առավոտից մինչ ուշ գիշեր։ Պրոֆեսիոնալ դերասաններն ավելի հեշտ են կարողանում հաղթահարել այդ ծանրաբեռնվածությունը։ Աննա Գևորգյանի մոտ էլ կարող էր հրաշալի ստացվել, եթե մենք ժամանակ ունենայինք»,- ասաց Լիլիթն ու չբացառեց այլ նախագծերի շրջանակներում նրա հետ կրկին համագործակցելը։

Թե՛ Լիլիթը, թե՛ Աննան ասացին, որ որոշումը երկուստեք է կայացվել։ «Ընթացքում հասկացանք, որ այսպես ավելի ճիշտ կլինի։ Ես 2 փոքրիկ ունեմ, և տանը խնդիրներ էին լինում, քանի որ ամբողջ օրը բացակայում էի։ Ես չէի պատկերացնում սերիալի գրաֆիկն ու լարվածությունը։ Իմ կողմից հիմնականում դա էր պատճառը։ Իրենք էլ հավանաբար հասկացան, որ իրենց ավելի ազատ մարդ է պետք»,- ասաց հաղորդավարուհին և նշեց, որ այս ընթացքում ունեցել է այլ առաջարկներ, որոնք մերժել է, սակայն մտադիր չէ տանը նստել, պարզապես պատրաստ չէ աշխատել սերիալի տեմպում։
Ինչ վերաբերում է քննադատություններին, որ այս օրերին հնչում էին Աննայի խաղի վերաբերյալ, նա ասաց, որ քննադատություններ հնչում են ցանկացած մարդու հասցեին։ «Սա իմ առաջին փորձն էր, այնպես չէ, որ ես շատ գոհ եմ, սակայն 2 շաբաթվա ընթացքում փոփոխությունն այնքան մեծ էր, որ ես գոհ եմ աճից»,- նշեց Աննան։



Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի



