Նոյեմբերի 19-ին մեծ էկրան կբարձրանա «Որոգայթ» հեռուստասերիալի մոտիվներով նկարահանված համանուն գեղարվեստական ֆիլմը։ Ռեժիսոր Ռոման Մուշեղյանի ֆիլմում ընդգրկված են մի շարք նոր դերասաններ, այս անգամ ներկայացվելու է նաև գլխավոր հերոսի՝ Հովոյի երիտասարդությունը։ BlogNews.am-am-ը խոսել է ֆիլմի երիտասարդ դերակատարների հետ։
Սարգիս Գրիգորյան
Խաղում եմ Հովոյի դերը՝ երիտասարդ տարիքում։ Ինձ համար հեշտ էր խաղալ այս դերը, քանի որ բավականին երկար ժամանակ խաղացել եմ «Որոգայթում», եղել եմ Հարություն Մովսիսյանի խաղընկերը, ուսումնասիրել եմ նրա խաղը։ Ինձ համար ավելի հեշտ էր խաղալ այս ֆիլմում, քան այն դերասանների համար, ովքեր նոր են ներգրավվել։
Ինչ-որ բաներ նմանեցրել եմ Հարություն Մովսիսյանի մարմնավորած Հովոյին՝ բնավորության գծեր, արտաքին մկանային խաղ և այլն։ Ինձ թվում է՝ ստացված պրոյեկտ է։
Այս ֆիլմը քրեական բարքերի հետ կապ չունի։ Գուցե սյուժեն կապված է դրա հետ, սակայն ասելիքը բոլորովին այլ է։ Բավականին լուրջ աշխատանք է տարվել հրաշալի գործ է արված։ Սյուժեն շատ լավն է, կարծում եմ՝ հետաքրքիր կնայվի։
Սոս Ջանիբեկյան
Խաղացել եմ Գոքորի դերը, ում սերիալում մարմնավորում էր երջանկահիշատակ Գեղամ Խանդիլյանը։ Չեմ ցանկանում համեմատություններ տանել, որովհետև նա այնպես է սիրվել ու գնահատվել, այդ դերն այնպես է մարմնավորել, որ ես չեմ էլ կարող դրան մոտ լինել։ Չեմ էլ փորձում նույնն անել, որովհետև ես այլ մարդ եմ, այլ դերասան։ Ռիսկը մեծ է, իրենից հետո ժողովուրդը դժվարությամբ կտեսնի ուրիշ մեկին, ով խաղում է այդ դերը, ինքս էլ եթե տեսնեի իմ սիրած դերասանի փոխարեն այլ դերասան է ներկայացել, դժվարությամբ հավանություն կտայի նրան։
«Որոգայթին» չեմ հետևել, քանի որ այդ փուլում շատ ծանրաբեռնված էի «Կյանքի գինը» սերիալում, գեղարվեստական ֆիլմերում, սակայն, իհարկե, լսել եմ այդ սերիալի մասին, քանի որ դրա մասին լսել է ՀՀ բնակչության 70%-ը, եթե ոչ ավելին։
Կարելի է ասել, առաջին անգամ եմ հանդես գալիս քրեական դրամայում։ Պատանեկան տարիներից շատ եմ սիրել այդ ժանրն ու շատ եմ դիտել նման ֆիլմեր։ Այստեղ ունեմ խաղարկային շատ լուրջ 2 կտոր, կարծում եմ՝ ես այդպիսի դրություն վերապրած հոգեվիճակով մինչ օրս էկրաններին չեմ եղել։
Ստեփան Ղամբարյան
Հերոսս քրեական աշխարհի ներկայացուցիչ է, խաղում եմ Հովոյի ընկերոջ դերը։ Ես ժամանակին դիտում էի «Որոգայթ» հեռուստասերիալը ու շատ էի սիրում։ Ժամանակին շատ էի ցանկանում ընդգրկված լինել այս սերիալում։ Հետաքրքիր մի բան կա, եթե ինչ-որ բան շատ եմ ցանկանում՝ լինի ֆիլմում նկարահանվել, դերասանի հետ խաղալ, թե այլ, անկախ ինձանից իրականանում է։
Կարծում եմ՝ ֆիլմը կսիրվի։ Ժամանակին այն բավականին բարձր ռեյթինգ ուներ։ Իհարկե, մտավախություն կա, որ գուցե նորը չընդունվի, սակայն ֆիլմը շատ որակով է նկարվել, պրոֆեսիոնալ մոտեցում է ցուցաբերվել։ Կարծում եմ՝ շատ հետաքրքիր, լարված, դինամիկ ֆիլմ է սպասվում մեզ։ Շատ պրոֆեսիոնալ նկարահանումներ էին, լավ ընկերներ ձեռք բերեցի, Գրիշա Աղախանյանի հետ մտերմացանք։
Վարդան Հովսեփյան
Ես մարմնավորել եմ Մհերին երիտասարդ տարիքում (մեծ տարիքում նրան մարմնավորում է Հայկ Խերանյանը), ինչն ինձ համար տարօրինակ էր, քանի որ արդեն մեծ եմ՝ 32 տարեկան։ Ռոման Մուշեղյանն ասաց, որ արտաքին լուծումները կտան, հայելու մեջ նայեցի, տեսա՝ երիտասարդ տղա եմ, այնքա՜ն լավ էր։) Ես և Հայկը արտաքին նմանություն բացարձակ չունենք, սակայն ռեժիսորն այդպես է տեսել։
Ժամանակին ես խաղացել եմ «Որոգայթում»։ Այն ժամանակ մարմնավորում էի հանցագործ աշխարհի ներկայացուցիչ մի տղայի՝ Արամին։ Կարծում եմ՝ հիմա այլ կերպարով ներկայանալը չի խանգարի, քանի որ սա նույն ֆիլմը չէ։ Չի կարելի համեմատել մեկը մյուսի հետ, սա գեղարվեստական ֆիլմ է։ Նաև՝ շատ ժամանակ է անցել և շատերը չեն հիշում «Որոգայթի» սյուժեի մանրամասները, բոլոր հերոսներին։ Դա նորմալ է։
Սուրեն Առուստամյան
Քննիչներից մեկի դերն եմ խաղացել։ Դրական կերպար է, որն իր ազդեցությունն է ունենում բացահայտումների վրա։
Քրեական աշխարհն այստեղ ներկայացվում է գեղարվեստորեն, ինչը նորմալ է. սա ֆիլմ է։ Ես բացասական չեմ նայում նմանատիպ թեմաներին, ես դերասան եմ և պարտավոր եմ մարմնավորել այն կերպարը, որում ռեժիսորն ինձ տեսնում է։
Թեև չեմ խաղացել «Որոգայթ» սերիալում, ինքս էլ չեմ հասցրել հետևել, քանի որ այդ փուլում զբաղված էի այլ նախագծում, այդ սերիալին հետևում էր ամբողջ Հայաստանը, և շատ դրական կարծիքներ եմ լսել։ Եթե այն ժամանակ առաջարկվեր որևէ կերպար մարմնավորել այս սերիալում, կհամաձայնեի։ Ինձ համար հետաքրքիր էր այս ֆիլմը։
Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի