Մեր առօրյան այնքան է վերածվել ռոբոտացման, որ հաճախ ուղղակի ուզում ես հեռու փախչել այդ իրականությունից: Տեսնում ես մարդկանց, հանդիպում հայացքների, որոնք այլևս դադարել են խոսել: Պարզունակության մեջ շարունակ ուզում ես լույս փնտրել և հավատալ, որ քայլում ես փողոցում, ոչ թե ինստագրամում, ժպտալ՝ հուսալով, որ կփոխադարձվես, բայց ոչ ֆեյսբուքյան «սմայլ»-ի տեսքով: Ինքս ինտեգրվել եմ ինտերնետային մոլուցքին, բայց այն, ինչ ներսում արմատավորված է հայ և հայեցի լինելու հետ կապված, գոնե մինիմալ մակարդակով պահել է պետք: Ընկերներիցս շատերը ֆեյսբուքում տեղադրում են այլ երկրների արտադրության ֆիլմեր, երգեր և հիացական կոչերով պրոպագանդում օտարը: Մենք ունենք արժեքներ, որոնց մասին կարելի է խոսել լռելով և ուղղակի հիանալ։ Եկեք այսուհետ պահենք մերը՝ փորձենք խոսել հայերեն, շփվել միմյանց հետ հայեցի կերպով, գնահատել մեզ հետ, մեր կողքին զուգահեռ ապրող մարդկանց աշխատանքը հիմա և այսօր: Իսկապես, ունենք արվեստի այնպիսի ներկայացուցիչներ, ովքեր հրաշքներ են կերտում, և նրանց ուղղակի կենդանի ծափեր են պետք դահլիճներում և թատրոններում, ոչ թե համակարգչից այս կողմ՝ քարացած և ունայն կերպարներ: Ոգևորեք միմյանց, մարդիկ, կյանքն իսկապես կարճ է նեգատիվով պարփակվելու և ներսի անսահմանությունը չսփռելու համար: Օրինակ՝ ավելի հաճախ այցելեք թատրոններ և տեսեք՝ ինչպիսի դերասաններ ունենք նույն ժամանակահատվածում մեզ հետ ապրող, և խոսքն ամենևին էլ տարեցների մասին չէ: Մենք սովոր ենք պատկառելի տարիք ունեցող մարդկանց հանդեպ ունենալ ակնածանք: Երեկվանից տպավորված եմ Երևանի Կամերային թատրոնում բեմադրված «Ամնեզիա» ներկայացումով, որտեղ դերասաններ Ռաֆայել Երանոսյանն ու Լուիզա Ներսիսյանն ուղղակի ապրեցնում են իրենց խաղով և ակամա ստիպում հավատալ, որ դեռ կան մարդկային հարաբերությունների` սիրային քաոսից սկսվող և երջանկությամբ ավարտվող պատկերներ: Գնահատենք մերը՝ իսկականը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել