msheci_hitchhikingՈւրբաթ առավոտ կանուխ շտապում ենք քաղաքից դուրս: Վաղ է, բայց մի քանի միլիոնանոց Բուխարեստում կյանքի եռը հենց վաղ առավոտից է սկսում:
Չսիրեցի այս քաղաքը, մի տեսակ մոխրագույն ու  միանման է, այստեղ մոլորվելն էլ է հեշտ հենց այդ միանման լինելու պատճառով…Ճամփորդողները Բուխարեստը Կոմունիստական  քաղաք են անվանում, թերևս դրականն այն է, որ ռումինացիները բարեհամբույր ու հայերիս պես օտարազգիներին ձեռք մեկնող են:
Մենք շտապում ենք մայրաքաղաքից դուրս տանող հիմնական մայրուղին: Այնտեղից հեշտ է մեքենա կամ բեռնատար գտնելը երկրի մեկ ծայրից մյուսը տեղափոխվելու համար՝ անվճար:
Ավտոստոպ երևույթն այս երկրում հրաշալի է գործում: Մեծից փոքր կարելի է տեսնել մարդկանց, ովքեր փողոցում կանգնած, բթամատը  վեր պահած մեքենա են «որսում»: Իսկ հատկապես օտար ճամփորդի համար սա յուրօրինակ ձև է երկիրն ավելի «խորքից» ճանաչելու համար:
Վարորդները հիմնականում բարի, հասարակ մարդիկ են, ովքեր ձանձրանում են  մի քանի հարյուր կիլոմետր միայնակ անցնելու և ճամփորդներին չեն անտեսում: Նրանց մեջ այնպիսի մարդկանց  կարելի է հանդիպել, որ վերջին հացն անգամ կիսում  են հետդ, պատմում երկրի, ավանդույթների մասին, ամեն ինչ անում, որ սիրես Ռումինիան:
Ավտոստոպ երևույթը ես անվանում եմ կազինո: Երբեք չես իմանա՝ ինչ տեսակի վարորդի կհանդիպես՝ Իտալիայից ժամանած գլամուր դիմահարդարի՞, թե՞ որսորդի, որի բեռնախցիկում վայրի խոզ է և մեքենայից դեռ գալիս է արյան հոտը:
Ավտոստոպը կամ, ինչպես բրիտանացիներն են անվանում, hitchhiking–ն ունի կանոններ, գրված և չգրված օրենքներ, որոնց հետո ավելի մանրամասն կանդրադառնամ: Չգրված օրենքներից է ունենալ ցուցապաստառ, ուր պետք է նշված լինի այն քաղաքը, ուր գնում ես:

Իմ պաստառը միշտ զարդարում էի արևներով ու ժպիտներով, իսկ ահա մեջքիս 15 կիլոգրամանոց ուսապարկը վկայում էր, որ ես յուրային չեմ և հետաքրքիր ճանապարհի ընկեր կարող եմ դառնալ տեղացիների համար:
Օրը մռայլ էր, երբ ես ու մեկ այլ հայուհի ճամփա ընկանք:
-Արփ, ես հաջողակ եմ, ես երբեք երկար չեմ սպասում ճանապարհին, հուսամ՝ այս օրն այդ օրերից է, միայն թե անձրև չսկսվի:
-Ես էլ եմ հաջողակ, մի՛ անհանգստացիր, հիմա հաստատ մեքենա կունենանք…,- և խոսքը չավարտած՝ մի մեծ բեռնատար է կանգնում:
-Բունա,- բարևում եմ ու հետո հարցնում, թե անգլերեն խոսո՞ւմ է և ցույց եմ տալիս պաստառի վրա գրված քաղաքը՝ Brasov: Վարորդը գլխով է անում ու հասկացնում, որ բարձրանանք բեռնատար: Ես ռումիներեն այդքան էլ լավ չգիտեմ, հետևաբար ընկերուհիս է խոսում, հարցուփորձ անում, իսկ ես փակում եմ աչքերս ու մտածում, որ սա ես չեմ, սա ինչ-որ ֆիլմ է…
-Սուրճ կխմե՞ք,- հարցնում է վարորդը:
-Ոչ շնորհակալություն,-միաձայն պատասխանում ենք: Նա կանգնեցնում է բեռնատարը բենզալցակայանի մոտ ու իջնում: Հինգ րոպե անց մոտենում է սուրճի երկու բաժակներով: Հետո ներքևից ձայն տալիս, որ դուռը բացենք և վերցնենք այն:
Շնորհակալություն ենք հայտնում ու վերցնում  սուրճի բաժակները: Օտար երկրում սկսում ես գնահատել ամեն մի լավ արարք ու շնորհակալ լինում դրա համար: Սա մի տիեզերական կարողություն է դառնում՝ շնորահակալ լինել ամեն լավ բանի համար, ինչ հանդիպում է քո ճանապարհին և փոխհատուցել քո բարությամբ, թեկուզ փոքրիկ:
– Ես հայուհիների երբեք չէի տեսել: Հազիվ կկարողանամ քարտեզում ցույց տալ Ձեր երկիրը: Բայց վստահ ասում եմ, որ հայուհիները գեղեցիկ աչքեր ունեն…,-ի պատասխան ամոթխած ժպտում ենք…
Երկինքն ամպամած էր… Սարսափում էի այն մտքից, որ անձրև կարող է տեղալ: Անտառախիտ այդ երկրում, երբ անձրևները սկսում են, օրեր են տևում: Արևահամ երկրի բնակչին դժվար է օրերով արևի երես չտեսնելը… Իսկ մեզ մրսել չի կարելի… Օտար երկրում ոչ ոք չի թակում քո ննջասենյակի դուռն ու նանայով տաք թեյ բերում… Օտարության մեջ դու ես քո գլխի տերը ու դու պարտավո՛ր ես հոգ տանել քո մասին:
-Հասնում ենք Բրաշով,-մտքերս ընդհատում է ընկերուհիս: Ցատկում եմ բեռնատարից, հետո նա տալիս է մեր ուսապարկերը, շնորհակալություն ենք հայտնում ու հրաժեշտ տալիս նրան:
Անձրևի կաթիլները շոշափելի են դառնում: Ես ավելի եմ անհանգստանում այդ մտքից ու մտածում՝ ով կլինի այն բարի մարդն, ով կկանգնի՝  մեզ իր հետ տանելու համար… Մնաց  400 կիլոմետր…
Նոր մակնիշի մեքենա է կանգնում: Սովորաբար լավ մեքենաներ ունեցող վարորդները հազվադեպ են կանգնում ճամփորդներին վերցնելու: Հարուստ մարդիկ վախկոտ են… չեն վստահում… չեն էլ փորձում… Սա բացառությո՞ւն էր:
Վարորդը փայլուն անգլերեն է խոսում: Անձրևը սաստկանում է, մենք արագ տեղավորում ենք ուսապարկերը բեռնախցիկում և նստում մեքենայի մեջ:
Դանիելը 40-ն անց տղամարդ էր: Ճերմակ մազերն արդեն նկատելի էին: Խոսում էր գերազանց անգլերեն, ամերիկյան ակցենտով: Ասես չհավատալով՝ երկրորդ անգամ եմ հարցնում, թե իսկապե՞ս ռումինացի է:
– 18 տարի է՝ ապրում եմ Ամերիկայում: Ծնողներիս տեսակցության եմ եկել: Ռումինիան իմ երկիրն է, ուր էլ ապրեմ միշտ հետ եմ գալիս իմ հողն ու ջուրը:
Այս նախադասությունը միշտ լսել եմ պանդուխտ հայերից…
«Ուր էլ լինես, քո մայր լեզուն…»…
-Իսկ դո՞ւք,- հարցնում է Դանիելը,- Ի՞նչ գործ ունեք Ռումինիայում:
-Կամավորներ ենք, ընկերուհիս դպրոցում է աշխատում, փոքրիկ ռումինացիներին հայկական երգ ու պար է դասավանդում, ես ռադիոյում եմ աշխատում՝ հունգարական:
-Տրանսիլվանիայում հունգարացիները շատ են,-ասում է Դանիելը:
-Ըհը, ասում են իրենց պատմական երկիրն է,- ավելացնում եմ ես՝ առաջ բերելով կոնֆլիկտային հարցը: Միշտ հետաքրքիր է, թե միևնույն հողի համար պայքարող տարբեր ազգերի ներկայացուցիչները ոնց են մեկնաբանում փաստերը: Ու հենց այդ ամենի մեջ ապրելով՝ զուգահեռներ եմ տանում իմ երկրի խնդիրների հետ: Մոտ հարյուր տարի է, ինչ գոյություն ունի այս կոնֆլիկտը հունգարացիների և ռումինացիների միջև, մարդիկ ապրում են իրենց պապենական հողում, բայց փաստաթղթերով այլ երկրի քաղաքացի են: Ատելությունն ակնառու չէ, բայց հրաժարվում են անգամ ռումիներեն լեզուն սովորելուց, ռադիոներով ռումինական երագեր չեն պտտեցնում, իսկ միմյանց միջև ամուսնությունը բարկացնում է հատկապես ազգայնականներին:
Դանիելը պատմում է, թե ինչպես է հայտնվել Ամերիկայում, ասում է չուզենալով  է գնացել.
-Նոր էի ամուսնացել: Կինս երազում էր ԱՄՆ-ի մասին, և ա՜յ քեզ հրաշք, նա Green Card շահեց, ու մեկնեցինք: Սարսափելի դժվար էր, նոր միջավայր՝ ուրիշ կենսակերպով ապրող մարդիկ, այլ արժեքներ: Առավոտից իրիկուն աշխատում էի, դպրոց հաճախում կնոջս հետ, մի խոսքով փորձում էինք ինտերգրվել այդ երկրում: Շատ բարդ էր, ամիսներ անց կինս չէր կարողանում կարոտին դիմադրել: Այն ժամանակ էլ չկար Skype կամ նմանատիպ բաներ, որոնք կարոտը մեղմացնում են… Ամեն ամսվա վերջում ես հասկանում էի, որ ավելի շատ վճարում եմ ԱՄՆ-Ռումինիա զանգերի համար, քան խնայում: Սկսվեցին ընտանեկան վեճերը, կինս ամեն օր տեսարան էր սարքում, ամեն մի մանրուքի համար վիճում էինք: Կյանքս քաոս դարձավ, էլ չէի կարողանում հանդուրժել: Մի գեղեցիկ օր էլ կինս վերջնահաշիվ  դրեց՝ վերադառնում ենք Ռումինիա, այլապես սպառնում էր բաժանվել: Դե մեկ  տարի անցել էր, իսկ ես իմ ապագան ԱՄՆ-ում էի տեսնում և ասացի նրան, որ կարող է գնալ, եթե ուզում է, և ես նրան չեմ հետևելու:
-Չէի՞ք սիրում նրան,-զարմացած հարցնում եմ:
-Դե գիտես, նրա՛ երազանքն էր ԱՄՆ-ում ապրելը, ո՛չ թե իմ: Եթե չսիրեի՝ չէի հետևի նրան, կմնայի իմ հայրենիքում, ուր վատ չէինք ապրում: Չուզեցի նրա խաղալիքը լինել: Կանացի կամակորությունները չեմ կարողանում հանդուրժել, եթե անգամ չափից շատ եմ սիրում:
-Իսկ նա՞...
-Նա գնաց…
-Կապ կա՞, շփվո՞ւմ եք։
-Նա ինձ ատում է, գիտեմ, որ ինձանից հետո մի քանի տարի անց անհաջող ամուսնացավ, հիմա տեղյակ չեմ՝ ինչով է զբաղվում, ոնց է ապրում:
-Իսկ չեք էլ փորձե՞լ հանդիպել… Ի վերջո, ընտանիք եք ունեցել…
-Չէ, երկուսս էլ համառ էինք ու հպարտ:
-Երեխաներ ունե՞ք:
-Ոչ… բայց կուզեի:
-Իսկ երեխայի գործոնը կստիպե՞ր բաժանվել նրանից:
-Երբ տղամարդը որոշում է հեռանալ, նրան այլևս ոչ ոք չի կարող պահել, ես չեմ ափսոսում ոչնչի համար… Իսկ հիմա ես կայացած բիզնեսմեն եմ, ձկնարտադրության ճյուղ ունեմ, էլ մենակ չեմ, ընկերուհի ունեմ, տիպիկ ամերիկուհի է: Չցանկացավ հետս ճամփորդել Ռումիայում: Դե գիտեք, կանա՜յք, իրենց ձևե՜րը, մի խոսքով պրակտիկ չէ նրա հետ ճամփորդելը: Բացի դա, կարծում եմ, որ զույգերը ժամանակ առ ժամանակ պիտի միմյանցից հեռու ապրեն, դա ավելի է մոտեցնում նրանց:
Դանիելի պատմությունն ինձ տանում է հիշողությանս փոշոտ անկյունները: Այն ինձ հիշեցրեց իմ 20 տարեկանը, երբ սիրահարված էի մի նյութապաշտ ու ցնդած նկարչի, ով հեռացավ ԱՄՆ իր երազանքի հետևից՝ ինձ թողնելով միայնակ իմ սիրո հետ: Եվ այո…տարիներ անց ես հասկանում, որ ամեն սեր չէ, որ դիմանում է հազարավոր կիլոմետրերի փորձությանը:
Խիստ ու կարգապահ Դանիելը տարին գոնե երկու անգամ այցի է գալիս ծեր ծնողներին տեսակցության: Առիթն էլ  բաց չի թողնում շրջելու իր սիրելի երկրում.
-Տես՝ ինչ սիրուն անտառներ, սարեր ունենք: Սա իմ երկիրն է, ուր էլ գնամ, իմ միտքն ու սիրտն այս երկրին է պատկանում:

Romania
-Հասկանում եմ…
-Այ դու կուզենայի՞ր ապրել Ռումիայում, ընդմիշտ…
-Սիրում եմ Ձեր երկիրը, բայց չէ… Իմը Հայաստանն է… Իմ սիրտն էլ մեր լեռներում է,-հիշում եմ Սարոյանին:
-Խոսիր ինձ համար հայերեն, երբեք չեմ լսել այդ լեզուն, թեև ԱՄՆ-ում ազդեցիկ հայ ընկերներ ունեմ:
Ես սկսում եմ խոսել հայերեն, ինչ-որ բան պատմում:
– Գեղեցիկ լեզու է, ես կարծում էի՝ կոպիտ լեզու կարող է լինել, բայց քնքուշ է հնչում:
Իսկ օտարության մեջ հայերենով խոսելը սաստիկ ես կարոտում: Քանի անգամներ եմ առավոտյան քնաթաթախ գերմանացի կամ հունգարացի ընկերներիս հետ հայերեն խոսել, հետո էլ ակնկալել, որ պիտի պատասխանեն:
Դանիելին եմ մեկնում հեռախոսս, ուր մեսրոպատառերն են իրենց ողջ գեղեցկությամբ:
-Սա Ձեր տառերն են, ինչ բարդ է թվում: Իսկ Ձեզանից բացի՝ էլ ո՞վ է այս այբուբենն  օգտագործում:
-Միայն մենք՝ հայերս:
Հետո խոսակցությունը սահուն անցնում է հայերի մշակույթի, ավանդույթների ու պատմության շուրջ: Իսկ մենք արդեն մոտենում ենք այն քաղաքին, ուր պետք է հրաժեշտ տանք Դանիելին և այլ մեքենայով հասնենք տուն, որը շատ մոտ է: Դանիելն առանց վարանելու առաջարկում  է մինչև տուն հասցնել մեզ: Հրաժարվում ենք, բայց  նա պնդում է.
-Անձրևը չի դադարել, մինչ հասնեք, կթրջվեք, իսկ դուք օտար երկրում եք, ձեզ ոչ ոք տաք թեյ չի առաջարկելու, եթե հիվանդանաք…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել