Վերջերս ընկերներիցս մեկի հարսանիքն էր, իսկ դրանից առաջ՝ հարսանիքի պատրաստությունները, ինչի ընթացքում էլ ծնվեց այդ հետաքրքիր միտքը՝ պարզել, թե ինչքանով են երգում մեր երգիչները հարսանիքների ժամանակ։ Ու քանի որ այդ ինֆորմացիան խիստ գաղտնի է, և ամեն երթուղայինում դրա մասին չես լսի, որոշեցի ամենաստույգ ճանապարհով ճշտել, թե ով ինչքան գումարով է երգում. փակեցի հեռախոսիս համարը և անձամբ զանգահարեցի բոլոր երգիչներին։ Շնորհակալություն ընկերներիս, որ օգնեցին հայթայթել նրանց համարները։ Բոլորին հարցրել եմ, թե որքան կարժենա 30 րոպեանոց ելույթը, այսինքն՝ 5 երգի արժեքը։

Գուրգեն Դաբաղյան՝ 2500 $

 

Գուրգենին զանգահարեցի առաջինը, պատմեց, որ եկող ամսվա մեջ մի քանի հրավեր ունի Հայաստանից դուրս, ու որ պետք է իր հետ նախօրոք օրը ճշտել։ Ասաց, որ 5 երգը պատրաստ է երգել 2500 $-ով, պատրաստ է «իջնել» ու դեռ մի երգ էլ նվիրել մեզ, բայց քանի որ նա այս ցուցակում ամենացածր գինն ասած երգիչն էր, որոշեցի գին չգցել։)

Սոֆի Մխեյան՝ 4000 $

Սոֆին նախ հետաքրքրվեց, թե ով է վարելու միջոցառումը (միգուցե ընկերուհու համար էր ուզում գործ դզել), ապա ասեց, որ պետք է խորհրդակցի ու նոր կարող է հրապարակել գինը։ 20 րոպե հետո զանգահարեց և ասաց, որ մի երգը կերգի 1000-1500 $-ով ու որ պատրաստ է սակարկելու։ Նշեց, որ մի երգը կնվիրի մեզ։ Այսինքն՝ ստացվեց 4000 $։

Նանա՝ 5000 $, սակարկելուց հետո՝ 4000 $

Ի տարբերություն մնացածի՝ Նանան հարցրեց, թե որ քաղաքում է լինելու հարսանիքը՝ պատճառաբանելով, որ նրան շատ են հրավիրում դրսից։ Ասաց, որ այդ ընթացքում լինելու է Մոսկվայում ու կերգի 5000 $-ով, քանի որ պետք է տոմս առնի վերադառնալու համար։ Եվ քանի որ ես չէի պատրաստվում վճարել նրա տոմսի գումարը, սկսեցի գին գցել, և ի վերջո կանգնեցինք 4000 $-ի վրա։

Մգեռ՝ 4000 $

Սկզբից զանգահարեցի Մհերին, հարցրեցի, թե ինչքանով է պատրաստ երգել իմ հարսանիքին, ինչին նա պատասխանեց, որ անձամբ չի զբաղվում այդ գործերով, ինքը թվեր չի հրապարակում և տվեց իր գործերով զբաղվողի համարը։ Ժոռը՝ նրա գործընկերը, ասաց, որ Մհերը պատրաստ է երգել 4000 $-ով, իսկ եթե ուզում ենք, որ նա նաև վարի միջոցառումը, ապա գումարը կկազմի 5000 $:

Արամե՝ 5000 $, սակարկելուց հետո՝ 4000 $

Արամեի «գինը» պարզելու համար հարկավոր էր կապվել նրա պրոդյուսերի՝ Արտյոմ Հակոբյանի հետ։ Արտյոմն ասաց, որ Արամեն երգում է 5000 $-ով, բայց հաշվի առնելով դոլարի այժմյան կուրսը՝ 500 $ պատրաստ են զեղչ անել։ Ես չէի պատրաստվում հանձնվել ու խնդրեցի մի քիչ էլ զեղչ անել, Արտյոմը պատասխանեց, որ պետք է կապվի Արամեի հետ, որպեզի ճշտի նրանից։ 20 րոպե հետո զանգահարեցի նրան, և Արտյոմն ասաց, որ բացատրել է Արամեին իրավիճակը, և վերջինս պատրաստ է երգել 4000 $-ով։

Արման Հովհաննիսյան՝ 25.000 $

Արման Հովհաննիսյանի պրոդյուսեր Լուսինեն ինձ չարչարեց երեք օր շարունակ, ամեն օր փորձում էր կապվել Արմանի հետ, բայց չէր ստացվում։ Ի վերջո, ինձ հաջողվեց ճշտել երկար սպասված թիվը։ Պարզվում է՝ Արման Հովհաննիսյանը մեր շոու բիզնեսում ամենաթանկ երգիչներից  է և 30 րոպե երգելու համար պահանջում է 25.000 $։

Թաթա՝ 45.000 $ 

Դե, քանի որ Թաթան չափազանց հայտնի է, որպեսզի հասանելի լինի, Թաթայի երգելու գինը ստիպված էի ճշտել ծանոթներիցս մեկից, ում հարսանիքին նա երգել էր։ Պարզվում է Թաթայի պահանջած գումարը պարզապես աստղաբաշխական է: 45.000 $ ընդամենը կես ժամվա համար: Այս ցուցանիշով Թաթան դառնում է մեր շուբիզնեսի ամենաշատ վարձատրվող երգիչը:

Լիլիթ Հովհաննիսյան՝ 4500 $ (3 երգը)

Լիլիթ Հովհաննիսյանը Ձեր հարսանիքին 3 երգը կերգի 4500 $-ով, ինչն ավելի թանկ է, քան ցուցակում առկա աստղերի՝ 5 երգի համար պահանջվող գումարը։

Մնացած աստղերը կամ անհասանելի էին, կամ չէին պատասխանում փակ համարից եկող զանգերին։ Կփորձեմ պարզել նաև նրանց գները և կներկայացնեմ հաջորդ նյութում։

Հ.Գ․ Ուզում եմ ներողություն խնդրել բոլոր նրանցից, ովքեր անկեղծ շնորհավորում էին ինձ իմ հարսանիքի առթիվ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել