Շատերը դադարում են օգտվել երթուղային տաքսիներից, հենց սկսում են երևալ հեռուստատեսությամբ։ Նորահայտ շատ դերասաններ, չնայած այն հանգամանքին, որ ամսական 100.000 դրամ աշխատավարձ են ստանում, ինչը, բնականաբար, չի կարող բավականացնել տաքսիներից օգտվելու համար, գերադասում են տանից դուրս չգալ կամ տանեցիներից պարտքով գումար վերցնել, սակայն չօգտվել երթուղայիններից։ Որոշ հայտնի մարդկանց շրջանցել է աստղային այս հիվանդությունը։ BlogNews.am-ը կրկին ներկայացնում է հայ հայտնիներին, ովքեր, չնայած հեռուստատեսության ոլորտում աշխատելուն, չեն խուսափում օգտվել երթուղայիններից։

Դերասանուհի Արևիկ Գևորգյանը նշեց, որ շատ է կարևորում հասարակության մեջ լինելը, որովհետև այդպես անմիջական կապի մեջ է լինում իր հանդիսատեսի հետ։ «Մենք հենց մարդուց ենք սնվում, որովհետև հետագայում հենց մարդուն ենք ներկայացնում տարբեր իրավիճակներում և պիտի միշտ լինենք հասարակության մեջ»,- նշեց նա ու հավելեց, որ իրենց տունը շատ մոտ է ինստիտուտին, և տաքսիով գնալ-գալն ուղղակի անմտություն կլինի։ «Հասարակության խնդիրներն այնքան մեծ են, որ շատ քիչ են ուշադրություն դարձնում, թե ով ես դու և ինչու ես այդտեղ։ Ես չեմ կոմպլեքսավորվում, երբ երթուղայինում ինձ ճանաչում են։ Միայն սկզբնական շրջանում էի լարվում, քանի որ միանգամից հայտնի դարձա և ուշադրության մեծ քանակությունը չէի ընկալում»,- նշեց Արևիկը։

Դերասան Սուրեն Առուստամյանին ևս կարելի է հանդիպել երթուղայիններում։ «Ես ոչնչով չեմ տարբերվում մյուսներից, ունեմ 2 ձեռք, 2 ոտք... Ի՞նչ տարբերություն, որ էկրանից երևում եմ։ Ես դրա մեջ վատ բան չեմ տեսնում և ավելորդ գոռոզություն չունեմ։ Շատ անգամ չես կարողանում խուսափել խցանումներից, և մետրոն շատ հարմար է։ Երթուղայիններից ևս օգտվում եմ։ Դրա մեջ վատ բան չեմ տեսնում»,- նշեց դերասանն ու հավելեց, որ հայտնի դառնալու «աստղային» պահը հաղթահարել է մոտ 15 տարի առաջ, երբ ինքն ու Կարինան հաղորդում էին վարում։ «Երբ քեզ ճանաչում են, միայն հաճելի է, որովհետև տեսնում ես մարդկանց գնահատականը։ Երթուղային տաքսուց օգտվում են այն մարդիկ, ովքեր երեկոյան նայելու են այն աշխատանքը, որը դու արել ես առավոտյան»,- նկատեց Սուրենը։

Դերասանուհի Տաթև Հովակիմյանը ևս նշեց, որ բացարձակ չի կոմպլեքսավորվում հասարակական տրանսպորտից օգտվելիս և չի թաքնվում հասարակությունից։  «Ինձ հաճելի են նրանց ժպտացող հայացքները»,- նշեց Տաթևը։

Դերասանուհին նշեց, որ երբեմն ստիպված է օգտվել տաքսիներից, քանի որ իրենց տան դիրքն անհարմար է. «Մի փոքր հեռու է կանգառից, սակայն հնարավորության դեպքում օգտվում եմ երթուղայիններից, իսկ ավելի հաճախ՝ մետրոյից։ Շատ եմ սիրում մետրոյով երթևեկել»։

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել