Ամերիկան իր ներկա բացառիկ զարգացմանն ու մոլորակի վրա երբևէ գոյություն ունեցած ամենահզոր պետության այս զորությանն է հասել իր բոլոր քաղաքացիների գիտակցության մեջ նախադպրոցից սկսած մեխվող և իր իրավունքները գիտակցող ու սեփական ազատությունները ոչնչի չստորադասող, դրանց համար պայքարելու պատրաստ ՔԱՂԱՔԱՑՈՒ ձևավորող մեն մի հատիկ գաղափարին իրապես հավատալու և հետևելու շնորհիվ։
Ու այդ գաղափարն է «Liberty and justice for all» (Ազատություն և Արդար(ադատ)ություն բոլորի համար)։
Ասվածից չի բխում, թե Ամերիկայում բոլորը շատ ապահովված են ապրում, և/կամ ոչ մեկի իրավունքները չեն խախտվում, և/կամ հանցագործություններ չեն լինում։ Բնավ։
Բայց ասվածից բխում է, որ Ամերիկայում յուրաքանչյուրն ի վիճակի է իր ինտելեկտի ու մտավոր կարողությունների և մասնագիտական որակների մակարդակով օգտվել երկրի տնտեսական գործունեության ազատության ընձեռնած հնարավորություններից և/կամ իր իրավունքների ու ազատությունների խախտման դեպքում երկրի իրավական համակարգի կողմից իրեն ընձեռնված իրավունքի վերականգնման գործուն մեխանիզմներից։

Հետևություն. քանի դեռ Հայաստանը չի դադարել լինել մի երկիր, որը մի կողմից չի ապահովում իր քաղաքացիների և ոչ մի իրավունք ու ազատություն և մյուս կողմից չունի անգամ անկախության տարրական պայմաններ ապահովող դատարան, որում էլ դատական վճիռները ստացվում են հեռախոսազանգով կամ գնվում են կողմերի միջև անցկացվող բաց աճուրդով, զարգացման որևէ հեռանկար չի ունենա և հայության նպատակներին համապատասխանող պետություն չի դառնա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել