Ներկա համաշխարհային վիճակը ցույց է տալիս, որ ականատեսն ենք լինելու տարբեր քաղաքակրթական աշխարհների միջև դաժան պայքարի, և առաջանում են երկու խոշոր հակամարտող բևեռներ: 
Մի կողմից` անգլոսաքսոնական աշխարհ (առաջատարները` Մեծ Բրիտանիա և ԱՄՆ), մայրցամաքային Եվրոպա (Գերմանիա և մասամբ`Ֆրանսիա), հրեական աշխարհ (Իսրայել), թուրքական աշխարհ (Թուրքիա), սուննիներ (Սաուդյան Արաբիա) և Ճապոնիա: Այս բևեռի գլխավոր դերակատարն անգլոսաքսոնական աշխարհն է, որտեղ Լոնդոնը կառավարման հիմնական կենտրոնն է, ԱՄՆ-ն ռազմական, տեխնոլոգիական և մասամբ ֆինանսական կենտրոնը, հրեաները` ցանցային կապերը և ֆինանսները:
Մյուս կողմից «БРИКС» երկրներն են, որից յուրաքանչյուրն իր քաղաքակրթական «աշխարհում» հանդիսանում է առաջատար (Բրազիլիան` Լատինաամերիկյան աշխարհում, Ռուսաստանը`ռուսական աշխարհում և նախկին խորհրդային տարածքում, Հնդկաստանը` հնդկական աշխարհում, Չինաստանը` չինական աշխարհում և Հնդկաչինում, Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունը` աֆրիկյան աշխարհում), ինչպես նաև Իրանը (շիական աշխարհում): Այս բևեռում գլխավոր դերակատարներ հավակնում են դառնալ Չինաստանը` իր քաղաքական, տնտեսական և տեխնոլոգիական հզորությամբ, և Ռուսաստանը` իր ռազմաքաղաքական պոտենցիալով, ինչպես նաև վերածնվող բարոյական արժեքների կրող հանդես գալու փորձերով:
Երկու կողմերը թաքնված և անթաքույց պայքար են մղում այս կամ այն քաղաքակրթական աշխարհը իրենց կողմը քաշելու կամ էլ այդ աշխարհը ներսից պառակտելու համար: Դրա օրինակներն են` ԱՄՆ-ի ամբիցիաները Լատինական Ամերիկայում` Մոնրոյի դոկտրինի հետքերով, Ուկրաինական ճգնաժամը, Պակիստանի և Հնդկաստանի միջև, ցանկացած պահին, հնարավոր կռվի վտանգը, Չինաստանը ներսից քայքայելու փորձերը, աֆրիկյան շատ երկրների աղետալի վիճակը և կախվածությունը Արևմուտքից, արաբական աշխարհի մի շարք երկրների քայքայումը` Իրաք, Լիբիա, Սիրիա, Եգիպտոսի թուլացումը, ԻՊ-ի ստեղծումը, քրդական հարցի սրացումը, պայքար` ի դեմս Գերմանիայի` մայրցամաքային Եվրոպայի համար, և կամ էլ նրա թուլացումը, մասնավորապես ներգաղթյալների անզուսպ հոսքի պատճառով և այլն: 
Միաժամանակ աշխարհում կարևոր գործոն են հանդիսանում վերպետական և վերազգային կոնկրետ ուժեր, որոնք իրենց զգալի վերահսկողությունն են հաստատել առաջին բևեռի վրա ու մասամբ երկրորդ բևեռի վրա և պատրաստ են ցանկացած պահի հրահրելու մեծ տուրուդմփոց:
Հայաստանը պատմականորեն եղել և շարունակում է մնալ կարևորագույն գործոն աշխարհաքաղաքական տեսանկյունից և գտնվում է մի շարք վերոնշյալ աշխարհների հարևանությամբ և ազդեցությունների շառավղում` Ռուսաստան, Արևմուտք, Իրան, Թուրքիա, Արաբական աշխարհ, Չինաստան: Մյուս կողմից էլ, հանդիսանալով հազվագյուտ ցանցային ազգերից մեկը, մեծ ներուժ ունի վերջիններիս աչքին: Պատահական չէ, հենց նույն Չինաստանի հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ կամ այն փաստը, որ ԵՏՄ մտնելուց հետո էլ Արևմուտքն իր ֆինանսական հիմնասյուների միջոցով (Միջազգային Արժութային Հիմնադրամ, Համաշխարհային Բանկ) անընդհատ տարաբնույթ վարկեր է տրամադրում Հայաստանին…
Ակնհայտ է, որ այս ամենին անհաղորդ են ինչպես «մեր» իշխանությունները, այնպես էլ` կեղծ օրակարգերով ապրող ընդդիմությունը և ակծիվիստները:
Համաշխարհային բարդ իրավիճակը սթափ գնահատելու և հայության համար անհրաժեշտ լուծումներ տալու ունակ Ազգային վերնախավի ստեղծումը ժամանակաշրջանի հրամայականն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել