Lragir.am-ը գրում է.
Կիրակնօրյա նոթեր

Տասնյակ հազարավոր փախստականների, այդ թվում՝ մեծաքանակ սիրիացիների, հոսքը դեպի Եվրոպա աշխարհի ուշադրության կենտրոնում է։
Կադրերը, որ ցուցադրվում են բոլոր հեռուստաալիքներով, երկակի զգացում են առաջացնում. մի կողմից՝ խղճահարություն փախստականների հանդեպ, որոնց համար գերբեռնված նավակներով ծովը կտրել–անցնելն ամեն անգամ հավասար է հրաշքի, մյուս կողմից՝ մտահոգություն, թե եվրոպացիներն ի՞նչ են անելու, ո՞նց են լուծելու տասնյակ հազարավոր ներգաղթյալների խնդիրը:
Միայն թե, ավելի հավանական է, որ դա իմ մոլորությունն է, թե երկակի զգացում կա՝ շատերը Հայաստանում միայն եվրոպացիների մասին են մտածում։

Մի երևույթ, որ նախկինում էլ էի նկատել, բայց արտահայտվում էր առօրյա զրույցների մակարդակով՝ իբր, «սևերը» գրավել են Ֆրանսիան, թուրքերը՝ Գերմանիան, քրդերը՝ Շվեդիան և այլն, այժմ հասել է է հրապարակային ելույթների մակարդակ։

Սեպտեմբերի 8-ին Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդաշարի հյուրերը մտավորականներ էին՝ ինձ անծանոթ մի ազգագրագետ և մի թատերական գործիչ, ում հետ համախոհ եմ բազմաթիվ սկզբունքային հարցերում:
Եվրոպան «փորում է իր սեփական գերեզմանը», «Ֆրանկֆուրտում արդեն 200 ընտանիք է տեղավորված», փախստականներին կայարաններում դիմավորում են Welcome պաստառներով, «Դա աղետ է, որ տեղի է ունենում…»՝ այս բնույթի արտահայտություններով էին նրանք արտահայտում իրենց վերաբերմունքը՝ Եվրոպայի համար տագնապած։

«Եվրոպան կարո՞ղ է քաղաքական խաղի զոհ լինել»,- իր հերթին հարցրեց մեկնաբանը՝ հավանաբար ԱՄՆ-ի «անտեսանելի ձեռքը» ակնարկելով։

Եվրոպան խաղալիք չէ ուրիշ երկրների կամ երկրի (ԱՄՆ-ի) ձեռքին՝ դա դավադրության տեսություն է։ Եվրոպան, ԱՄՆ-ը այսօրվա միաբևեռ աշխարհում գլխավոր քաղաքական պատասխանատուներն են, նաև մերձավորարևելյան ահռելի, ողբերգական հետևանքներով ուղեկցվող փոփոխությունների համար։ Ուրեմն, եթե միայն սիրիական փախստականները հաշվվում են միլիոններով, իսկ պատերազմի վերջը դեռ չի երևում, ինչու՞ պետք է Եվրոպան ևս նրանց ապաստան չտա։

Ես հիշեցի Շվեդիայի վարչապետ Ֆրեդրիկ Ռեյնֆելդի երկու տարվա վաղեմության հարցազրույցը, երբ նա հայտարարեց, որ երեխաների թիվն էլ գնալով պակասում է ծերացող հասարակության մեջ, որ սիրիացիները մյուսների համեմատ հեշտ են ինտեգրվում, որ երկրի՝ բարձր աճ ունեցող արդյունաբերության մեջ զբաղվածների զգալի տոկոսը ծնվել են ուրիշ պետություններում…

Հասկանում եմ, էս տոկոսները, նույնիսկ եթե խոսքը տասնյակների մասին է, դեռ դատարկ բառեր են մեզ՝ սովետական կեղծ ցուցանիշների ու տնտեսագիտական դատարկաբանության մթնոլորտում մարդկանց համար, բայց մնացած աշխարհն ապրել ու ապրում է՝ հաշվարկելով նույնիսկ մեկ-երկու կամ տասնորդական տոկոսները, քանի որ դրանք են որոշում գիտության, կրթության, արդյունաբերության զարգացումը, քաղաքացիների բարեկեցությունը… բանակի պաշտպանունակությունը։

Կարելի է նաև ուրիշ՝ քաղաքական ու քաղաքակրթական փաստարկներ բերել, հիշել, որ, դիցուք, հունգարացիները «գաղթական» ազգ են, նրանց ոչ ոք չի խնդրել քոչել ժամանակին Եվրոպա։

Բայց կարևորը բուն մոտեցումն է. պե՞տք է արդյոք փրկել Եվրոպան, որպեսզի այն փոքրաթիվ սպիտակ բնակչությամբ թանգարան կամ արգելոց դառնա փոքրաթիվ հայ արվեստասերների ու տուրիստների համար. անկախ մեր ցանկություններից, Եվրոպան փնտրում ու գտնում է ելքեր, աշխարհի գիտական, արդյունաբերական ու մշակութային զարգացման առաջատարն է մնում՝ ԱՄՆ-ի հետ միասին, և դեռ երկար կմնա՝ թեկուզև մաշկի ոչ ձյունաճերմակ գույնով բնակչությամբ։

«Հարցազրույց»-ի հաղորդավարը խոսեց մեկ միլիոն փախստականի մասին։ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի երեկ հրապարակած թիվը 160.000-ն է։ Իհարկե, 160.000 հոգին էլ քիչ չէ, բայց Եվրոպայի բնակչության մեկ տոկոսից էլ պակաս է՝ մոտ 0,25%-ն է, մանավանդ որ նրանց մտադիր են հավասարաչափ բաշխել ԵՄ անդամ բոլոր պետություններում։

Եվ կարևորն այն է, որ 25 րոպե տևող հաղորդման ընթացքում կարեկցանքի ոչ մի խոսք չհնչեց փախստականների հասցեին։ Որոնք, եթե մնային իրենց երկրներում, ամեն օր կարող էին զոհվել ռմբակոծություններից, սպանվել էթնիկ ու կրոնական մոլագարների կողմից, վրանային ճամբարներում ու դրանցից դուրս մեռնել սնունդի ու բուժօգնության պակասից։

Հաղորդման մասնակիցներից ոչ մեկը չնույնացրեց իրեն նրանց հետ, թեև որպես փախստական են Եվրոպա և այլ աշխարհամասեր հասել այնտեղ բնակվող հայերի մեծամասնությունը, որոնց մեծ մասը նույնպես չի ունեցել ժամանակի եվրոպական չափանիշներին համապատասխան կրթություն, վարվեցողություն, հագուկապ։ (Անրի Վերնոյի «Մայրիկ» ֆիլմը, համանուն գիրքը՝ վկա)։

Եվ, վերջապես, մտավորականի, արվեստագետի պարտքը, կարծում եմ, թույլի կողքին լինելն է, նախ և առաջ, ուժեղներն իրենց գլխի ճարը կտեսնեն։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել