Ոստիկանները բացեցին Բաղրամյան պողոտան՝ ցուցարարներին նախապես հայտարարված ժամը 5-ից կես ժամ էլ ավել տալով: Բացեցին հատուկ գործողությամբ, քանի որ ողջ գիշերվա ընթացքում «քաղակտիվիստներն» այդպես էլ ականջ չդրեցին մայրաքաղաքի գլխավոր տրանսպորտային ուղիներից մեկն ազատելու բազմաթիվ հորդորներին, համարձակություն չունեցան գոնե իրենք իրենց խոստովանելու վիճակի անհեթեթությունը, երբ փոքրամասնությունը, մեծամասնության անունից ու շահերից խոսելով, սահմանափակում է նույն մեծամասնության իրավունքները: Ոստիկանությունը ստիպված էր վերացնել այս անտրամաբանականությունն ու վերահաստատել տարրական կարգուկանոնը: Ստիպված էր դիմել հատո՛ւկ գործողության, բայց առանց նման գործողություններին հատուկ կոշտության, առանց ավելորդ շարժումների ու ձայնարկությունների: Վստահ, հստակ, պրոֆեսիոնալ… Երևում է, որ մեր ոստիկանությունն իսկապես ոստիկանություն է դառնում: Ու պաշտպանվածության զգացման հետ հպարտություն ես զգում, որովհետև աչքդ հիշում է հեռուստացույցով ու ինտերնետով տեսածը՝ թե նույնպիսի պայմաններում ինչպես են «աշխատում» հույժ դեմոկրատական երկրների ոստիկանները՝ մահակներով, արցունքաբեր գազով, լուսարձակող նռնակներով, շներով… Համեմատում ու լավ ես զգում քո Հայաստան երկրի համար: Ու նաև վատ ես զգում, որովհետև նույնիսկ այս հաղթած համեմատության դեպքում էլ «քաղհասարակայինները» փառաբանելու են այդ վայրի ոճով ոստիկաններին ու հայհոյելու են մերոնց: Որովհետև հզոր է «դեմոկրատիայի» հիպնոսը, գեղեցիկ են սուտ խոստումները, ու շատ է նրանց փողը, և մեզանում կան քաղպրիմիտիվներ, որ մոլորված հորթի հայացքով հետևում են, թե իրենց ինչպես են խաբում, և ցնծում են խաբված լինելու համար: Ոստիկանության այս անթերի գործողության ֆոնին ահա այսպիսի տխուր մտքեր, որոնց պատճառի դեմ միայն ոստիկանությունը չէ, որ պիտի պայքարի, այլ ողջ ժողովուրդը, որովհետև հիվանդացած «քաղհասարակությանը» բուժելը հենց ժողովրդի գործն է, հակառակ դեպքում մեր փողոցների այս անհեթեթ «փակում-բացումը» շարունակվելու է…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել