Չարամիտ դիտավորություն և ակնհայտ հանցագործություն՝ հանցանքն իմանալ-չհայտնելու մասին

Ինչ-որ մի քրեական հդված կա, թե հոդվածի ենթակետ՝ հանցագործության մասին իմանալ-չհայտնելու վերաբերյալ: Նաև մի օրենք էլ պետք է լինի՝ աշխատավարձերի վճարումից չարամտորեն խուսափող ձեռնարկատերերին պատասխանատվության ենթարկելու մասին. համենայն դեպս, Եվրասիական միության անդամ Ռուսաստանում կա ինչ-որ նման օրենք: Բայց այդ օրենքները հաստատ Հայաստանում չեն գործում (առաջին օրենքը հաստատ կա) կամ լավագույն դեպքում գործում են օրենքներն իրենց ձեռքում կենտրոնացրած ու մահակ դարձրած պաշտոնյաների ցանկության ու նպատակահարմարության դեպքում. նայած, թե քաղաքական «քամիները» որ կողմից են փչում տվյալ պահին, և ում է պետք պատժել, ում՝ «դաբրո տալ»: Համացանցը հեղեղված է Վանաձորի քիմգործարանի աշխատողների բողոքների մասին պատմող տեսանյութերով ու հրապարակումներով, մարդիկ ամիսներ, տարիներ շարունակ աղաղակում են «երկինքն ի վեր», որ աշխատավարձերն ուշացնում են, տնօրինությունը չարամտորեն խուսափում է աշխատավարձերը ժամանակին վճարելուց (իսկ ո՞վ է սեփականատերը՝ աշխատողները չգիտեն, բայց կառավարողները հո գիտե՞ն, ու եթե չեն հայտնում, թե ով է նա, սա արդեն հանցանք իմանալ-չհայտնելու հոդված է կամ հանցագործի հետ հանցավոր համաձայնության գալու: Բա ինչո՞ւ այդ հոդվածը չի կիրառվում, թե՞ այն միայն շարքային «ջիբգիրների»համար է նախատեսված):

Երեկ էլ հերթական անգամ սեփականաշնորհված համալիրի օտարերկրացի տնօրենն էր հեռուստաեթերից դարդակալած ծխելով ելույթ ունենում ու զարմանալիորեն մաքուր ու գրական հայերենով բացատրում, որ ինքն էլ աշխատողների նման մի աշխատող է՝ «վարձու մարդ» (իր իսկ խոսքով), ու ինքն էլ չգիտի, թե երբ կլինեն աշխատավարձերը, բայց սեփականատիրոջ անունը չհայտնեց՝ պատճառաբանելով, թե նա հիվանդ է ու ի վիճակի չէ նման հարցերով զբաղվել (ո՞վ էդքան աշխատավարձ «ուտի», որ չհիվանդանա, ո՞վ էս կառավարւթյան հետ աշխատի, որ դիմանա, օրերս էլ կառավարության մի աշխատակից է ինքնասպանության փորձ արել, ու, բարեբախտաբար, հասցրել են փրկել կյանքը:-Գ.Հ.): Տնօրենը նաև համոզեց սպասել մինչև սեպտեմբերի 24-ը. ուրեմն սկզբում ասում էին՝ մինչև հուլիս սպասեք, մինչև «Նաիրիտի» հարցի լուծումը, հետո մինչև մարզպետն արձակուրդից գա, մինչև սեպտեմբեր, հիմա էլ սեպտեմբերի մեջ ժամկետ է սահմանված ամսի 24-ը. հետո էլ նոր սցենար կգրեն՝ «Երբ գալիս է սեպտեմբերը», ու էլի մի քիչ կձգեն՝ հուսալով, որ մի քանիսը կամ չեն դիմանա, կամ ձեռքները թափ կտան ու կհոգնեն պայքարից մոտալուտ ձմռան շեմին... Ու պարզվում է՝ էդ «խիղճը ցուրտը տարածները» 20 միլիոն դոլար են պարտք համայնքին, բյուջեին, աշխատողներին... Եթե մի շարքային քաղաքացի հանկարծ հոսանքի վարձն ուշացնի կամ տվյալ ամսում չմուծի, հոսանքն անպայմն կանջատեն, հետո չմուծումները  շարունակվելու դեպքում դատարան կդիմեն, իսկ այս պարագայում «չտեսնելու» են տալիս հանցագործին ու ասում՝ «ինքը հիվանդ է»: Ի՜նչ լավ է,  չէ՞... Սա երևի նոր քաղաքականություն է 2005 թվի «բարեփոխված» սահմանադրությունից հետո, հիմա եթե 2015 թվին նորից պատրաստվում են «բարեփոխել» սահմանադրությունը, կարող է էն ժամանակ էլ Զիմզիմովի նման ասեն՝ «Մենք ձեզ վուչինչ պարտք չենք». մանավանդ, որ անընդհատ «զավտրի» ու «պոսլե զավտրի» ասելով՝ խաբում են: Ի վերջո, ո՞վ է այս գործի մեղավորն ու պատասխանատուն, ինչո՞ւ սեփականատիրոջ անունը գաղտնի է պահվում. միգուցե նրա համար, որ հանկարծ սևագործ բանվորներն ու «դավադիր» լրագրողներն իրենց «կեղտոտ թաթերով» չդիպչե՞ն նրան ու ավելի մեծ գաղտնիքների մեջ փորձեն խորամուխ լինել... Ի՞նչ իմանաս՝ «ում պոչն ում տակ է»: Իսկ մեկ տարի առաջ նույն կառավարության անդամները հավաստիացնում էին, թե Մերձբալթիկայից գնորդ է հայտնվել քիմգործարանի համար, ու շուտով աշխատավարձերը կվճարվեն, գործարանն էլ կաշխատի: Բայց հիմա բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ «Նաիրիտի» նման այս գործարանն էլ են վերջնականապես քայքայելու ու «կոնսերվացնելու». միգուցե «դրսի» ինչ-ինչ ուժերի «դաբրոյով»՝ դրա դիմաց վարկեր ու դրամաշնորհներ հատկացնելու պայմանով: Ինչ-որ ուժերի ձեռնտու չէ, որ երկրում խոշոր արդյունաբերություն զարգանա:

Այս ամենի արդյունքում ո՞ր մի խելքը գլխին մարդը, այդ ամենից տուժած, կդիմանա գայթակղությանն ու առնվազն մտքի մեջ չի հայհոյի անկախությունն էլ, նրա շնորհիվ պաշտոններ ձեռք գցած որոշ ապաշնորհների էլ ու ասի՝ «տո ձեր անկախությունն էլ, եվրասիականն էլ հետը, իրենք ամբողջ օրը դուբայներում ու Կանարյան կղզիներում քեֆ են քաշում, մենք ամիսներով մեր դատած փողն էլ չենք կարողանում ստանալ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել