Կյանքում ամենասարսափելին այն չէ, ինչ անում ես դու, այլ այն, ինչն անում ես առանց քո կամքի և համոզման, անում ես որպեսզի արած լինես։ 
Կյանքում, երբ սկսում եմ ապրել ինձանից դուրս ինձ փնտրելով, ճամփա եմ հարթում անհստակության։ Եվ չկա ավելի սարսափելի բան, քան անորոշությունն է, երբ անգամ քեզ համար պարզ չէ, թե ով ես դու։ Քանզի եթե ես չգիտեմ՝ ով եմ ես, չգիտեմ՝ ինչ եմ ուզում, եթե դա չգիտեմ, նշանակում է՝ չգիտեմ նաև ինչ է նպատակս, եթե դա էլ հստակ չէ, ամբողջ կյանքը դառնում է անիմաստ շրջապտույտ 365-օրյա շրջանակի մեջ անընդհատ դարձող, մինչև որ մի օր կանգ առնի առհավետ, և սկսվի մի նոր՝ հավերժի ճամփորդությունը։
Ցավով եմ նկատում, որ նրանք, որոնց նպատակն է Հայաստանն առանց հայերի, արդեն իսկ հաջողացրել են, քանի որ մարդկային այն փոխհարաբերությունը, որն առկա է այսօր մեր Սրբազան Երկրում, դադարել է մարդկային լինելուց, այլ ավելի կատաղած ջունգլային կյանք է հիշեցնում։ Բավական է միայն մի պահ ուշադրություն դարձնենք մեր փողոցների երթևեկին համոզվելու համար դրանում։ Եթե մարդիկ դադարել են իրար սիրելուց՝ որպես մարդ, հարգելուց, եթե զրկվել են ներողամտությունից, ազնվությունից՝ կորցնելով իրենց բոլոր առաքինությունները, ի՞նչ կարող ենք սպասել նման միջավայրից։ Ոչինչ։ Ոմանք կարծում են, եթե ինչ-որ աղանդավորական շարժման հետևեն, կդառնան կատարյալ մարդ, սակայն ամենափոքր փորձության ժամանակ իսկ բացահայտում են իրենց ճշմարիտ դեմքը։ Հիշում եք, ամիսներ առաջ Եհովայի վկաները, որոնք իբրև այնքան աստվածասեր և աստվածավախ են, որ զենք չեն վերցնում իրենց ձեռքը և չեն ծառայում բանակում, հարձակվելով հայ քահանայի վրա հայտարարել էին՝ «Կոկորդդ կկրծենք»։ Ուրեմն, հնարավո՞ր է մարդուն փոխել՝ դարձնելով նրան այս կամ այն գաղափարախոսության կամ կրոնի հետևորդ։ Անշուշտ, ոչ։ Գաղափարը ստեղծվում է մարդու համար, բայց ոչ մարդը՝ գաղափարախոսության։ Ամենավեհ գաղափարը գրոշի արժեք ունի, եթե այն մատուցում ես մեկին, ով դրա գինը կամ արժեքը չգիտի։ Այսօր ամեն մեկն իրեն իրենց դուրս է փնտրում։ Իր սխալների համար մեղադրելով ուրիշներին, բայց ոչ ինքն իրեն։ Եվ ստացվում է ի՞նչ. իմ անհաջողության համար մեղավոր են բոլորը, սակայն ոչ ես։ Ակամայից մտաբերում եմ մի պատմություն, որ կարդացել էի Վարդգես Պետրոսյանի «Հայկական էքսիզներ» գրքում։ Երբ Անդրանիկը պատե՚ազմի ամենակրիտիկական պահին գալիս է Ղարս, ոգեշունչ ճառով կոչ անում տղամարդկանց անկախություն և երկիրն ազատելու համար զինագրվել և իր հետ մեկտեղ գնալ ընդդեմ թուրքերի՝ վերջում հայտարարելով՝ ով կամենում է թող գա իմ ետևից, կայարանում գնացքներն սպասում են։ Սկզբից մի ամբողջ գունդ է հավաքվում, սակայն մինչև կայարան են հասնում, մնում են միայն մի քանիսը։ Զորավարը հիասթափված թողնում-հեռանում է։ Երբ այս պատմությունը վերջերս վերընթերցեցի, մտածում էի՝ որտեղ է Գրիգոր Լուսավորչի և Տրդատի մեղքը, որ նրանց քայլի պատճառով մեր ժողովուրդը կորցրեց իր ինքնությունը, ինչպես ոմանք են կարծում՝ նաև պետականությունը։ Մեր մեղքը նրանում է, որ ամեն մի իշխան, այսօր էլ իշխանավոր չի ապրում հավաքական «մեր»-ի գիտակցությամբ, այլ նրա համար կարևոր է իր անհատական ես-ը։ Այստեղից էլ օգտվում են բոլոր նրանք, որոնք դյուրությամբ կարողանում են խաղալ մեզ հետ։ Երբ ընթերցում ես պատմության էջերը, տեսնում ես, որ հայն իր քաջությամբ փայլել է ամենուր։ 7-րդ դարում, երբ դեռ Կիև քաղաք գոյություն չուներ, այդ նույն տեղում զորակայան հիմնեց հայկական բանակով Սմբատ Բագրատունի հայոց իշխանը, որը պահպանում էր ոչ թե իր հարազատ Հայոց աշխարհի սահմանները, այլ Բյուզանդական կայսրության։ 4-րդ դարում, երբ մենք քրիստոնյա էինք, Կոնստանտին կայսրի խնդրանքով հայոց արքան բանակ է ուղարկում Հարավային Գերմանիա՝ ճնշելու բավարացիների բարձրացրած ապստամբությունը։ Այդ ժամանկ, երբ մենք նորից քրիստոնյա էինք, հայոց բանակի առաջնորդն այնպիսի քաջագործություններով աչքի ընկավ, որ առ այսօր գերմանացիները հիշում են նրան՝ Հերման Արմինիուս անունով (ֆուտբոլասերները թերևս իմանան, որ Գերմանիայում Արմինիա անունով ֆուտբոլային խումբ կա)։ Ուրեմն քրիստոնեությունը չէր մեր դժբախտությունը, այլ այն, որ մենք միայն այլոց մեղադրելու մեջ գտանք մեր կյանքի նպատակը, այլ ոչ թե անելու այն, ինչը կարող էր զորացնել մեզ։ Ազգը ազգ է իր միասնականությամբ, իր բարոյականությամբ, իր ավանդապաշտությամբ, իր նվիրվածությամբ և ամենակարևորը՝ իր՝ հանուն հայրենիքի պատրաստ լինելու զոհաբերությամբ, բայց ոչ երբեք՝ մորթապաշտությամբ։

Գիտե՞ք, որ աշխարհում առաջին մարդը, որը ծրագրում էր Հայաստանն առանց հայերի գաղափարը, եղել է իբրև թե հայ՝ Մորիկ կայսրը։ Քրիստոնյա։ Նա էլ հայ քրիստոնյա էր...
Ցավում եմ, որ այսօր հայտնվել ենք այնպիսի մի կացության առաջ, որ փոխանակ մտածենք մեր երկիրը ոչ թե ամպագորգոռ բառերով կամ կենացներով ապրեցնելու մասին, այլ երկիր դարձրած առաջխաղացում ապահովելու, մեր իսկ ձեռքով մենք ինքներս մեզ օտարում ենք իրարից։ Մենք օտար ենք քաղաքական դաշտում, մենք օտար ենք հավատքի դաշտում, մենք օտար ենք բարոյականության դաշտում, մենք օտար ենք հայացքների մեջ, մենք ընդհանրապես դարձել ենք օտար իրարից և այդ բոլորը, որովհետև մեզ մեզնից խլեցին՝ տեղը թողնելով ոչինչ...
Ակամայից մտաբերում եմ Հովհաննես Թումանյանի հրաշալի միտքը. «Հայերս ոչ թե գաղափարն ենք մտցնում մեր գլխի մեջ, այլ մենք ենք մտնում գաղափարախոսության մեջ»։ Գիտե՞ք ջայլամը, երբ գլուխը մտցնում է ավազի մեջ, իրեն թվում է, թե ոչ ոք իրեն չի տեսնում։ Ցավոք, այսօր մենք հայտնվել ենք այդ վիճակում։ Ամեն տեղ անտարբերություն, ամեն տեղ իմիջիայլոցություն, ամենուր բարոյական կերպարի ահավոր անկում։ Արդյոք սա պատահակա՞ն է։ Ոչ։ Կարծում եմ՝ այսպիսի վիճակում էինք նաև այն ժամանակ, երբ կորցրինք մեր միաստվածության հավատամքը և հայտնվեցինք բազմաստվածության ծոցում այնպես, որ չհասկացանք՝ ինչպես անհայտացավ Արատտան, ինչպես վերացավ հուրիների երկիրը, ինչպես կորավ Ուրարտուն, ինչպես վերացան Երվանդունիները, ինչպես կորցրին հայկական Արտաշեսյան հարստությունը-դինաստիան և երկիրը հանձնեցինք պարսիկ Արշակունիներին։ Եվ այս ամենն առանց Գրիգոր Լուսավորչի և Տրդատի, ոչ էլ Վարդանանց «մահ իմացյալ անմահությունն է» նշանաբանի։
Հիշե՜ք, ամեն անգամ ենք կորցնելու, չզարմանանք և ընդհանրապես ենք կորելու, քանի որ մեր բռնած ուղին ոչ թե կյանքի, միասնականության և զորացման ուղին է, այլ անամոթության, անբարոյականության և սրբապղծության։ Քանի դեռ ամբողջությամբ չենք ուշացել, լավ կլինի իրար դեմ գործելու փոխարեն գործենք իրար հետ՝ պահելով մեր սրբությունները ոչ թե խոսքով, այլ՝ գործով... 
Աղոթարար 
Կոմիտաս վարդապետ Հովնանյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել