Կենդանաբանական այգին արդեն մեկ շաբաթ է՝ անտերության է մատնվել. տնօրեն Ռուբեն Խաչատրյանը գործուղման մեջ է, իսկ տնօրենի պարտականությունները, ենթադրվում է, դրված են փոխտնօրենների վրա, որոնցից Մ. Մանուկյանը, ով իր թերի կրթությամբ տնօրենի գիտական գծով տեղակալն է, գտնվում է Միացյալ Նահանգներում, իսկ մյուսը` Գ. Սարգսյանը, Աստված գիտի թե որտեղ:

Սակայն զարմանալի չէր Ռ. Խաչատրյանի նման գործելաոճը, հատկապես երբ ունկնդրում ենք FM 106.5 ռադիոյին նոյեմբերի 14-ին տրված հարցազրույցը. «…Անկեղծ ասած՝ ես ինձ պրոֆեսիոնալ այս ոլորտում չեմ համարում: Ես ինքս մասնագիտությամբ կենսաբան չեմ կամ կենդանաբանական այգիների աշխատանքում փորձ չունեմ, փորձ ունեմ վայրի բնության մեջ աշխատելու` վայրի կենդանիների հետ աշխատելու, ֆիլմեր նկարահանելու կենդանիների մասին, կրթության ոլորտում փորձում եմ բավականին եւ հասարակական գործունեությամբ…»: Հիշեցնենք, որ նա ռեժիսոր Հարություն Խաչատրյանի որդին է: Իսկ թե ինչ գործ ունի նման սիրողական մակարդակի տնօրենն այգում, կարծում եմ՝ պատկան մարմինների քննարկման առարկա է:

Նման աշխատաոճի արդյունքում շուրջ մեկուկես տարվա ընթացքում իրենց «դիմումների համաձայն» աշխատանքից ազատվել են ավելի քան 70 աշխատակիցներ, ինչը պետք է նաեւ հայտնվեր Հայաստանի Հանրապետության աշխատանքի պետական տեսչության ուշադրության կենտրոնում:

Բնականաբար, հարց է առաջանում, թե ինչո՞ւ այդ աշխատակիցները, որոնք զոհ են եղել տարբեր խաբկանքների ու շանտաժների եւ զրկվել են աշխատանքից, չեն դիմել դատարան` իրենց իրավունքները վերականգնելու համար: Պատասխանը տրամաբանական է` նույնիսկ երեք ամսվա աշխատավարձը բավարար չէ փաստաբանական ծառայությունների դիմաց վճարելու համար, նրանք ուղղակի փրկել են իրենց երկար տարիների բարի համբավը:

Նոյեմբերի 26-ին Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվում էր Անահիտ Գալստյանի հայցն ընդդեմ «Երեւանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի (որի տնօրենն է Ռուբեն Խաչատրյանը)` աշխատանքում վերականգնելու պահանջի մասին: Երրորդ դատական նիստն էր: Չնայած այն հանգամանքին, որ այգու պատասխանատուները, ինչպես միշտ, թռած են, ի զարմանս ինձ, դատական նիստին «Կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի ներկայացուցիչը` փաստաբանը, ներկայացել էր: Սակայն զավեշտալին այն էր, որ պատասխանող կողմը երեք ամիս անց դատական նիստի է ներկայանում անպատրաստ, այն դեպքում, երբ դեռեւս ս.թ. սեպտեմբերի 26-ին պատասխանող կողմը միջնորդել էր հայցադիմումին պատասխան ներկայացնելու ժամկետը երկարաձգել, ինչը դատարանը բավարարել էր:

Այս անգամ պատասխանող կողմը ներկայացավ հայտարարությամբ, որով առաջարկեց հաշտության համաձայնագիր կնքել եւ միջնորդեց դատարանին` դատական նիստը հետաձգել: Պատասխանող կողմը չուներ հստակ առաջարկ եւ ակնկալում էր, որ կողմերը քննարկեն հաշտության համաձայնագրի կետերը: Հայցվոր կողմն առարկեց միջնորդությանը, քանի որ հայտարարությունը նախ՝ վստահություն չէր ներշնչում եւ երկրորդ՝ ավելի շատ նպատակ էր հետապնդում դատական նիստը հերթական անգամ հետաձգելու: Ուստի դատարանը բավարարեց հայցվոր կողմի միջնորդությունը, եւ դատական նիստը կայացավ…

Հայցվոր կողմը դատարանին ներկայացրեց հայցային պահանջները, ինչպես նաեւ դրանք հիմնավորող փաստական եւ իրավական հիմքերը` «Կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի տնօրեն Ռ. Խաչատրյանի կողմից թույլ տրված անօրինականությունները` անհիմն նկատողություններն ու աշխատանքից ազատման հրամանները, ինչպես նաեւ հայցի պահանջը, այն է՝ հայցվորին վերականգնել աշխատանքում: Այնուհետեւ պահանջեց, որ պատասխանող կողմը հիմնավորի եւ ապացուցի իր գործողությունների օրինականությունը: Հաջորդ նիստին կողմերը համապատասխան ապացույցներ կներկայացնեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել